Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպանը

12:57, 31 օգոստոսի, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նգո Դիկ Մանը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:

Նշելով, որ Վիետնամի հետ ձեւավորված են բարեկամական, գործընկերային հարաբերություններ՝ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ իր գործունեությամբ նորանշանակ դեսպանը կնպաստի երկու երկրների միջեւ փոխգործակցության օրակարգի առավել ընդլայնմանը: