Արման Մկրտումյանի առանձնատան գործով Հովհաննես Ռիժենկոն կալանավորվել է

10:36, 1 սեպտեմբերի, 2018

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատանը տեղի ունեցած միջադեպի գործով օգոստոսի 28-ին ձերբակալված Հովհաննես Ռիժենկոյին մեղադրանք է առաջադրվել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ  կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նշենք որ օգոստոսի 31-ին հայտնաբերվել է նաև գործով մյուս կասկածյալը՝ Մայիս Մկրտչյանը: Սոնա Տռուզանի փոխանցմամբ`վերջինս  ձերբակալվել է և հարցաքննվել, մատնացույց արել ինքնաձիգերի տեղը, որոնք հայտնաբերվել են: Խոսքը հանցագործության ենթադրյալ գործիքների մասին է:

Նշենք, որ ավելի վաղ  ոստիկանությունը հայտնաբերված երկրորդ անձի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել ու հայտնել, որ վերջինս  ծառայում է ոստիկանությունում, ինչպես նաև տեղեկացրել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հարակից դաշտում, որտեղ հայտնաբերվել է Մայիս Մկրտչյանը, հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգ և «Մակարով» ատրճանակ, որոնք, նախնական տվյալներով, հանցագործության գործիքներն են։

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի`Ձորաղյուրում գտնվող առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները: Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Արման Մկրտումյանն ու վերջինիս որդին դուրս են եկել բակ, և զինված անձանց կողմից, ըստ գործի  նյութերի, ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։

Միջադեպի ընթացքում վնասված է ստացել նաև Արման Մկրտումյանը: Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ: Միջադեպից անմիջապես հետո Հովհաննես Ռիժենկոն, ում դեպքի ժամանակ վնասազերծել են Արման Մկրտումյանն ու վերջինիս որդին, ձերբակալվել էր ու ցուցմունք տվել: Երեկ, փաստորեն, ձերբակավել է նաև երկրորդ կասկածյալը:

Ինչ վերաբերում է երրորդ կասկածյալին, վերջինիս ինքնությունը պարզ է, սակայն դեռևս չի հայտնաբերվել. նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում: