Կրակոցներ Վաղարշապատում

14:35, 1 սեպտեմբերի, 2018

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց, որ քաղաքապետարանի մոտ վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են հնչում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ Վաղարշապատի Մաշտոցի փողոցում՝ նախկին կինոյի շենքի դիմաց, անհայտ անձինք վիճել են, որի ընթացքում դեռևս չպարզված զենքից կրակոցներ է արձակվել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ և ռետինե մահակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության մասնակիցներից մեկը եղել է երևանցի, 43-ամյա Ռոլանդ Ա.-ն, որը տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Վաղարշապատի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է:

*** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: