Սուրեն Պապիկյան. «Ունենք ուռճացված համակարգ. կառավարությունը ստիպված է գնալ ցավոտ կրճատումների»

15:24, 3 սեպտեմբերի, 2018

«Հետք»-ի հարցերին պատասխանում է Տարածքային կառավարման և զարգացման  նախարար Սուրեն Պապիկյանը

Պրն նախարար, Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում շատ լրջորեն պետք է զբաղվեն բարեփոխումների լայնածավալ գործողություններով: Ի՞նչ բարեփոխումներ են նախատեսվում տարածքային կառավարման մարմիններում:

Այս տարվա նախատեսված պլանով մեր առաջին քայլը պետք է լինի տարածքային կառավարման մասին օրենք ունենալը: Նախկինում մարզպետարանների գործունեությունը կարգավորվել է նախագահի հրամանագրով: Նոր Սահմանադրությամբ դա այլևս հնարավոր չէ, դրա համար մենք պետք է ունենանք տարածքային կառավարման մասին օրենք, որը կարձանագրի եղած իրողությունները: Համապետական ընտրություններով պայմանավորված` համայնքների խոշորացումն ուշանում է և աշնանը տեղի չի ունենա։ Ուստի, այս պահին չենք կարող անցնել բարեփոխումների հաջորդ փուլին, այն է՝ մարզպետարանների որոշ լիազորությունների պատվիրակմանը խոշոր համայնքներին։ Բացի այդ, դեռ պետք է փոփոխություններ անենք Ընտրական օրենսգրքում, որը ենթադրում է նաև առաջին հերթին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ։ Այնուամենայնիվ, շատ եմ կարևորում տարածքային կառավարման մասին օրենքի և համայնքների խոշորացմանն առնչվող բարեփոխումները։ Չեմ բացառում նաև, որ տարվա վերջին հասցնենք խոշորացված համայնքներին պատվիրակել որոշ լիազորություններ։ Գոնե պիլոտային տարբերակով որևէ մարզում դա կունենանք: 

Գործող համայնքապետերը հիմնականում Հանրապետական կուսակցության անդամներ են: Բարեփոխումների ի՞նչ սկզբունքներ կկիրառեք նրանց հետագա աշխատանքի առնչությամբ: 

Համայնքների ղեկավարներին կուսակցականացնելու կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դարձնելու պլաններ չունենք: Անկախ նրանից, թե Հայաստանում  համայնքապետերը կուսակցական ինչ պատկանելություն ունեն, մեզ համար էական է նրանց գործունեության իրավականությունը: Երբ մենք խոսում էինք Հայաստանում իրավական համակարգ հաստատելու մասին, չէինք ասում, որ համայնքապետերն անպայման պետք է լինեն մեր կուսակիցներն ու գործընկերները: Մենք ասում էինք, որ իրավական համակարգը պետք է գործի բոլորի համար: Նրանք, ովքեր չեն գիտակցի և չեն հասկանա դրա կարևորությունը, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Իհարկե, պատկան մարիններն ամենօրյա  ռեժիմով դրանով զբաղվում են: Ասել, թե՝ գիտեք, տվյալ համայնքապետն այսինչ կուսակցությունից է, սա չէ խնդիրը: Խնդիրը համայնքապետի գործունեության` իրավական նորմերին համապատասխանությունն է և պատկերացումները վաղվա Հայաստանի մասին: Սա այլևս նոր, իրավական Հայաստանն է: 

Հնարավոր չե՞ք համարում, որ մարզպետները և հանրապետական համայնքապետերը սպասվող ԱԺ ընտրություններին իրենց կուսակցությունների համար այս կամ այն կերպ քվեներ կհավաքեն: 

Ես չեմ բացառում, որ այլ կուսակցությունների կողմից գուցե նման փորձեր արվեն: Բայց ես խոսեցի մեր նոր իրավական երկրի մասին, մեր պատկերացումների մասին: Հայաստանում սահմանադրական իրավական կարգը տապալելու կամ շրջանցելու ցանկացած փորձ խստագույն ձեւով պետք է պատժվի: Անկախ նրանից` որ կուսակցության ներկայացուցիչն է դա անում կամ ինչ պաշտոն է զբաղեցնում, լինի նախարար, մարզպետ, թե համայնքապետ: Սա հստակ է: 

Ի՞նչ բարեփոխում եք իրականացնելու համայնքային բյուջեների ծախսերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար:   

Շատ ուշադիր հետևելու ենք: Եվ գաղտնիք չէ, մենք ամեն օր մամուլում տեսնում ենք, որ հենց այդ նույն ծախսային մասի կամ առկա միջոցների չարաշահումների պատճառով այս կամ այն համայնքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այդ քրեական գործերի ներքո կան հսկայական չարաշահումներ: Մենք այս հարցում հետևողական ենք և, բնականաբար, չենք հանդուրժելու նմանատիպ վարքով կամ թեկուզ անցյալով որևէ համայնքապետի գործունեություն: Բայց այդ ամենը լինելու է իրավական համակարգի սահմաններում: 

Դուք հիմա հետևո՞ւմ եք համայնքային բյուջեների եկամուտների ծախսերի արդյունավետությանը: 

Իհարկե, հետևում ենք: Ասեմ, թե մենք ինչ խնդիր ունենք: Ես հիմա դիմել եմ կառավարություն՝ վարչական վերահսկողության վարչություն հիմնելու առաջարկով: Մենք ունենք վարչական վերահսկողության և համայնքային ծառայությունների վարչություն, որը նախատեսվում է կազմալուծել և ստեղծել վարչական վերահսկողության վարչություն` ավելի լայն հնարավորություններով: Ես կառավարությունից խնդրել եմ հավելյալ 6 հաստիք, որպեսզի նոր վարչությունը կարողանա հասցնել այդ ամենին հետևել: Գործող վարչությունը ֆիզիկապես չի հասցնում ամենօրյա ռեժիմով մարզից մարզ, համայնքից համայնք գնալ: Այո, բյուջեի անարդյունավետ ծախսերի խնդիրը կա: Միայն Երևանում նստել ու դրան հետևել՝ հնարավոր չէ: Պետք է մեր աշխատողները գնան և տեղում ծանոթանան փաստաթղթերի իրավականությանը: Կարող է մեզ ներկայացրած թղթերը շատ լավ լինեն, բայց գնանք, տեսնենք այլ բան կամ տեսնենք, որ հիմքեր չունեն դրանք: 

Մարզպետարանի և համայնքների հաստիքները հաստատում է Տարածքային կառավարման և զարգացման  նախարարությունը: Այս պահին Լոռու մարզպետարանում կա 150 հաստիքային աշխատող: Գործող մարզպետն ունի 3 տեղակալ, 2 խորհրդական, 2 օգնական: Անգամ աշխատակազմի ղեկավարն ունի տեղակալ: Մարզպետարանն ունի 9 ծառայողական ավտոմեքենա: Աշխատողների աշխատավարձի ծախսն այստեղ կազմում է 461,4 մլն դրամ, որը վճարվում է պետբյուջեից: Ինչպե՞ս եք վերաբերվում հաստիքների այդ քանակին: 

Իհարկե, շատ վատ եմ վերաբերվում: Ոչ միայն մարզպետարաններում և համայնքներում, այլև նախարարություններում մենք ունենք ուռճացված համակարգ: Եվ, բնականաբար, ստիպված ենք գնալ ցավոտ կրճատումների: Այդ գործընթացը սկսվել է և, եթե ուշադիր եք եղել, վարչապետը Հանրապետության հրապարակում 100 օրվա աշխատանքային իր հաշվետվությունը ներկայացնելիս նշեց, որ կառավարությունը գնալու է օպտիմալացման: Այդ օպտիմալացումը վերաբերելու է բոլոր ոլորտներին, այդ թվում` նախարարություններին: 

Լոռու տարածաշրջանի տնտեսության մեջ թելադրողը «Վալլեքս» խմբի ընկերություններն են: Հիմա նրանք ճգնաժամի մեջ են, հարյուրավոր մարդկանց ազատել են աշխատանքից: Սոցիալական լուրջ լարվածություն կա: Ո՞րն եք համարում ելքը:  

Մի բան հստակ է, որ մենք պետք է աջակցենք բիզնեսին: Եթե անգամ կա բիզնես, որը թուլացել է, պետք է հնարավորության պարագայում օգնենք, որ նրանք վերակենդանանան: Տարածաշրջանի արդյունաբերական համալիրներն ունեն էկոլոգիական խնդիրներ: Այստեղ առաջնայինը երկրորդականից տարանջատելը բավականին դժվար է: Մի կողմից կա սուր սոցիալական խնդիր, մյուս կողմից` բնապահպանական աղետ: Սրա ոսկե միջինը գտնել հնարավոր է, եթե այդ նույն արդյունաբերական ընկերությունները համապատասխան տեխնոլոգիական նոր միջոցների ներդրմամբ փորձեն ավելի նվազեցնել արդյունաբերական համալիրների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Բայց, միևնույն ժամանակ, այս փուլում նրանց գոյությունը մեզ համար կենսական նշանակություն ունի, և մենք չենք կարող գնալ հանքարդյունաբերական ընկերությունների վերացման գործընթացին, որովհետև դրանցից կախված են շատ մարդկանց ճակատագրեր, նրանց սոցիալական կենսամակարդակը: 

Այսինքն, կառավարությունը կաջակցի՞ այդ ընկերություններին ոտքի կանգնել: 

Անկեղծ ասած` դա իմ իրավասության տիրույթում չէ: Ես ասում եմ կառավարության ընդհանուր մոտեցումը: