Թբիլիսիում բացվել է Արևելյան գործընկերության եվրոպական առաջին դպրոցը

15:22, 4 սեպտեմբերի, 2018

Այսօր Արևելյան գործընկերության եվրոպական առաջին դպրոցն իր դռները բացեց Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան ներկայացնող 30 աշակերտի առջև: Այս մասին տեղեկացնում է Եվրամիության հայաստանյան գրասենյակը: Ուսումնական տարվա մեկնարկը նշանավորվել է ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի կողմից Եվրոպական դպրոցի պաշտոնական բացմամբ:

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն ասել է. «Ես անչափ հպարտ եմ Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի բացման նպատակով Թբիլիսիում գտնվելուս առթիվ: Այս նախագիծն իմ սրտին անչափ մոտ է: Այն նշանավորում է ԵՄ-ի և նրա Արևելյան գործընկերների միջև համագործակցության նոր հանգրվանը: Երիտասարդներին որակյալ կրթություն առաջարկելը ներդրում է ուսանողների, նրանց երկրների ու մեր ամուր և կայուն գործընկերության ապագայի ուղղությամբ: Դպրոցի բացումը նաև վերահաստատում է մեր վճռականությունը՝ հասնելու «2020 թվականի համար 20 թիրախային արդյունքներ»-ին, որոնք Արևելյան գործընկերության առանցքում են և շոշափելի օգուտներ կբերեն քաղաքացիներին»:

2017թ. նոյեմբերին կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովին Եվրոպական Միության բոլոր անդամ պետությունները և Արևելյան գործընկերության վեց երկրները Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը հռչակեցին որպես կարևոր առաջնահերթություն և տարածաշրջանում երիտասարդության ու կրթության աջակցության ամրապնդման հանձնառության մաս: Դպրոցը մեկն է «2020 թվականի համար 20 թիրախային արդյունքներ»-ից, որոնք հաստատվել են վերջին գագաթաժողովում՝ ղեկավարների կողմից, ինչպես նաև կազմում է երիտասարդներին ուղղված առավել ծավալուն՝ շուրջ 340 միլիոն եվրոյի չափով աջակցության մասը:

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի կողմից առաջարկվող յուրահատուկ դիպլոմային ծրագիրն ակադեմիական գերազանցությունը համատեղում է եվրոպական դպրոցական համակարգից ոգեշնչված մասնագիտական ուսուցման հետ: 16-ից 17 տարեկան ուսանողները կմասնակցեն դասերի՝ բազմալեզու և բազմամշակութային միջավայրում, և կխորացնեն իրենց գիտելիքները Եվրոպայի ու Եվրոպական Միության մասին: Բացի այդ, նրանք հասանելիություն կստանան հարուստ արտաուսումնական ծրագրի նկատմամբ և հնարավորություն կունենան մասնակցելու ԵՄ-ին առնչվող բարձր մակարդակի գիտաժողովներին: Ուսանողները կստանան Եվրոպական ուսումնասիրությունների միջազգային բակալավրի դիպլոմներ: Մանրամասն՝ այստեղ:

Նախապատմություն

Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որը նպատակ ունի խորացնել և ամրապնդել Եվրոպական Միության (ԵՄ) անդամ պետությունների և նրա վեց արևելյան հարևանների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության ու Ուկրաինայի միջև հարաբերությունները: Այն Եվրոպական հարևանության քաղաքականության հատուկ հարթություն է: Արևելյան գործընկերությունը նպատակ ունի համընդհանուր ժողովրդավարության, բարեկեցության, կայունության և խորացված համագործակցության միասնական տարածք ձևավորել: