Շիրակում կմեկնարկի «Հանրօգուտ ներդրումներ» փորձնական ծրագիրը

12:16, 5 սեպտեմբերի, 2018

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է STRATEGIOS, UNDP, SITRA կազմակերպությունների փորձագետներին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շրջանակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» («Social Impact Bond») փորձնական ծրագիրը՝ ուղղված Շիրակի մարզում կաթնարտադրության զարգացմանը: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը:

Ծրագրի իրականացման արդյունքում շահագրգիռ ֆերմերային տնտեսություններում ակնկալվում է կաթի արտադրողականության ավելացում և կաթի որակի բարձրացում: Ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով կսահմանվեն հատուկ չափորոշիչներ, որոնցով հետագայում կառաջնորդվեն ծրագրի շահառուները:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ նմանատիպ ծրագիր նախաձեռնելու մտահղացումն առաջացել է դեռևս որպես Շիրակի մարզպետ նրա պաշտոնավարման ժամանակ: Նշելով, որ բարեհաջող ընթացքի պարագայում պիլոտային այս ծրագրի շրջանակները կընդլայնվեն՝ գյուղատնտեսության նախարարը միաժամանակ ընդգծել է պատրաստակամությունը սերտորեն համագործակցել և աջակցել ծրագրի պատասխանատուներին:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել են, որ ծրագրի մշակման ընթացքում նախատեսվում են խորհրդատվություններ նաև այլ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչների հետ:

Հյուրերը նաև շեշտել են, որ Շիրակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» նախաձեռնությունը կլինի առաջինը տարածաշրջանում: Հանդիպման ընթացքում քննարվել են փորձնական ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական մեխանիզմների կիրառմանը, այլ դոնոր կազմակերպությունների ներգրավմանը, ծրագրի շահառուների ընտրությանը, չափորոշիչների մշակմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: