Լևոն Սարգսյանի դուստրը ներկայացել է ՀՔԾ

10:44, 6 սեպտեմբերի, 2018

Հուլիսի 7-ից հետախուզման մեջ գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, սեպտեմբերի 1-ին ներկայացել է հատուկ քննչական ծառայություն։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Այս մասին «Հետք»-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ ՀՔԾ ներկայացել է միայն Անի Սարգսյանը, իսկ Լևոն Սարգսյանը դեռևս շարունակում է հետախուզման մեջ մնալ։ Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Լևոն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը, նրա դուստրը և որդին թաքցրել են իրենց եկամուտները։ Նրանց ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցվել էր քրեական գործ: