«Ամուլսարը գալիս է Երևան». ակցիա Կառավարության դիմաց (լուսանկարներ)

13:28, 6 սեպտեմբերի, 2018

Կառավարության շենքի դիմաց բնապահպանները, Ջերմուկից, Սևանից, Գնդեվազից և այլ համայնքներից եկած քաղաքացիները ակցիա էին իրականացնում` ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ Մասնակիցները Ամուլսարի տարածքում հայտնաբերված, Կարմիր գրքում գրանցված թիթեռների կերպարանքով էին։ Նրանք իրենց հետ բերել էին նաև փուչիկներ, որոնք, ինչպես իրենք նշեցին, խորհրդանշում էին հանքերի վերաբերյալ միֆերն ու վախերը։

«Արբիտրաժային դատարաններ, ներդրողների հեռացում, միջազգային չափանիշներ։ Այս ամենով սպառնում են ՀՀ քաղաքացիներին և կառավարությանը՝ փորձելով ստիպել զիջել մեր և գալիք սերունդների առողջ կյանքը Երկիր մոլորակի այս հատվածում: Այս ակցիայի նպատակն է բացահայտել ու պայթեցնել մեզ վախեցնելու համար փչված այդ միֆերը և խրախուսել ՀՀ կառավարությանը վերջնականապես հաստատել ժողովրդի կամքի ու արդարության վրա հիմնված որոշում»,- ասվում է ակցիայի տեքստում։

Երևան, սեպտեմբերի 6, 2018 թ.։