Վալերիյ Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մասին. «ՀՀ-ում որևէ աշխատավարձով չես կարող նման առանձնատուն ձեռք բերել»

13:35, 6 սեպտեմբերի, 2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա վստահեցնում է՝ օրենքի առջև բոլորը հավասար են: Մեր հարցին, թե արդյոք իրավապահ մարմինները չեն կաշկանդվելու այն հարցում, որ ՀՔԾ-ի հարուցած քրեական գործն առնչվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, և արդյոք նախկինի պես պնդում է, որ բոլորն օրենքի առաջ հավասար են, Օսիպյանը պատասխանեց.

«Ես պնդում եմ, և ինձ թվում է՝ իմ գործունեության ընթացքում դուք և իմ գործընկերները, ինչպես նաև հասարակությունը դրանում համոզվել են, որ օրենքի առջև բոլորը հավասար են, այդ որդեգրած գաղափարը ես շարունակելու եմ»:

Հիշեցնենք, որ «Հետք»-ի հրապարակման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել՝ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 309-րդ հոդվածի 1-ին մասի հանգամանքներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերով:

Մեր հարցին՝ Վլադիմիր Գասպարյանի մեղքն ապացուցվելու դեպքում նա ենթարկվելո՞ւ է պատասխանատվության, ոստիկանապետն ասաց. «Իմ կարծիքով՝ այո, միանշանակ»:

Հարցին՝ ոստիկանապետի աշխատավարձն այնպիսի՞ն է, որ նա կարողանա նման առանձնատուն ձեռք բերել, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց.

«ՀՀ-ում որևէ աշխատավարձով չես կարող նման առանձնատուն ձեռք բերել, իսկ թե ինչպես է այն կառուցվել և այլն, դիմեք կառուցողին կամ սեփականատիրոջը»: