Զինված խմբի գործով պաշտպանները բարձրաձայնում են ամբաստանյալների` ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքի խախտման մասին

14:44, 7 սեպտեմբերի, 2018

Նորքի «Զինված խմբի» գործով դատական նիստն այսօր մեկնարկեց դատավորի և պաշտպանների փոխադարձ մեղադրանքներով:

Դատավորը ցանկանում էր ամիսներ շարունակ ձգձգվող նիստն այսօր հերթական անգամ հետաձգել, իսկ գործով պաշտպանները պնդում էին, թե այն հնարավոր է շարունակել, որ նիստը հետաձգելով՝ դատավորը կխախտի անազատության մեջ գտնվող ամբաստանյալների` ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը:

Զինված խմբի գործով վերջին վեց ամսվա ընթացքում միայն մի քանի նիստ է կայացել, որի ընթացքում դատավորը պատգամավորների անձնական երաշխավորությամբ է փոխել ամբաստանյալներից մի քանիսի, այդ թվում՝ ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը: Անազատության մեջ գտնվող մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս պատրաստվում են իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնել, սակայն դատական նիստերի շարունակ ձգձգման պատճառով նրանք նման հնարավորություն չեն ունենում:

Այսօր տևական ընդմիջումից հետո վերջապես նիստ էր նշանակվել, սակայն գործում ներգրավված հանրային պաշտպաններից Թամարա Բաղդասարյանը դատարան գրություն էր ուղարկել այն մասին, որ գործուղման է, նիստին ներկայանալ չի կարող և խնդրել, որ նիստը հետաձգվի:

Այն բանից հետո, երբ դատավոր Արմեն Բեկթաշյանը ընթերցեց պաշտպանի գրությունը, նրա պաշտպանյալներ Գևորգ Ջնդոյանն ու Արա Պողոսյանը հայտարարեցին, որ հրաժարվում են պաշտպանից:

«Արդեն երկու ամիս է՝ ամեն մեկն իր գործով է զբաղված, բայց մեր կյանքի ժամանակից է գնում, ընդ որում՝ անազատության մեջ և անհայտ ժամկետով, էստեղ կոնկրետ իմ իրավունքն է ոտնահարվում և դրանից ելնելով ՝ ես կարող եմ իմ իրավունքները միայնակ պաշտպանել»,-հայտարարեց Գևորգ Ջնդոյանը:

Պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանն ու Լևոն Բաղդասարյանը նկատեցին, որ դա անձի իրավունքն է, պաշտպաններից ոմանք էլ պատրաստակամություն հայտնեցին իրականացնել Ջնդոյանի և Պողոսյանի պաշտպանությունը, սակայն դատավոր Արմեն Բեկթաշյանը նշեց, որ պաշտպանից հրաժարումը չի կարող առանց վերջինիս ներկայության ընդունվել, ուստի նիստը ենթակա է հետաձգման:

Դատավորը հարկ համարեց անդրադառնալ նաև օրեր առաջ պաշտպանների տված ասուլիսին, որի ժամանակ, ըստ Բեկթաշյանի, պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարել է, թե դատավորը միտումնավոր է հետաձգում դատական նիստերը, որպեսզի ամբաստանյալների խափանման միջոցները չփոխի:

«Ուշադրություն դարձրեք այդ հարցին, որ պաշտպանը նման հայտարարություններ է անում»,- մեղադրող դատախազի կողմը նայելով՝ ասաց Արմեն Բեկթաշյանը:

Մինչ դատավարության մասնակիցներն, այդ թվում՝ մեղադրող դատախազը դատական նիստը շարունակելու, գործում ներգրավված այլ պաշտպանների կողմից ամբաստանյալների շահերը ստանձնելու ելք էին փնտրում, դատավորը հետաձգեց դատական նիստը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին: Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»: