Ալեքսանդր Սարգսյանի որդու ազատության համար պատրաստ են վճարել այնքան գրավ, որքան կսահմանի դատարանը

19:07, 7 սեպտեմբերի, 2018

Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանը որոշում կհրապարակի սեպտեմբերի 10-ին: Կալանքը այլ խափանման միջոցով փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ դատական նիստով այսօր դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Նիստն անցավ լարված մթնոլորտում: Հայկ Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը վերահսկող դատախազ Աբգար Առաքելյանին բացարկ հայտնեց:

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ ի սկզբանե անօրինական քրեական հետապնդում է իրականացվել: Ինչպես ավելի վաղ նշել ենք, Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007 թվականին տեղի ունեցած միջադեպի գործով:

Ըստ քրեական գործի նյութերի՝ քաղաքացի Դավիթ Սիմոնյանը 2007 թվականին հրազենային վնասվածք է ստացել, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը քննել ու կարճման մասին որոշում է կայացվել:

Վերջերս Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2007-ին իրեն հրազենային վնասվածք է պատճառել Հայկ Սարգսյանը, և նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործը վերաբացվել է:

Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով, սակայն, այս գործը նոր երևան եկած համգամանքի հիմքով վերաբացվել չէր կարող: Ըստ Սարգսյանի՝ 2007-ին հարուցված քրեական գործի նյութերն ամբողջությամբ պահպանված չեն, ուստի հնարավոր չէ պնդել, թե Դավիթ Սիմոնյանի կողմից հայտնած տեղեկությունը նոր երևան եկած հանգամանք է: 

Դատարանը, սակայն, մեղադրողի բացարկի հարցին չանդրադարձավ: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, թե տուժող կողմը դատական նիստին ներկա չէ, և դատարանը նրա դիրքորոշումը չի լսել:

Այս պայմաններում դատարանը շարունակեց դատական նիստն ու պատրաստվում էր անցնել Հայկ Սարգսյանի խափանման միջոցի քննարկմանը, սակայն Երեմ Սարգսյանը ժամանակ խնդրեց դատավորին իր գործողությունների համար ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Չնայած Սարգսյանի պնդումներին, որ իրեն մեկ օր ժամանակ է անհրաժեշտ՝ դատավորը 15 րոպե ժամանակ տրամադրեց փաստաբանին: 15 րոպե անց Սարգսյանը հայտնեց, որ ինքնաբացարկին պատրաստվելու համար ողջամիտ ժամանակ չի ունեցել, սակայն դատավոր Դանիբեկյանն արձանագրեց, թե դատարանին ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացվում:

Երեմ Սարգսյանը ցանկություն հայտնեց լքելու նիստերի դահլիճը, որից հետո դատավոր Դանիբեկյանը Հայկ Սարգսյանից հետաքրքվեց, թե արդյոք վերջինս համաձա՞յն է, որպեսզի իր պաշտպանը հեռանա դահլիճից: 

«Առանց պաշտպանի հնարավոր չէ»,- հայտարարեց Հայկ Սարգսյան: Դատավորը նշեց, թե Երեմ Սարգսյանին թույլ չի տալիս լքել նիստերի դահլիճը: 

Խափանման միջոցի քննարկման ժամանակ Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն ի սկզբանե անօրինական է հայտնվել կալանքի տակ, որ թեև Հայկ Սարգսյանը նախապես դիմում է գրել ու հայտնել օրինական կարգով արձակուրդ մեկնելու մասին՝ նրան «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել ու տպավորություն ստեղծել, թե փախուստի էր դիմում, ու խափանման միջոց կալանքը նրա համար ծայրահեղ միջոց է: Ըստ Սարգսյանի՝ իր պաշտպանյալի կալանքի վերաբերյալ որոշումը պետք է վերացել, սակայն պաշտպանական կողմը որպես այլընտրանքային միջոց միջնորդեց, որպեսզի դատարանը Հայկ Սարգսյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչի՝ սահմանելով օրենքով թույլատրելի գրավի չափ: Դատարանը կվերացնի Սարգսյանի կալանքը, կփոխի այլ խափանման միջոցով, թե անփոփոխ կթողնի, պարզ կլինի սեպտեմբերի 10-ին: