Զինդատախազությունն ուսումնասիրում է «Հետքի» հրապարակումը ՊՆ-ի կողմից պետական հող օտարելու մասին

19:27, 7 սեպտեմբերի, 2018

ՊՆ-ի կողմից նախկին զորամասի տարածքը վաճառելու մասին «Հետքի» հրապարակումը պետական շահերի պաշտպանության շրջանակներում ուսումնասիրվում է ՀՀ զինվորական դատախազությունում: Այս մասին «Հետքին» հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ինչպես գրել էինք, 2015 թ. ՊՆ-ն Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի վրա գտնվող նախկին զորամասի ավտոպարկը (կես հեկտար տարածքով) 38 մլն դրամով վաճառել է Երեւանի բնակիչ Սայադ Սահակյանին: ՊՆ-ն աճուրդ չի հայտարարել, ինչը տրամաբանորեն պիտի աներ, փոխարենը պետական սեփականություն հանդիսացող հողն օտարել է ուղղակի վաճառքի եղանակով: Չնայած Հողային օրենսգիրքը նշում է թե կոնկրետ ում կարելի է ուղղակի վաճառքով պետական կամ համայնքային հող օտարել, ՊՆ-ի ու Ս. Սահակյանի գործարքը, ըստ էության, դուրս է օրենսգրքի պահանջներից: Այսինքն՝ նախարարությունը, որն այն ժամանակ ղեկավարում էր Սեյրան Օհանյանը, հողն օտարել է իր նախընտրած անձին: Ավելին՝ ստացվում է նաեւ, որ Ս. Սահակյանը խառը կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող հողի մեկ քմ-ի համար վճարել է ընդամենը 8144 դրամ, ինչը Երեւանի եւ կոնկրետ այդ տարածքի պարագայում չնչին գին է:

Մյուս կողմից՝ Մոլդովոկան 47/7 հասցեում գտնվող հողամասի կադաստրային գործում առկա չէ շինարարության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ, սակայն այն արդեն կառուցապատված է. այստեղ իրականում գործունեություն է ծավալում Սայադ Սահակյանի «ԷսԴիԷմ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է հիգիենիկ եւ տնտեսական պարագաների ներմուծմամբ եւ մեծածախ առեւտրով:

Գոռ Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ տեղեկատվությունը եւ փաստաթղթերը ստանալու համար զինդատախազությունը հարցում է արել ՊՆ: Գլխավոր դատախազի խորհրդականը խոստացել է ուսումնասիրությունների արդյունքների մասին հայտնել լրացուցիչ: