Հինգ տարի լռությունից հետո Շանթ Հարությունյանը քրեակատարողական հիմնարկում ասուլիս տվեց

16:56, 8 սեպտեմբերի, 2018

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 5 տարի լռությունից հետո Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում լրագրողների հետ հանդիպելու հնարավորություն է ստացել:

Ասուլիսի համար նախատեսված սրահ գալով՝ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց քրեակատարողական վարչությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն լրագրողների հետ հանդիպելու հնարավորություն տալու համար:

«Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը տարբերվում է նախորդ իշխանություններից»,-ասաց Շանթ Հարությունյանը:

Վերջինս հայտարարեց, որ անազատության մեջ իմանալով լրագրողների հետ հանդիպում ունենալու հնարավորության մասին՝ հետաքրքրվել է, թե արդյոք իրեն կտրվի՞ նման հնարավորություն, ինչին քրեակատարողական ծառայությունից բացասական պատասխան են տվել:

Հարությունյանը հայտարարեց, որ իր և ընկերների գործով արդարացում պահանջելով՝ պահանջում է արդարադատություն:

«Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ չէ ի՞նչ արդարացում, իրենք պահանջում են անարդարադատություն: Այդ զանգվածն ինձ ճնշում է, ուզում, որ երկրում անարդարադատությունը հաղթի: Նրանք նույն մարդիկ են, ինչ Սերժի թիմը, ուղղակի ռեսուրս չունեն՝ լկտիություն անելու համար»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը:

Անդրադառնալով Հարությունյանի ազատ արձակման հարցին՝ կառավարությունը պարզաբանել է, որ այս պահին գործադիրի ձեռքում եղած միակ օրինական լծակը Շանթ Հարությունյանի կիսաբաց ռեժիմը բացի փոխելն է, որ Փաշինյանը չի կարող դատարանների վրա որևէ ազդեցություն ունենալ:

Հարությունյանը, սակայն, հրաժարվում է ռեժիմի փոփոխությունից:

«Ես ռեժիմային մարդ չեմ. դուք ո՞նց եք պատկերացնում. ես Պարույր Հայրիկյանենց տանը նստած՝ քաղաքականությունից եմ խոսում, հետո ասում եմ՝ պարոն Հայրիկյան, ժամը 8-ն է, պիտի գնամ բա՞նտ»,- ասաց Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ այն բանից հետո, երբ ինքը երեք անգամ կխախտի բաց ռեժիմի պայմանները, իր պատժի կրման ռեժիմն օրենքով սահմանված կարգով կփոխվի:

«Հիմա էլ եմ նստած. պիտի երեք խախտում անեմ, նո՞ր գամ բանտ», - ասաց Շանթ Հարությունյանը:

Այսինքն՝ ըստ էության, Հարությունյանի համար բաց ռեժիմն ազատությունը չէ:

Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը արդարադատություն իրականացնող մարմինների վրա ազդեցություն գործադրելու լծակ չունի՝ Հարությունյանն ընդգծեց, որ միջամտելը, որ ապօրինություն արվի և արդարադատություն իրականացնելը տարբեր հասկացություններ են:

Ըստ Հարությունյանի՝ վարչապետն արդարության երաշխավորն է և պատասխանատուն Հայաստանի բոլոր ոլորտների օրինական գործունեության համար:

Հարցին, թե ինչպես է Հարությունյանը պատկերացնում արդարադատության իրականացումն իր և ընկերների գործով, նա նկատեց, որ այս պահին Հայաստանում բացմաթիվ գործեր են վերաբացվել, և իրենց գործը ևս կարող է վերաբացվել:

Հարցին, թե ի՞նչ է անելու Շանթ Հարությունյանը, եթե Հայաստանում համաներում լինի, և դրա տեքստը տարածվի նաև իրեն վերագրվող արարքի վրա, Հարությունյանը պատաախանեց, որ ինքը համաձայնության չի գալու իշխանությունների հետ, բայց այնպես չէ, որ իրեն ազատեն, մնալու է բանտում:

«Թող թևերս բռնեն, հանեն»,- ասաց Շանթ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ եթե իրեն ազատելու որոշում լինի, ՔԿՀ-ն իրեն իրավունք չի ունենա պահելու: