«Անցումային արդարադատությունը» պետք է չշրջանցի 1990-ականները

17:22, 8 սեպտեմբերի, 2018

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Նոր կառավարության 100 օրն ամփոփելիս Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խոսեց «Անցումային արդարադատության» անհրաժեշտության մասին: Այդ օրվանից հետո հաճախ եմ հեռուստատեսությամբ լսում ամենատարբեր կարծիքներ ու հարցեր այդ մասին: Օրինակ՝ ի՟նչ է «Անցումային արդարադատությունը», ինչպե՟ս է կիրառվում, կա՟ արդյոք աշխարհում լավագույն փորձ և այլն:

Անկեղծ՝ ինձ էլ հետաքրքրեց, մանավանդ, որ անմիջականորեն կապ ունի դատաիրավական ու քրեակատարողական համակարգի հետ, որի մեջ նաև ես եմ արդեն 23-րդ տարին: Հարազատներս ինձ փոխանցեցին այս հարցի վերաբերյալ գրականություն, ուսումնասիրեցի: Հասկանալի է, որ հոդված-նամակի շրջանակներում անհնար է զուտ գիտականորեն համապարփակ ներկայացնել այն՝ թե՛ պատմական զարգացման, թե՛ տարբեր երկրների փորձի լույսի ներքո: Այնուամենայնիվ, կփորձեմ փոխանցել բուն իմաստը, բնականաբար, դիտարկելով այն հենց մեր` հայկական իրողության լույսի ներքո:  

1995թ-ին Նելսոն Մանդելան ասում էր, որ բոլոր երկրներն էլ, երբ վերականգնվում են անցյալի վերքերից ու վնասվածքներից, ստիպված են ստեղծել մեխանիզմներ`ոչ միայն  անցյալում մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու և կարգավորելու համար, այլև նախկին ռեժիմի զոհերի արժանապատվության վերականգնման, ինչպես նաև ողջ մնացածների և նրանց հարազատների: Այստեղից հարց էր առաջանում` անցումային շրջանում գտնվող երկիրն ինչպե՞ս պետք է արձագանքի նախկին իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներին:

«Անցումայն արդարադատություն» տերմինը  կիրառական է դարձրել 1995թ-ին Նեյլ Կռիտցն՝ իր «Անցումային արդարադատություն. ինչպե՞ս են կազմավորվող ժողովրդավարությունները վերաբերում նախկին ռեժիմներին» եռահատորյակում:

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Աննանը նախկինում մեծածավալ իրավախախտումների հաղթահարումը տեսնում էր արդարության, վերահսկողության և համերաշխության հաստատման մեջ, որը հնարավոր է անցումային արդարադատության միջոցով: Վերջինս ներառում է դատական մեխանիզմներ, ինչպես նաև այս կամ այն հարցի վերաբերյալ ճշմարտությունը պարզելու, իրավախախտումները վեր հանելու նպատակով հանձնաժողովների ստեղծում: Վերջիններիս դերը կայանում է նրանում, որ լսելի են դարձնում մինչ այդ իրենց իրավունքների խախտումների մասին պնդող մարդկանց ձայնը, որը սակայն անտեսվում էր նախկին իշխանությունների կողմից: Եվ ոչ միայն լսելի դարձնել, այլ ստեղծել և կիրառել գործուն մեխանիզմներ`խախտված իրավունքները վերականգնելու համար: Նշված հանձնաժողովները պետք է լինեն լեգիտիմ, և անցումային շրջանում գործող իշխանություններն իրենք պետք է նախաձեռնեն դրանց ստեղծումը: Այս պրոցեսները պետք է ուղղված լինեն քաղաքացիների մոտ հավատի վերականգնմանը պետական ինստիտուտների նկատմամբ և հատկապես դատական համակարգի, որը պետք է դադարի գործել հրահանգներով և շահից ելնելով: 2004թ. իր զեկույցում Քոֆի Աննանը շեշտում էր նաև համակարգային ռեֆորմների անհրաժեշտությունը, ինչպես նաև  պետական ապարատի բոլոր օղակներում անվստահելի`նախկինում կոռուպցիայի մեջ ներքաշված, նախկին ռեժիմին սատարող աշխատակիցներից «մաքրման» անհրաժեշտությունը:

Այս հարցը հետազոտողները հանգում են այն եզրակացության, որ իրականում արդար և համերաշխ հասարակություն ունենալն անհնար է առանց արդար դատական համակարգի: Հատկանշական է հետևյալ եզրահանգումը՝ արված ՄԱԿ-ի համաժողովում. «Հետկոնֆլիկտային երկրներում խաղաղության և համերաշխության վերականգնման ջանքերը ցուց են տալիս, որ, եթե ուշադրություն չդարձնել տնտեսական և սոցիալական անհավասարությանը և անտեսել աղքատների և հասարակության մարգինալ շերտերի դժգոհությունը, ապա անհնար է վստահաբար երաշխավորել կոնֆլիկտների անդառնալիությունը, քանի որ բուժման օբյեկտը կլինի  ախտանիշը, իսկ այն առաջացրած հիվանդությունը կշարունակի զարգանալ»:

Մարդաբան և բժիշկ Պոլ Ֆարմերը նման իրավիճակը անվանում է «համակարգային բռնություն», այսինքն` իրականում ժողովրդավարության քող է ստեղծվում, թե տեսե՛ք-տեսե՛ք իրավիճակ է երկրում փոխվել, բայց իրականում պետական համակարգը, որպես այդպիսին, չի փոխվում: Նման իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է:

Կարդացածս գրականությունից պարզ դարձավ, որ դիկտատորական ռեժիմներից ազատված պետություններում նոր իշխանությունները հաճախ ներքին բարդ իրողություններից ելնելով և արտաքին ճնշումների տակ, երբեմն փորձում են գտնել կոմպրոմիսային տարբերակներ, հետևանքը՝ հանցավոր ռեժիմի ոճրագործները այս կամ այն կերպ խուսափում են պատժից: Նոր կառավարությունները գնում են այս տարբերակին, որպեսզի խուսափեն նոր լարված իրավիճակներից երկրի ներսում և արտաքին ճնշումներից: Կկարողանա՞ արդյոք Նոր Հայաստանն այս հարցում էլ տարբերվել այլ երկրներից և իրականացնել ճշմարիտ արդարադատություն:

Անցումային արդարադատության համար կարևորագույն խնդիր է` բոլոր քաղաքացիների համար ստեղծել սոցիալական և տնտեսական իրավահավասարության գործուն մեխանիզմներ: Առաջին հայացքից կարող է թվալ՝ ի՞նչ կապ ունեն տնտեսությունը և սոցիալական խնդիրները արդարադատության հետ: Կապն անմիջական է, սա պնդում են այս հարցը ուսումնասիրող բոլոր մասնագետները: Հենց աղքատների և հարուստների միջև մեծ անջրպետը, սոցիալական անհավասարությունը, թշվառությունը, օրենքի առաջ ոչ հավասար լինելն է ծնում հասարակության մեջ լարված մթնոլորտը, որն էլ բերում է այս կամ այն հանցագործությունների աճի:

Գալով մեր իրականությանը՝ չեմ կարող չնշել, որ 1990-ականների «արդարադատության» զոհերը մինչ օրս բանտերում են: Այո՛, նորանկախ պետություն էինք՝ պատերազմ, երկրաշարժ, կառավարման մի մոդելից անցում նոր՝ ժողովրդավարական մոդելին, փորձ ստեղծել նոր դատաիրավական համակարգ: Բայց այս օբյեկտիվ գործոններին միացան ոչ պակաս ազդեցիկ սուբյեկտիվ պատճառները՝ հին, սովետական կադրեր, մարդկանց գլխին գործ սարքելուն սովոր հին քննիչը մեկ օրում դարձավ դատավոր, կոռուպցիա, հովանավորչություն, անարդար ու գործադիր իշխանությունից կախյալ դատարան, որը մինչ օրս՝ արդեն 27 տարի միջազգային գումարներով բարեփոխում ենք:  

Այդպիսով՝ պատահական չէր, որ այդ քաոսի, օրենքի առաջ անհավասարության պայմաններում հաճախ անմեղն էր հայտնվում բանտում, իսկ իրական հանցագործը մնում ազատության մեջ: Հենց այս ժամանակաշրջանում, որ այժմ արդեն գոյություն չունեցող ՀՀ գերագույն դատարանը, առաջնորդվելով 1961թ-ին ընդունված օրենսգրքերով նորանկախ Հայաստանում՝ 1990-ականներին մարդկանց դատապարտում մահապատժի՝ շատ հաճախ պատվերով, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իրական հանցագործներին հովանավորելով և անպատիժ թողնելով, իսկ տուժող կողմին հանգստացնելու համար մի անմեղի, ով անտեր էր, չուներ գումար`զոհաբերում էին, ցույց տալու համար, թե, իբր, հանցագործությունը բացահայտվեց:

Անցումային արդարադատությունը պարտավոր է անդրադառնալ նախկին իշխանությունների օրոք կայացված անարդար դատավճիռներին, դատական սխալների զոհերին: Այս գորընթացի իրականացման ամենավառ օրինակը Անգլիայի օրինակն է: Այնտեղ հենց պառլամենը ստեղծեց մի մարմին` «Քրեական գործերի վերանայման հանձնաժողով», որը ուսումնասիրեց, ինչպես իրենք են ասում` «հին ժառանգության» քրեական գործերը: Այսինքն` իրավաբաններից, իրավապաշտպաններից, փորձագետներից և հետաքննող լրագրողներից կազմված խումբն ուսումնասիրում էր բոլոր այն, հիմնականում մահապատժի և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերը, ովքեր տարիներ շարունակ պայքարում էին գործերի վերանայման համար, հայտ էին ներկայացնում մարմնին: Արդյունքում բազմաթիվ դատավճիռներ վերանայվեցին`կայացվեցին արդարացման դատավճիռներ, ինչպես նաև պատժատեսակներ փոխվեցին` սահմանելով ազատազրկման հստակ տարիներ:

Թե՛ Անգլիայում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ եվրոպական բազմաթիվ երկրներում իշխանությունները գիտակցեցին, որ անցյալի սխալների ճանաչումը և ուղղումը ոչ թե թուլության նշան է, ինչպես մտածում են բռնապետները, այլ հակառակը` խոսում է միայն և միայն իշխանությունների ուժեղ լինելու մասին` նրանց բարձր իրավագիտակցության և գոծնականում օրենքի առջև բոլորի հավասարությունն ապահովելու մասին:

Այնպես, որ «Անցումային արդարադատության» շեմը, իմ կարծիքով, պետք է գծել հենց 1991-ից, այսինքն՝ ընդգրկել 27 տարվա գործեր, խմբավորել դրանք ու սկսել ուսումնասիրությունները: Օրինակ՝ մահապատժի ու ցմահ ազատազրկվածների գործեր, սեփականության իրավունքի գործեր, Հոկտեմբերի 27, Մարտի 1, ընտրական գործընթացներ և այլն: