Վարչապետը մասնակցել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային ֆորումի աշխատանքներին

19:48, 9 սեպտեմբերի, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Իջևան քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով անցկացվող գործարար համաժողովին: 

Ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ ողջունելով ներկաներին` վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ըստ էության, սա մարզային առաջին այսպիսի համաժողովն է, որը մենք պայմանականորեն անվանում ենք գործարար կամ ներդրումային համաժողով: Նպատակը հետևյալն է` տվյալ մարզի հետ կապ ունեցող, ծագումով այս մարզից սերած, արտերկրում և Հայաստանում գործող գործարարներին հրավիրել զրույցի, քննարկման, թե որ ոլորտներում են նրանք հետաքրքրված ներդրումներ անել, որպեսզի կարողանանք մարզ առ մարզ փոխել տնտեսական իրավիճակը Հայաստանում»: 

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկայում նման համաժողովներ պետք է կազմակերպվեն ՀՀ բոլոր մարզերում, և հիմնական ասելիքը զարգացման հետևյալ բանաձևը հանրահռչակելն է. «Հայաստանի Հանրապետությունում իրոք տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե գործարար միջավայրը և կառավարությունը կարողանան իսկապես գործընկերային հարաբերություններ հաստատել: Կառավարության անելիքը մենք, ըստ էության, հենց սրա մեջ ենք տեսնում՝ հնարավորությունների ստեղծում, հավասար հնարավորությունների, արդարության, մրցակցային պայմանների, օրինականության ստեղծում, որովհետև համաձայնեք` այն հին մոտեցումը և ընկալումը, թե կառավարությունը պետք է գործարաններ ստեղծի, աշխատատեղեր բացի, այդ բանաձևը ժամանակակից աշխարհում այնքան էլ արդյունավետ չէ: Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու, նոր տնտեսական գործունեությամբ ընկերություններ ստեղծելու հարցում պետք է դիմի այն մարդկանց աջակցությանը, ովքեր պրոֆեսիոնալ են այդ հարցում, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք դա անել` ոչ միայն բացել, այլև շարունակել պահել, զարգացնել և ավելի ընդլայնվել»:

Վարչապետի խոսքով` նման համաժողովների հիմնական նպատակը հենց այդ գործընկերությունը հաստատելն է և ևս մեկ անգամ բարձրաձայնելը, որ նոր Հայաստանում ամենաբարձր գնահատվողը պետք է լինի արդյունք ստեղծող մարդը: «Ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն արդյունք ստեղծող մարդիկ, որոնք երկրի համար հարստություն են ստեղծում, այդ ընթացքում նաև իրենց համար են հարստություն ստեղծում, աշխատատեղեր են ստեղծում, հարկեր են գեներացնում և հնարավորություն են տալիս, որ մեր երկրի զարգացման մակարդակը բարձրանա բոլոր ոլորտներում՝ անվտանգության, պաշտպանության, կրթության, գիտության», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ երկրում այսօր առկա բոլոր պրոբլեմները կապված են պետական եկամուտների ծավալի հետ, իսկ պետական եկամուտների ծավալի աճը մեծապես կախված է գործարար խավի ակտիվությունից, այն է` որքանով երկրում ավելացված արժեք կստեղծվի: Եվ կառավարությունը, այս ֆորումը կազմակերպելով, նպատակ ունի քաջալերել բոլոր գործարարներին, բիզնես հմտություններ և տաղանդ ունեցող բոլոր մարդկանց, որպեսզի նրանք, ովքեր Հայաստանում այդպիսի գործունեություն չեն ծավալում, սկսեն նաև մեր երկրում բիզնեսով զբաղվել, իսկ նրանք, ովքեր արդեն սկսել են գործել, ավելի վստահ, ավելի երկարաժամկետ և ավելի մեծածավալ հեռանկարներ ունենան՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ժողովրդի, Հայոց բանակի և ընդհանրապես Հայոց պետականության:

Վարչապետն անդրադարձել է երեկ Ռուսաստանի Դաշնություն կատարած իր այցի արդյունքներին` նշելով, որ տեղյակ է, որ հանդիպմանը մասնակցող գործարարների մի զգալի մասը ՌԴ-ից է եկել:

«Շատ կարևոր և շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս այցի և բանակցությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են մի նոր, ես կասեի` աննախադեպ բարձր մակարդակի վրա, իմ և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ: Ըստ այդմ` կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, որն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի մեր երկրների տնտեսական կապերը զարգանան: Դա ևս մեկ քաջալերող գործոն կդառնա, որպեսզի Ռուսաստանի Դաշնության մեր հայրենակիցները նոր թափով շարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլև Հայաստանի Հանրապետությունում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի վարչապետը շնորհակալություն է հայտնել գործարարներին` համագործակցության պատրաստակամության համար և ընդգծել. «Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը հույս է դնում ձեզ վրա: Մենք, իհարկե, պատրաստ ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դուք հաջողեք Հայաստանում` նրանք, ովքեր արդեն իսկ գործունեություն են ծավալում և նրանք, ովքեր պատրաստվում են գալ Հայաստան: 

Հայաստանում գործող գործարար խավին 2 ուղերձ ունենք. մենք ասում ենք` հարստացեք և հարստացրեք Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի ժողովրդին, այսինքն՝ ինքներդ հարստացեք, եթե հարուստ եք, ավելի հարստացեք և ավելի հարստացրեք Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Մենք ասում ենք՝ հզորացեք և հզորացրեք, այսինքն՝ հզորացեք տնտեսապես, հոգեպես, ազգային ինքնագիտակցության, ինքնության առումով և հզորացրեք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, մեր պետությունը»:

Համաժողովին մասնակցող արտասահմանում և ՀՀ-ում բնակվող տավուշցի մի շարք գործարարներ ներկայացրել են տարբեր ոլորտներում բիզնես ծրագրերի առաջարկներ` ելակի արտադրություն, ինտենսիվ գյուղատնտեսություն, շինանյութերի արտադրություն և այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծրագրերը վերջնական տեսքի կբերվեն և կներկայացվեն համապատասխան գերատեսչություններ:

Վարչապետը պատասխանել է նաև գործարարների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին, ներդրումային ոլորտին, հարկային համակարգի բարեփոխումներին, ապահովագրության բնագավառին և այլն: Անդրադառնալով ընդհանրապես Հայաստանում տնտեսության զարգացման տեսլականին` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Հայաստանում տարիներ շարունակ վարվել է աղքատության խրախուսման քաղաքականություն: Մենք կարծում ենք, որ այժմ պետք է իրականացվի աշխատանքի խրախուսման քաղաքականություն, որովհետև աշխատանքը բոլոր խնդիրները լուծելու միակ տարբերակն է: Կառավարությունը հենց աշխատանքի խրախուսմանը միտված քաղաքականություն է իրականացնում, և Հայաստանում աշխատանքով շահույթ ստացող, աշխատող, արդյունք ստեղծող մարդն արժանի է ամենաբարձր գնահատանքի, բացառիկ հարգանքի»:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով մտքերի փոխանակությունը, գոհունակություն է հայտնել համաժողովի արդյունքների կապակցությամբ` այն գնահատելով որպես արդյունավետ և ստացված: