ԱԺ-ի մոտից բերման են ենթարկվել «Ժառանգության» անդամն ու համակիրը

00:28, 10 սեպտեմբերի, 2018

Քիչ առաջ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանն  ու կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանը: Նրանք ԱԺ-ի մոտ փորձել են «ստրիթ արթ» ոճով «Ժառանգության» քաղաքական գովազդը պատկերել փողոցի մայթերին:

«Ժառանգություն» կուսակցութայն վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ այժմ ինքը գտնվում է Արաբկիրի բաժնում, իսկ փաստաբանները մտել են բաժին:

«Արդեն երկու փաստաբան՝ Վահագն Ջիվանյանը և Գիվի Հովհաննիսյանը մտել են տղաների մոտ: Վարչական իրավախախտում կատարելու հիմքով են բերել, մնացածն արդեն տեղում կիմանանք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը կարծում է, որ այս դեպքը վերջին անգամը կլինի, երբ քարոզարշավի ժամանակ իրենց կխանգարեն: «Ցանկացած պարագայում տղաները հակաօրինական որևէ բան չեն արել: Մենք ապրիլին ունեցել ենք բազմաթիվ նմանատիպ դեպքեր, երբ գրաֆիտ է արվել փողոցներին, պատերին և որևէ մեկը չի պատժվել: Նախադեպային իրավունքով մենք օգտվել ենք դրանից և տղաները փորձել են նմանատիպ գրաֆիտ անել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Կուսակցության ֆեյսբուք էջում նշված է․ «Մենք սպասում ենք Ոստիկանության պաշտոնական պարզաբանմանը»:

Լուսանկարը՝ aravot.ami-ի