Հայկական «կրկեսային ներկայացում»՝ Սկոպիեում

14:08, 10 սեպտեմբերի, 2018

Թող ներող լինեն կրկեսային արտիստները այս համեմատության համար, սակայն այն, ինչ երեկ Սկոպիեի մարզադաշտում մակեդոնացիների հետ մրցավեճում ցույց տվեց Հայաստանի հավաքականը, ամեն ինչ էր, բացի ֆուտբոլից: Դժվար է հիշել մեկ այլ խաղ (նույնիսկ երբ թիմը խոշոր հաշվով պարտություններ էր կրում), երբ մեր ընտրանու ֆուտբոլիստներն այսքան չնվիրված, թափթփված ու «անհավես» են հանդես եկել: Ընդհանրապես շատ դժվար է խաղին գնահատական տալը, քանի որ Վարդան Մինասյանի թիմը խաղ ցույց չտվեց:

Լիխտենշտայնի հետ երեւանյան մրցավեճի (2-1) համեմատությամբ գլխավոր մարզիչը 4 փոփոխություն էր կատարել: Ձախ պաշտպանի դիրքում Արմեն Մանուչարյանին փոխարինել էր Հայկ Իշխանյանը: Մյուս 3 փոփոխությունները գրոհի եզրում էին. կիսապաշտպանության աջից Արասի փոխարեն խաղում էր Տիգրան Բարսեղյանը, ձախից Իվան Յագանի փոխարեն տեղ էր զբաղեցրել Գեւորգ Ղազարյանը, իսկ առաջ քաշված հարձակվողը Մարկոսի փոխարեն Սարգիս Ադամյանն էր:  

Վերջին 3 փոփոխությունները ձախողված էին: Հայաստանի հավաքականն այն էլ Վարդան Մինասյանի օրոք երբեք նախապատվություն չի տվել երկար փոխանցումներով գրոհներ սկսելուն, մեր ընտրանու հաջողության գրավականը եղել է կարճ ու միջին արագ, սուր եւ գետնամերձ փոխանցումներով խաղը: Նույն Մինասյանի օրոք նախկինում հենց նման կերպ են հաղթանակներ գրանցվել: Այնինչ երեկ մեր թիմը, մասնավորապես առաջին կեսում, պարբերաբար փորձում էր խորքից երկար օդային փոխանցումներով գրոհի նետել Ադամյանին ու առջեւի օղակի մյուս խաղացողներին, ինչը չէր ստացվում: Ադամյանը, եզրերից նրան աջակցող Ղազարյանն ու Բարսեղյանը երեկ բացարձակ անզոր տպավորություն էին թողնում, չնայած այդպիսին էր ամբողջ թիմը: Նույն Ղազարյանը երեւի իր ամենավատ հանդիպումն անցկացրեց հավաքականում: Պատահական չէ, որ երկրորդ կեսում Ադամյանի փոխարեն դաշտ դուրս եկավ Մարկոսը, որը Երեւանում շատ հաջող հանդիպում էր անցկացրել, բայց, առաջ անցնելով նշենք, որ թիմի մթնած ֆոնին ոչնչով չկարողացավ առանձնանալ նաեւ մեր բրազիլացին: Նույնը վերաբերում է փոխարինման մտած Արասին ու Սարկիսովին:  

Նախորդ հոդվածում գրել էինք, որ մակեդոնացիները Հայաստանին աչքի ընկնելու այնքան հնարավորություն չեն տա, որքան տվեց Լիխտենշտայնը: Բավական է ասել, որ ամբողջ 90 րոպեի ընթացքում Մինասյանի սաներն ընդամենը 2 հարված են կատարել Դիմիտրիեւսկու դարպասին. դրանցից մեկն առաջին կեսում Բարսեղյանի թույլ հարվածն էր, որը դարպասապահը որսաց, իսկ երկրորդը՝ Արասի հեռահար ավելի վտանգավոր փորձը, որը Դիմիտրիեւսկին հետ մղեց: Այսքանը: Փոխարենը դաշտի տերերը մեր դարպասին 5 հարված են կատարել, որոնցից 2-ը վերածվել է գոլի: Դարպասի ուղղությամբ հայերը հարվածել են 6 անգամ, մակեդոնացիները՝ 3:

Մեծ հաշվով երեկ բոլորս հավասար խաղ տեսանք միջակից էլ ցածր երկու թիմերի կատարմամբ: Ասել, թե դաշտի տերերը ինչ-որ իմաստալից բան էին ցուցադրում, սխալ կլինի, պարզապես դաշտում կային վատ եւ վատագույն թիմեր: Առաջին գոլը վիճելի դրվագից ծնվեց. ավստրիացի մրցավարը 11-մ նշանակեց այն բանից հետո, երբ մեր տուգանայինում Չալըշըրի հետ հպումից հետո մրցակցի ավագ Պանդեւը շտապեց վայր ընկնել: Մակեդոնացուն մեղադրել չենք կարող. նա իր թիմի ու կարեւոր միավորի համար պատրաստ էր գնալ նաեւ սիմուլյացիայի, ինչն այսօրվա ֆուտբոլում վաղուց սովորական երեւույթ է դարձել: Ժամանակին Լվովում Ուկրաինա-Հայաստան խաղի ժամանակ (4-3) նման հնարքի դիմեց ու վաստակած 11-մետրանոցով իր թիմին հաղթանակ պարգեւեց Անդրեյ Շեւչենկոն, չնայած հետո նրա թիմակից Ռեբրովը խոստովանեց, որ իրականում 11-մ չկար: Հարցն այն է, որ կրկին գոլ ընդունեցինք պաշտպանական օղակի վրիպման հետեւանքով: Ալիոսկին 14-րդ րոպեին 11-մետրանոցից գրավեց Հայրապետյանի դարպասը:   

Առաջին կեսում ավելի շատ պայքար էր գնում դաշտի կենտրոնում, վտանգավոր, սուր պահեր գրեթե չեղան: Կարելի է թերեւս հիշել Կառլեն Մկրտչյանի անցումը, որը կասեցրեց դարպասապահը: Թվում էր, թե մարզչի հուշումներից հետո երկրորդ կեսում մերոնք ավելի իմաստալից, կառուցողական ֆուտբոլ կխաղան, բայց 59-րդ րոպեին «հին աղվես» Պանդեւը իր թիմի երկրորդ գոլը խփեց: Այս դրվագում կոպիտ սխալ թույլ տվեց Գեւորգ Ղազարյանը, որը չնայած շարունակ ձախ եզրում փոխօգնության էր հասնում Հայկ Իշխանյանին, այնուամենայնիվ, պարբերաբար աչք էր ծակում իր անփույթ գործողություններով: 59-րդ րոպեին Գեւորգը, վախենալով երկրորդ 11-մետրանոցի նշանակումից, պայքարի մեջ չմտավ Տրայկովսկու հետ՝ թողնելով, որ նա վերստին տիրի գնդակին ու գոլային փոխանցում կատարի Պանդեւին, որն ավելի արագ ու ճարպիկ գտնվեց, քան մեր կենտրոնականները, մասնավորապես՝ Հարոյանը. 2-0:

Գուցե շատերը չեն հասկանում, թե ինչ է նշանակում այս հաշիվը: Բանն այն է, որ ըստ, Ազգերի լիգայի կանոնակարգի, հավասար միավորների դեպքում նախապատվությունը տրվում է միմյանց միջեւ հանդիպումներում ավելի շատ միավորներ վաստակած թիմին: Այսինքն՝ եթե ընդունենք, որ Հայաստանն ու ՆՀՀ Մակեդոնիան մյուս խաղերում հաղթելու են խմբի հետնապահ համարվող Լիխտենշտայնին ու Ջիբրալթարին, ապա երեւանյան հանդիպմանը մեր ընտրանին պարտավոր է ոչ միայն հաղթել մակեդոնացիներին՝ առաջին տեղ դուրս գալու եւ «Եվրո-2020»-ի ուղեգրի համար պայքարը շարունակելու նպատակով, այլեւ դա անել կա՛մ նույն 2-0 հաշվով (այս դեպքում հաշվի կառնվի բոլոր խաղերում խփած գնդակների տարբերությունը), կա՛մ 3 գնդակի տարբերությամբ: Այսինքն՝ մակեդոնացիները երեկ առավելության մեծ պաշար ստեղծեցին իրենց համար, իսկ մեր թիմը ցույց տվեց, որ նման խաղով ոչ մի բանի չի կարող հավակնել:

Խաղից հետո Մինասյանն ասել է, թե մակեդոնացիներն իրացրել են 2,5 պահից 2-ը, իսկ հանդիպման վրա ազդել է այն, որ Հայաստանի հավաքականը չի օգտագործել իր պահերը: Ճիշտ կլինի, սակայն, որ Մինասյանը խոստովանի հետեւյալը. մեր ընտրանին իր հերթին 1,5 իրապես վտանգավոր պահ է ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Առաջինը երկրորդ կեսում մակեդոնացի պաշտպանի սխալից հետո Համբարձումյանի ձեռնարկած հրաշալի փոխանցումն էր, որը Տիգրան Բարսեղյանը պարզապես պարտավոր էր իրացնել: Բարսեղյանը համարձակվեց չհասնել մի գնդակի, որին հարվածելու ոչ մի խոչընդոտ չկար, դարպասն էլ դատարկ էր՝ Դիմիտրիեւսկին ընդառաջ էր գնացել Համբարձումյանին՝ լավ առիթ ստեղծելով Բարսեղյանի համար, այնինչ հայ ֆուտբոլիստը հապաղելով փորձեց սահանկումով հասնել գնդակին ու չկարողացավ: Առիթ ունեցել ենք ասելու, որ Բարսեղյանին պակասում է գոլահարներին հատուկ ֆիզիկական ու մտքի ճկունությունը: Նշված փաստը դրա հերթական ապացույցն էր: Բարձրակարգ խաղացողն այդ դրվագում մեկից մեկ կպատժեր մրցակցին: Երկրորդ դրվագը խաղավարտին Ղազարյանը հարվածն էր, որը դիպավ ուղղահայաց դարպասաձողին, սակայն իրականում դարպասապահը վերահսկում էր գնդակի ընթացքը, այնպես որ սա Մինասյանի բառապաշարով կարելի է կես պահ անվանել:

Ընդհանրապես, տարօրինակ էր Վարդան Մինասյանի հանգստությունը խաղի ընթացքում. տպավորություն էր, որ նրա թիմը ոչ թե խայտառակ խաղով պարտվում է կարեւոր մրցավեճում, այլ հաղթում է կամ ձեռնտու ոչ-ոքի խաղում:

Մինասյանի թիմն այնքան անկարող, անճարակ տեսք ուներ, որ ֆուտբոլիստներն, իրենց անհաջող խաղից զայրացած, անցնում էին թույլատրելիի սահմանները. մերոնք երբեմն այնպիսի մարտարվեստային-գոտեմարտային հնարքներով էին մրցակցին տապալում խոտածածկին, որ զարմանում էիր: Այդ գործում ակտիվ էին հատկապես Մալաքյանը, Մկրտչյանը, Ղազարյանը, Սարկիսովը: Դեռ լավ է, որ այդքանից հետո դեղին քարտ ստացան միայն Բարսեղյանն ու Սարկիսովը: Տարօրինակ էր նաեւ, որ երկու խաղում այդպես էլ խաղաժամանակ չստացավ հենակետային Ռումյան Հովսեփյանը, ով Կառլենից ու Գոռից ոչ պակաս պինդ ֆուտբոլիստ է եւ երկրորդ հարկում լավագույններից մեկը մեր թիմում: Ավելորդ չէ ասել, որ նշված երկուսը «Փյունիկի» սաներ են, որոնց ժամանակին մարզել է Մինասյանը: Զարմանալի էր նաեւ, որ հավաքական չի հրավիրվել «Ալաշկերտի» խաղացող, նույնպես հենակետային Արտակ Գրիգորյանը: Ձախ պաշտպան, ալաշկերտցի Գագիկ Դաղբաշյանի մասին գրել ենք նախորդ հոդվածում: Դեռ եվրոպական ակումբային մրցաշարերում մեր թիմերի ելույթներն ամփոփելիս էլ գրել էինք, որ հարձակվող Գեղամ Հարությունյանը միանշանակ վաստակել է իր տեղը հավաքականում, բայց Մինասյանը նրան էլ չէր հրավիրել:             

Երկու խոսք Մխիթարյանի մասին: Երբ ԱԱ-2018-ի նախորդ մրցափուլում մերոնք Պոդգորիցայում 1-4 հաշվով պարտվեցին Մոնտենեգրոյին, իսկ վերջինիս ավագ Յովետիչը ֆուրոր արեց, Մխիթարյանը, ինչպես եւ ամբողջ թիմը, խամրած տեսք ուներ: Այս անգամ էլ 35-ամյա վետերան Գորան Պանդեւը, գտնվելով իր կարիերայի մայրամուտին, դարձավ գոլի եւ 11-մետրանոցի հեղինակ՝ կարեւոր հաղթանակ պարգեւելով թիմին: Իսկ որտե՞ղ էր Մխիթարյանը: Չենք ասում, թե նա գնդակ տշող իր խաղընկերների ֆոնին միայնակ պիտի ինչ-որ արտառոց բանով աչքի ընկներ, բայց թեկուզ մեկ-երկու իմաստալից գործողություն նրա գլխավորությամբ տեսա՞նք: Անծանոթ որեւէ մեկը հաստատ չէր գուշակի, թե Հայաստանի հավաքականի որ ֆուտբոլիստն է խաղում «Արսենալում». երեկ մերոնք բոլորն էլ նույն ցածր մակարդակի վրա էին:

Եթե Մինասյանի շտաբն ու թիմը դեռ մտածում են, որ կարող են դուրս գալ խմբից ու հավատում են իրենց ուժերին, ոչ թե պետք է մեղքը բարդեն գոլային պահերը չիրացնելու վրա կամ դրա համար ինչ-որ արդարացումներ փնտրեն, այլ երեկվա բակային, ինչպես ընդունված է ասել, «քուչի» ֆուտբոլից համապատասխան դասեր քաղեն ու հետեւություններ անեն առաջին հերթին տրամադրվածության, մարզական պատվախնդրության տեսանկյունից, այլապես «Հանրապետականում» իրենց հասցեին կրկին սուլոցներ են լսելու: Սթափվելու ժամանակն է:

Հ.Գ. Երեկ Լիխտենշտայնը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է Ջիբրալթարին ու չնայած խփած եւ բաց թողած գնդակների տարբերությամբ Հայաստանից առաջ է, քանի որ անձնական հանդիպման ժամանակ 1-2 զիջել է, գտնվում է 3-րդ հորիզոնականում:        

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի