Դեսպանատների տարածքում ՀՀ ՊՆ զինծառայողներն իրականացնում են զինվորական պահակային ծառայություն. ՊՆ պարզաբանումը

17:23, 10 սեպտեմբերի, 2018

Իրանի Իսլամական Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ ՀՀ դեսպանատների տարածքում ՀՀ ՊՆ զինծառայողների ծառայությունն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ:

Այս մասին պաշտպանության նախարարությունը պարզաբանում է «Հետք» էլեկտրոնային պարբերականի գրավոր հարցմանն ի պատասխան: Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հայտնի էր դարձել, որ դեռևս 2009 թվականից գործում է կարգ, որի համաձայն ՊՆ զինծառայողները ծառայություն են անցնում օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների տարածքում:

Մեր հարցման մեջ խնդրել էինք հստակեցնել, թե ինչու են ընտրվել հենց ԻԻՀ և ՌԴ դեսպանությունների տարածքները, և ՊՆ զինծառայողներն ի՞նչ ծառայություն են անցնում դեսպանատան տարածքում, որին նախարարությունից պատասխանել են.

«ԻԻՀ և ՌԴ դեսպանատներում պահակային ծառայությունն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ՝ ՀՀ իրավասու այլ ծառայության կողմից չիրականացվելու հիմքով՝ հաշվի առնելով նաև դրա ապահովման համար ծախսերի նվազագույն չափերը»:

Թե ինչպես են ընտրվում նման ծառայություն անցնելու համար զինծառայողները և որ օրենքով է կարգավորվում տարբեր երկրների տարածքում զինծառայություն անցնելու կարգը, նախարարությունից հստակեցրել են, որ նշված դեսպանատներում պահակային ծառայության ներգրավվում են ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայություն անցնող զինծառայողները:

«Նշված դեսպանատներում իրականացվում է զինվորական պահակային ծառայություն՝ ըստ պահակակետերի, դեսպանատների անվտանգության ապահովման, ինչպես նաև ռազմական կցորդներին օգնություն ցուցաբերելու նպատակով»:

Հարցին, թե ինչ խնդիր են լուծում դեսպանատան տարածքում ծառայություն անցնող զինծառայողները և ինչո՞ւ է ծառայության նման տեսակ գործում, ՊՆ-ից պատասխանել են.

«Պատվո պահակային վաշտում ծառայության նշանակվելու պայմանները սահմանված են ՀՀ պաշտպանության նախարարի 25.06.2018 թ. N8 հրամանով: Զինծառայողին զինվորական ծառայության վայր նշանակման և տեղափոխման հիմքերը սահմանված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասում»:

Տեղեկացնենք, որ նախարարության մատնանշած կարգի համաձայն՝ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովը իրականացնում է դիտումներ, որի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ հրապարակվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով:

«Տարածքային զինկոմիսարիատներն իրականացնում են դիտումներին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկների հաշվառվում և հաշվառված զորակոչիկների անվանացուցակները դիտումների օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են հանձնաժողովի նախագահին»,-նշված է որոշման տեքստում:

Իսկ այդ զորակոչիկները պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին՝

1)հասակը` 180-ից 190սմ,

2) դեմքի և մարմնի երևացող այլ մասերի վրա դաջվածքների և սպիների բացակայություն,

 3) մարմնի զանգվածի և հասակի կանոնավոր հարաբերակցություն,

 4) դեմքի գեղեցիկ և համաչափ դիմագծեր,

5) առանց որևէ շտկման և ճիշտ գունային զգացողությամբ տեսողություն,

 6) ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա շշուկային խոսքի ընկալման լսողություն:

Պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը չեն մասնակցում՝

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները:

 Հանձնաժողովի կողմից չեն կարող ընտրվել այս կարգի 3-րդ կետում սահմանված պայմանները բավարարող, սակայն դատվածություն ունեցող կամ հոգենևրոլոգիական կամ նարկոլոգիական կամ մաշկա-վեներոլոգիական դիսպանսերներում հաշվառված կամ սահմանափակումով զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված զորակոչիկները, ինչպես նաև միաժամանակ զորակոչվող եղբայրները, եթե եղբայրները ցանկություն են հայտնել ծառայության նշանակվել միևնույն զորամասում և նրանցից մեկի տվյալները չեն բավարարում սույն կարգի 3-րդ կետում սահմանված պայմաններին:

Դիտումներին կարող են մասնակցել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր զորակոչիկի մասով` 2 անձից ոչ ավելի: Դիտումներին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև դիտումների սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին: