«Ժառանգություն» կուսակցության նախընտրական ծրագիր

21:36, 10 սեպտեմբերի, 2018

Իրավատեր երեւանցի եւ Երեւանի կառավարում՝ նրա կամքով

Տասնամյակներ շարունակ Երեւանի կառավարման իրավունքն ի չարս է գործադրվել՝ ծառայելով իշխող խմբի՝ այդ թվում օլիգարխների անձնական շահերին: Յուրացվել ու սեփականվել են հանրությանը պատկանող տարածքներ` այգիներ, պուրակներ, բակեր, մայթեր, շենք-շինություններ: Անհարկի պաճուճանքների, ճոխությունների, խնջույքների ու արարողությունների համար վատնվել, մսխվել է մայրաքաղաքի բյուջեն: Երեւանի ապաշնորհ կառավարիչները դա արել են հանրության աչքից հեռու կայացվող անօրինական որոշումներով, կոռուպցիոն սխեմաներով, աչք փակելով մայրաքաղաքի գլխավոր հատակագիծ-օրենքի խախտումների վրա կամ հենց իրենք ոտնահարելով այն: Նրանք փաստորեն մասնակից են դարձել պետական միջոցների թալանին՝ փայաբաժին ստանալով «ատկատներից» եւ իրենց ընտանիքներին ու մերձավորներին պատկանող կազմակերպություններին «շնորհելով» քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այս կամ այն հաստատության կարիքների համար ապրանքներ, հանրային ծառայություններ մատուցելու իրավունքը: Այս ամենի պատճառով աղճատվել է Երեւանի նկարագիրը, գործնականում բացառվել է այնտեղ բնակվող քաղաքացիների իրավատիրությունը, զրոյացել երեւանցիների զարգացման հնարավորությունը:

Ապրիլյան ազգային վերելքը եւ մայիսյան իշխանափոխությունը թույլ են տալիս շարունակել սկիզբ առած հեղափոխական գործընթացները, կառավարման տեսանկյունից նոր իրավիճակ ստեղծել նաեւ Երեւանում, որպեսզի մայրաքաղաքի ապագայի տնօրինումն անցնի արհեստավարժ, ազնիվ ու սրտացավ մարդկանց ձեռքը, որոնք քաղաքի զարգացումը կտանեն հետաքրքիր մտահղացումների եւ արդյունավետ ծրագրերի իրականացման, համընդհանուր բարեկեցությանն ու քաղաքացու իրավունքների պաշտպանությանը միտված ձեռնհաս քայլերի հունով:

Մենք վերականգնելու ենք տեղական ինքնակառավարման բուն էությունը՝ հասնելով նրան, որ երեւանցիները կարողանան քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով անմիջականորեն մասնակցել քաղաքի կառավարմանը, վերջիններիս պատվիրակել քաղաքապետարանի, թաղապետարանների եւ համատիրությունների մի շարք գործառույթներ:

Երեւանը Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության մայրաքաղաքն է: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր հին ու նորացող ոստանում ՀՀ օրենքը գործի ամենայն բծախնդրությամբ:

Իշխանության վերադարձը ժողովրդին, դրա ուղղակի եւ լիարժեք ներկայացուցչական իրականացումը սկսում ենք Երեւանից:

Երեւանցուն պետք է վերադարձնենք քաղաքի տիրոջ իրավունքը եւ զգացողությունը: Մայրաքաղաքի կառավարման ու ընդունվող որոշումների հիմքում պետք է ընկած լինեն նրա կամքը, տեսակետը, քննադատությունն ու առաջարկը:

Երեւանի համայնքային սեփականության կառավարում, բազմապատկում եւ քաղաքի զարգացման քաղաքականության իրականացում` կուսակցական կառավարման փոխարեն

Համատիրություններ եւ քաղաքի զարգացման ծրագրեր

Համապետական եւ քաղաքային ընտրությունները, հանրաքվեները ցույց են տվել, որ համատիրությունների համակարգը, ըստ էության, ստեղծված է իշխող ուժերին ձայն բերելու, ընտրակաշառքները համակարգված բաժանելու եւ ընտրողների նկատմամբ ճնշումներ բանեցնելու համար: Մնացած ժամանակահատվածում այն գործել է խիստ անարդյունավետ՝ լինելով քաղաքացիներից փող հավաքելու միջոց, որի դիմաց  նրանք որակյալ սպասարկում չեն ստացել: Տարբեր մեխանիզմների միջոցով յուրացվել են քաղաքացիներից հավաքագրված փողերը: Այս ամենը բերել է նրան, որ անհրաժեշտություն է առաջացել վերացնել համատիրությունների գործող համակարգը, ստեղծել կառավարման այնպիսի համակարգ, որի պարագայում քաղաքացիները, ըստ էության, ուղիղ կհարաբերվեն վարչական շրջանների աշխատակազմերի հետ:

Կանաչ Երեւան՝ քարակերտ անապատի փոխարեն

Հանրային զբոսայգիներն ու կանաչ տարածքները կազմում են քաղաքաշինական նորմերով սահմանվածի ընդամենը 20 տոկոսը, եւ այդ ցուցանիշը շարունակում է նվազել: Դրա հետեւանքով չի արտադրվում մարդու թոքերի համար անհրաժեշտ եւ բավարար թթվածնի քանակություն. նորմատիվ համարվող 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին այժմ բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ պակաս կանաչ տարածք, ինչը հարուցել է սուր շնչառական հիվանդություններ կամ նման հիվանդություններով տառապող երեւանցիների շրջանում առաջացրել սրացումներ:

Չոր մայրցամաքային կլիմա ունեցող Երեւանը գտնվում է օշինդրային կիսաանապատի գոտում, որին առավել քան անհրաժեշտ են զանգվածային կանաչ տարածքներ ու ջրային մակերես՝ քամիներից պաշտպանվելու, օդը խոնավացնելու, փոշուց եւ թունավոր նյութերից մաքրելու համար: Քաղաքի կառուցապատման, կանաչ տարածքների ոչնչացման ներկայիս քաղաքականությունը սպառնում է անգամ փոխել բնակլիմայական գոտին` այն կիսաանապատայինից վերածելով անապատայինի:

Անցած 20 տարիների ընթացքում Երեւանը՝ որպես մայրաքաղաք, կորցրել է իր քաղաքային մշակույթի եւ ինքնության կարեւոր տարրերից մեկը, քանի որ հանրային շահը ստորադասվել է մասնավոր տնտեսվարողների բիզնես-շահերին, իսկ հանրային կանաչ տարածքները համատարած կերպով օտարվել ու անխնա ոչնչացվել են` խեղաթյուրելով դրանց նպատակային նշանակությունը թե՛ իբրեւ առողջության աղբյուր, թե՛ սոցիալական շփումների ու քաղաքային մշակույթի դրսեւորման միջավայր:

Մայրաքաղաքի կանաչ եւ հանրային գոտիների օտարման հաշվին համայնքային բյուջեի համալրման գործելակերպն այլեւս չի կարող շարունակվել: Դա վտանգի տակ է դնում Երեւանի կայուն զարգացումը եւ երեւանցու առողջությունը: Քաղաքի գլխավոր հատակագծի շեղումներն ու կանաչ տարածքների ապօրինի կառուցապատումները հասնում են ահռելի չափերի, եւ վճռական քայլեր են պահանջվում դրանք գլխավոր հատակագծի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Նախորդ տարիներին նմանապես գործարկվել է թափառող կենդանիների ոչնչացման տմարդի գործելակերպ:

Վերը թվարկված միտումները կանխելու, ռիսկերը կառավարելու վճռականությամբ` «Ժառանգություն» կուսակցությունը կառաջնորդվի լայնարձակ զբոսայգիներ ու մեծածավալ ծառապատ վերականգնողական եւ հանգստի գոտիներ ստեղծելու ուղեգծով՝ համաձայն գլխավոր հատակագծի գոտեվորման, ինչպես նաեւ Ալեքսանդր Թամանյանի «Քաղաք-այգի» հայեցակարգ-տեսլականի:

Այս ոլորտում իրականացվող քաղաքականության առաջնահերթություններն են.

Առողջ եւ կրթամշակութային Երեւան

Առողջապահությունը նախեւառաջ առողջության պահպանումն է եւ հիվանդությունների կանխարգելումը: Այս առումով երեւանցիների առողջ ապրելակերպը պետք է մշտապես գտնվի քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Սա պետք է դիտվի որպես սեփական ինքնության եւ անհատականության զարգացման ու կատարելագործման բաղկացուցիչ մաս: Սպորտը, ֆիզիկական մարզումները պետք է դառնան յուրաքանչյուր երեւանցու ամենօրյա կյանքի անբաժանելի մասը:

Առողջություն ասելով՝ մենք հասկանում ենք նաեւ հոգեւոր առողջությունը:  Դրան հասնելու համար անհրաժեշտ է խրախուսել ստեղծարարությունը, արվեստի ու մշակույթի պահպանությունը եւ դրանց առաջանցիկ զարգացումը: Քաղաքային իշխանությունները պետք է խրախուսեն երաժշտական դպրոցներում երեխաների ուսուցումը, ստեղծարար եւ մշակութային խմբակներ հաճախումը: 

Արվեստի եւ մշակույթի զարգացումը հնարավոր չէ առանց ոլորտի առաջատար կենտրոնների՝ Եվրամիության եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ արեւելքի հետ լայն համագործակցության: Այդ առումով «Ժառանգությունը» կարեւորում է Եվրամիության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի երկու՝ «Մեդիա» եւ «Մշակույթ» բաղադրիչներին Հայաստանի լիարժեք միացումը, ինչը կվերացնի դեպի Հայաստան խոշոր մշակութային դրամաշնորհների ներհոսքի արգելքները:

 Ամենամոտ ժամանակի կտրվածքով կարեւոր ենք համարում.

Հուսալիորեն պաշտպանված խաղաղության քաղաք

Մայրաքաղաքը լինելու է խաղաղության եւ խաղաղասիրության կենտրոն: Հարգանքը հարեւան եւ աշխարհի բոլոր երկրներում բնակվող ժողովուրդների, նրանց մշակույթների եւ կրոնների հանդեպ առանձնահատուկ հնարավորություններ են ստեղծելու Երեւանի համար դառնալու խոշորագույն տարածաշրջանային կենտրոն: Երեւանը լինելու է Արեւելքը Արեւմուտքին կամրջող քաղաք:

Միաժամանակ` Երեւանը լինելու է պաշտպանված իր ազատ ու արժանապատիվ քաղաքացիների կամքով եւ պատրաստակամությամբ` հակահարված հասցնելու ամեն կարգի արկածախնդրի, ով կհամարձակվի ոտնձգություն կատարել իր դեմ, ինչպես նաեւ Հայաստան-Արցախի սահմանագծի ցանկացած հատվածի հանդեպ:

Այդ նպատակով հարկավոր է`

Վերահսկվողօրինական եւ խելամիտ կառուցապատումապօրինության եւ քաոսի փոխարեն

Մայրաքաղաքում իրականացվող հողահատկացումը եւ շինարարությունը վերջին 20 տարիների ընթացքում գերազանցապես եղել են ապօրինի, ուղեկցվել մանր ու խոշոր չափերի կոռուպցիայով, էլ ավելի աղավաղել քաղաքի ճարտարապետական տեսքն ու ներդաշնակությունը, վտանգել շենք-շինությունների սեյսմակայունությունը, ինչպես նաեւ հանրային շահի քողածածկույթի ետեւում սպասարկել գերշահույթներ հետապնդող անձանց շահերը:

Սեփական կառավարության եւ քաղաքապետարանի հակասահմանադրական, հակապետական որոշումների ու հակամարդկային գործողությունների արդյունքում խոշոր բիզնեսի անհագ ախորժակի զոհն են դարձել Երեւանի կենտրոնի բազմաթիվ սեփականատերեր, որոնք ունեզրկվել, «կուլ են գնացել» մասնավորի շահին: Նույն տարածքում կառուցված Հյուսիսային պողոտան նախագծվել եւ կառուցվել է քաղաքաշինական սկզբունքային լուրջ սխալներով:

Մինչ օրս զանգվածաբար շարունակվել է հանրային բակերի, մայթերի, կանաչ տարածքների, այգիների ու պուրակների յուրացումը: Պատասխանատու այլ մարմինների թվում Երեւանի քաղաքային իշխանությունները դրսեւորել են հանցավոր լռություն, երբեմն նաեւ` ուղղակի հանցակցություն այնպիսի աղաղակող ապօրինություններում, որոնք տեղ են գտել կենտրոնի ու ծայրամասերի, տարբեր վարչական շրջանների բազմաթիվ բակերում:

Քաղաքաշինության եւ կառուցապատման ոլորտում «Ժառանգություն» կուսակցության մոտեցումներն են.

Ոչ մի անօթեւան ընտանիք եւ 70.000 նոր աշխատատեղեր Երեւանում

Մարդավայել կոմունալ սպասարկում եւ որակյալ հանրային ծառայություններնվաստացուցիչկենսապայմանների փոխարեն

Երեւան քաղաքում բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակն անբավարար է գնահատվում, կոմունալ տնտեսությունը եւ նրա ենթակառուցվածքները խորհրդային ու նախախորհրդային ժամանակաշրջանից են՝ չնչին բացառություններով հիմնականում հնացած, չթարմացված եւ վթարային: Վատթար վիճակում է հատկապես վերելակային տնտեսությունը:

Թե´ քաղաքային իշխանությունների, թե´ վարչական շրջանների ղեկավարության լիազորությունների իրականացումը թվարկված ոլորտներում հեռու է բավարար լինելուց: Դրան գումարվել են համատիրությունների գրեթե օրինաչափ դարձած անգործությունը (որոշ բացառություններ չհաշված), բազմաբնակարան շենքերի, սեփական տներով թաղամասերի բնակիչների անհատական անկարողությունը, անտարբերությունը, սոցիալական համերաշխության պակասը, եւ պատկերն ամբողջացել է՝ մաշված ու հաճախակի խցանվող կոյուղագծեր, չաշխատող կամ վթարային վերելակներ, չվերանորոգված եւ վթարված տանիքներ, անբարեկարգ շքամուտքեր, որոնց դեմ-հանդիման միայնակ են մնում հատկապես այն բնակիչները, ում բնակարանը վթարի առաջին թիրախն է: Խնդիրները չեն լուծվել, կամ լուծվել են չնչին մասով, կոսմետիկ եղանակով, եւ բազմաբնակարան շենքերի պահպանության հարցը դարձյալ բաց է մնում:

Համատիրություններն իրենց առաջնային պարտականություններով զբաղվելու փոխարեն, որպես կանոն, կրել են ձեւական բնույթ կամ բնակչության շրջանում իրականացրել ընդամենը բարեխիղճ հարկահավաքի գործառույթ: Իսկ ճնշող մեծամասնությամբ իշխող կուսակցության համար կատարում էին կուսակցության տարածքային ստորաբաժանման դեր` ընտրությունների ժամանակ բնակիչներից քվեներ կորզելու առաքելությամբ: Դրան մեծապես նպաստում էր այն հանգամանքը, որ համատիրությունների ղեկավարներից շատերին ոչ թե բնակիչներն էին ընտրում, այլ նշանակում էր վարչական շրջանի ղեկավարությունը:

Երեւանցիներին մատուցվող հանրային ծառայությունների որակը նույնպես անմխիթարական է: Հատկապես անբավարար է գործում ջրամատակարարման-ջրահեռացման համակարգը, որի կառավարումը հանձնված է «Երեւան ջուր»-ը տնօրինող արտասահմանյան մասնավոր մի ընկերության: 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու մասին պայմանագրային պարտավորությունը շահառուներից շատերի պարագայում ամբողջությամբ չի կատարվում` էլ չասած կենսականորեն կարեւոր այդ հեղուկի նկատմամբ թույլ վերահսկողության եւ դրա անբավարար որակի մասին:

Աղբահանությունը, որի կառավարումը եւս մասնավորի ձեռքում է, քաղաքի մի շարք վարչական շրջաններում իրականացվում է ժամանակի պահանջներին չպատշաճող ձեւով, ինչը ժամանակ առ ժամանակ վարակների ու գարշահոտության պատճառ է դառնում, առաջ բերում մայրաքաղաքի մաքրության եւ սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված այլ խնդիրներ: Մինչդեռ մեր քաղաքացիները պարտաճանաչորեն մուծում են պահանջվող գումարը, որն, ի դեպ, բավական մեծ է:

Նույն իրավիճակն է ձմռանը ձնամաքրման աշխատանքների ժամանակ, երբ ամեն աշնան հայտարարվում է, թե քաղաքային իշխանությունը կազմ ու պատրաստ է ձնահեռացման աշխատանքներին, սակայն յուրաքանչյուր ձմեռ անպատրաստ վիճակում է հայտնվում «անսպասելի եղանակի» պատճառով, իսկ հաջորդող գարնանը «զեկուցում», թե բավարար չափով կատարել է ճանապարհների ու մայթերի ձնամաքրման աշխատանքները: Հարկ է նշել, որ ներկայիս ու նախորդող բոլոր քաղաքային-թաղային իշխանությունները ուշացումով, բազմաթիվ ավտովթարներից ու կոտրվածքներից հետո են միայն մաքրել կենտրոնական, բայց ոչ երկրորդական կամ ներթաղային փողոցները: Իսկ բակերի մուտքերի մասին խոսելն ավելորդ է:

Երեւանի՝ որպես հանրապետությունում ամենից մեծաքանակ աղբ գոյացնող համայնքի, աղբահանության անբարվոք վիճակի պատճառները տարբեր են: Անարդյունավետ կառավարումից, փողերի վատնումից (լվացումից) զատ` կա նաեւ տարիներով չլուծված եւ հանրության համար այդպես էլ առեղծված մնացած մի հարց` ինչո՞ւ չթույլատրվեց հիմնել միջազգային տարբեր ծրագրերով նախատեսված` աղբի վերամշակման գործարան, որի պատասխանատուները պատրաստ կլինեին ոչ միայն վերամշակել աղբն ու դրանից գոյացող թունավոր արտանետումները, այլեւ վճարել մատակարարվող աղբի դիմաց: Այս հանցավոր անգործությունը դառնալու է քաղաքային նոր իշխանությունների հատուկ ուսումնասիրության առարկան:

Քիչ չեն նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից մատակարարվող գազի որակի վերաբերյալ երեւանցիների դժգոհությունները: Պետական ոչ մի ատյան, այդ թվում Երեւանի քաղաքապետարանը, անգամ իր բնակչի համար պարզաբանում չի խնդրել, թե գազի սպառման դիմաց վարձավճարից բացի, ինչու են սպառողներից գանձվում սպասարկման վճարներ (այլ ծառայություններից օգտվելու դիմաց, որպես կանոն, ներառում են նաեւ սպասարկման վճարը):

Եվ, ընդհանրապես, ո´չ Երեւանի քաղաքային իշխանությունները, ո´չ վարչական շրջանների ղեկավարությունը, ո´չ էլ համատիրությունները երբեւէ չեն պաշտպանել բնակչի շահերը հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության առջեւ կամ, ասենք, դատարանում, թեպետ օրենքով պարտավոր են դա անել: Երբեւէ չեն պարտադրել այդ ծառայությունները մատուցող ընկերություններին, որպեսզի նրանք բարեխղճորեն կատարեն իրենց պայմանագրային հանձնառությունները:

Նշված ոլորտներում «Ժառանգություն» կուսակցության գերակայություններն ու սկզբունքներն են`

Բարեկարգլուսավոր փողոցներբակեր եւ բարձրակարգ ասֆալտապատ ճանապարհներ

Տարիների ընթացքում անշուք վիճակում հայտնված բազմաթիվ փողոցներից, բակերից մի քանիսի ցուցադրական բարեկարգումն ավելի շատ խաբկանք կամ ժողովրդին նետված փշրանք է` թաքցնելու համար ամենամյա անգործությունը, պետական միջոցների վատնումն ու յուրացումը:

Փողոցների ու բակերի ասֆալտապատումը նույնպես Երեւանում եղել եւ մնում է «փողերի լվացման» լավագույն հնարքը: Նույն փողոցի բազմակի ասֆալտապատումը կամ կարճ ժամանակահատվածում նոր ասֆալտապատված փողոցների` շարքից դուրս գալը, պարբերաբար իրականացվող «կարկատանները» դրա բազմախոսուն ապացույցն են:

Ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության կանոնների խախտումների մի մասը պայմանավորված է անբարեկարգ փողոցների իրողությամբ, այնինչ պետական ու քաղաքային իշխանությունների պաշտոնեական թերացումների համար տուգանքը վճարում է վարորդը:

Այս բնագավառում «Ժառանգություն» կուսակցության հետապնդած նպատակներն են`

Հարմարավետմատչելի հասարակական տրանսպորտ 

Քաղաքային ուղեւորափոխադրումները բացահայտ վերածվել են մի քանի անձանց ու պաշտոնյաների բիզնեսի, այն էլ` երեւանցու արժանապատվությունը նսեմացնող եղանակներով: Երեւանցին դիտարկվում է ոչ թե որպես սպասարկման ու ծառայության պահանջատեր, այլ՝ եկամտի աղբյուր սոսկ գծատերերի համար, որոնք ոչ մի պարտավորություն չեն զգում ու պատասխանատվություն չեն կրում ծառայության որակի համար, եւ անպատժելի են:

Միկրոավտոբուսների մայրաքաղաքային երթուղային գծերը գերազանցապես պատկանում են իշխանության ներկայացուցիչներին, նրանց մերձավորներին: Երթուղիների համար անցկացված մրցույթների ելքը միշտ կանխորոշված է եղել` շահել են բացառապես «յուրայինները»:

Տարիների ընթացքում ներկրվել ու երթեւեկի մեջ են մտցվել մի քանի տասնյակ ավտոբուսներ` հանրությանը ցույց տալու համար, թե քաղաքային իշխանություններն իրականացնում են միկրոավտոբուսներից դեպի հարմարավետ ավտոբուսների անցման գործընթաց:

Հետեւողականորեն ոչնչացվել է տրամվայների ցանցը, տրոլեյբուսներինը հազիվ գոյություն է քարշ տալիս: Խորհրդային ժամանակաշրջանից անավարտ կամ կիսակառույց մետրոպոլիտենի եւ ոչ մի կայարան շահագործման չի հանձնվել: Սա, թերեւս, ոչ թե ուղեւորափոխադրումների նկատմամբ քաղաքային իշխանությունների անտարբերություն է նշանակում, այլ գործընթացը կարգավորելու մեջ անձնական շահագրգռվածություն չունենալու ապացույց:

Անարդյունավետ եւ հաճախ օրենքի խախտումներով են գործարկվել կարմիր գծերն ու արագաչափերը:

Տվյալ ոլորտում «Ժառանգություն» կուսակցության քաղաքականությունն ուղղված է լինելու նախեւառաջ.

Բարենպաստ գործարար միջավայր ոչ միայն խոշոր, այլ նաեւ փոքր ու միջին բիզնեսի համար

Երեւանում անբավարար ուշադրություն է դարձվում գիտության զարգացմանը եւ դրա հենքով բարձր տեխնոլոգիական, այդ թվում՝ տեղեկատվական արտադրությունների հիմնադրման համար նպաստավոր պայմանների եւ ենթակառուցվածքների ձեւավորմանը:

Վերջին տարիներին մայրաքաղաքում նաեւ նկատելի է խոշոր բիզնեսի ծավալում մանր ու միջին բիզնեսի շուկայի հաշվին, որն ընթանում էր քաղաքային իշխանությունների եւ գործադիր իշխանության հովանավորչությամբ: Դրա հետեւանքով տարիներ ի վեր գործունեություն իրականացրած բազմաթիվ ձեռնարկատերեր հայտնվում էին սնանկացման ու ամեն ինչ կորցնելու վտանգի առջեւ: Տարբեր տարիների քաղաքային իշխանությունները, որքան էլ հարել են նույն կուսակցությանը, պարտադրել են տարբեր պահանջներ, եւ հաջորդող քաղաքապետերը շատ հաճախ չեն ճանաչել նախորդների առաջադրած ու բավարարված պայմանները: Արդյունքում տուժել են առեւտրով, սպասարկմամբ ու բիզնեսով զբաղվող ձեռներեցները:

Այս բնագավառում «Ժառանգություն» կուսակցությունը պարտավորվում է`

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 3-րդ հոդված, կետ 1-ին):

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 3-րդ հոդված, կետ 2-րդ):

Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 3-րդ հոդված, կետ 3-րդ):