Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

18:59, 11 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

ԱԳՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և նշել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ապահովման կարևորությունը: Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է ապակառուցողական գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության աճին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։