Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

19:07, 11 սեպտեմբերի, 2018

Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես փոխգործակցության ու երկխոսության հարթակ եւ ուրախ է հյուրընկալել կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Սարգսյանն ընդգծել է գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու երկրի իշխանությունների վճռականությունն ու հավաստիացրել, որ Հայաստանը պատվով կկատարի իր հանձնառությունը:

Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվելիք տնտեսական համաժողովին:

Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ այն դառնա ավանդական՝ նշելով, որ Հայաստանը կամրջող դեր կարող է խաղալ հյուսիսի ու հարավի, արեւմուտքի եւ արեւելքի միջեւ՝ դառնալ ոչ միայն աշխարհագրական, մշակութային, այլեւ տնտեսական կապերի, բարձր տեխնոլոգիաների խաչմերուկ՝ օտարերկրյա գործարարների ու ներդրողների առջեւ բացելով գործակցության նոր հնարավորություններ: