ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների հրապարակման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

20:21, 11 սեպտեմբերի, 2018

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի  և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսային խոսակցության հրապարակման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Հետք»-ին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել են ԱԱԾ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններ, որոնք արվել են նրանցից գաղտնի: ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը խոսում են Մարտի 1-ի գործի, դրանով անցնող անձանց կալանավորելու հնարավորության, կալանքի միջնորդությունը քննող դատավորներից մեկի հետ կապվելու ու նրան «դուխ» տալու, դատավորի`վախեցած լինելու, կալանավորման միջոցով ցուցմունքներ ստանալու մասին: Խոսակցության ժամանակ շոշափվում է նաև վարչապետի անունը, մասնավորապես` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի կալանքի մասին, ասում է, թե «վարչապետն ասում ա փակենք»:

Գլխավոր դատախազի խորհրդականից հետաքրքվեցին, թե արդյոք քննություն է տարվում ձայնագրությունում առկա՝ պաշտոնատար անձանց կողմից արդարադատության իրականացմանը ենթադրյալ միջամտելու հանգամանքները ստուգելու առթիվ, ինչին ի պատասխան Գոռ Աբրահամյանը նշեց, որ գործը այս պահին հարուցված է քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի ՝ (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով:

Թե կատարվող քննությամբ ինչ քրեադատավարական որոշումներ կկայացվեն, դեռևս պարզ չէ: Հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: