Գագիկ Հարությունյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի 3 թեկնածուի

12:11, 12 սեպտեմբերի, 2018

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էդգար Սեդրակյանի, Արգիշտի Ղազարյանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները:

Թեկնածուներին խորհրդարանում ներկայացրեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Երեքն էլ բավարարում են օրենքով նախատեսված բոլոր պահանջներին, փորձառու դատավորներից են, ընտրության հարցը ձեր իրավասությունն է», - դիմելով պատգամավորներին` ասաց Գագիկ Հարությունյանը:

Էդգար Սեդրակյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, նախկինում աշխատել է խորհրդարանի աշխատակազմում, Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարն է եղել, ԿԸՀ անդամ՝ 2007-2011 թվականներին: Ունի դատական ծառայության երկրորդ դասի բարձրագույն խորհրդականի աստիճան:

Արգիշտի Ղազարյանն աշխատել է գերագույն դատարանում, Վճռաբեկ դատարանում, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ում, տնտեսական դատարանում:

Արծրուն Միրզոյանը 2008 թվականից առ այսօր Վարչական դատարանի դատավոր է, աշխատել է արդարադատության նախարարությունում, ապա Վերաքննիչ դատարանում:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ընտրվում է  փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: