Վարչապետի խորհրդական. «Կառավարությունն ավելի քան 80 հազար կենսաթոշակառուի թոշակը կբարձրացնի»

16:54, 12 սեպտեմբերի, 2018

Կառավարությունը ծրագրում է 2019 թվականի հունվարի 1-ից ավելի քան 80 հազար կենսաթոշակառուի թոշակը բարձրացնել՝ 16 հազար դրամից դարձնելով 25 հազար 500 դրամ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

Վերջինիս խոսքով՝ մշակվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն դրվել է հանրային քննարկման:

«Կենսաթոշակների խնդիրն առաջնայիններից է Հայաստանում, քանի որ մոտ 500 հազար կենսաթոշակառու ունենք, որոնց կենսաթոշակը ցավոք չենք կարող համարել արժանապատիվ: Կառավարության առաջնահերթություներից է անել առավելագույնը այդ խնդիրն աստիճանաբար լուծելու համար»,- ասաց Մեսրոպ Առաքելայնը՝ նշելով, որ Հայստանում կենսաթոշակները բևեռացված են: Նվազագույն կենսաթոշակն այսօր 16 հազար դրամ է, միջինը՝ 42 հազար:

Վարչապետի խորհրդականը նշեց, որ հնարավոր չէր միանգամից բոլոր կենսաթոշակառուների թոշակը բարձրացնել, այդ իսկ պատճառով առաջնահերթություն է համարվել նվազագույն կենսաթոշակ ստացողներինը:

«Կարևոր բարեփոխում է կատարվում: Արդեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառվում է օրենքի նախագիծ, որով ներդրվում է նվազագույն կենսաթոշակի գաղափարը: Անկախ նրանից՝ կենսաթոշակի հաշվարկի արդյունքում ինչ թոշակ է հնարավոր ստանալ, դա չի կարող պակաս լինել նվազագույն կենսաթոշակից: Ընդ որում, նվազագույն կենսաթոշակը կառավարության նախատեսվող որոշմամբ լինելու է բարձր պարենային աղքատության գծից, որն այս պահին կազմում է 23 հազար 300 դրամ: Դրանով արձանագրում ենք, որ ծայրահեղ աղքատ կամ պարենային աղքատ կենսաթոշակառու Հայաստանում չի լինելու»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Թե ինչի հաշվին է այս փոոխությունը արվում, վարչապետի խորհրդականն ասաց, որ կառավարության գործունեության երեք-չորս ամսիների ընթացքում վերլուծվել է բյուջետային մուտքերը, որոնք հնարավորություն են տվել նման առաջարկով հանդես գալ: Դիտարկմանը՝ 2019 թվականի ընթացքում դժվար թե վերը նշված փոփոխությունից ավելին իրականացվի, Մեսրոպ Առաքելյանը արձագանքեց.

«Կենսաթոշակի ցանկացած բարձրացում ենթադրում է բյուջետային ծախս, որն ունի բյուջետային եկամուտների ավելացման անհրաժեշտություն: Այս պահին եղած ուսումանսիրությունների արդյուքնում, հաջորդ տարի պետական բյուջեի պլանավորումը թույլ է տվել կատարել նշված փոփոխությունները: Հաշվի առնելով, որ Հայստանում երկար տարիներ ունեցել ենք ստվերային տնտեսություն, բյուջետային միջոցների ոչ արդյունավետ օգտագործում և դրանց ուղղությամբ կատարվող աշխատաքնները շարունակական են լինելու, մենք ակնկալում ենք, որ մուտքերը տարեցտարի ավելանալու են, որը ենթադրում է բյուջետային ծախսեր: Չի բացառվում, որ բյուջետային մուտքերի պարագայում առանց բյուջեում փոփոխություն կատարելու, սեփական նախաձեռնությամբ որոշ ծրագրերում փոփոխություն կատարվեն»:

Նշենք, որ օրենսդրական նախագիծը դեռ պետք է ստանա կառավարության հավանությունը, որից հետո ընդունվի ԱԺ-ի կողմից, որպեսզի օրենքի ուժ ստանա: