Մշակույթ |
23:41, 22 մայիսի, 2012Նարեն զգում էր, որ մտքերի խռովքը ոտքերին ստիպում է իրարով ընկնել: Մարմինը չէր էլ փորձում ընդվզել ուղեղի դեմ: Պարզապես, ուղեղն ասես նեղ էր գալիս` սպառնով ճոթռել պատյանը: Չէ’, քայլվածքը կանոնել է պետք, ողնաշարին ստիպել է պետք, որ չխուսափի իր նախաստեղծ դերից, որ ապահովի ողերի ձիգությունը, շտկի ուղիղ գծից շեղված ուսերը և վար նետած նյարդերով աջ և ձախ ոտքերին պարտադրի, որ նրանք արժանավայել տանեն դիվային հիթիռների սարսափից քաջքախաղի հանձնված իր մարմինը, մարմին, որ դատապարտված է նաև…ապրելու:
Եվ այսպես` թրթռուն մազափունջը նետեց աչքերից, պիջակի անփայլ կոճակներն ամուր կոճկեց, ճմրթված պայուսակը խորը մխրճեց թևատակ, մեջքը ճոճելով ձգեց, աչքերը մինչև հոնքատակ լայնացրեց` չեղած մշուշից ազատվելու համար և, ապահով մայթից փողոցի կենտրոն անցնելով, իր համար…սևեռեց անցումը հավասարակշիռ վիճակի:
Ինքն իրեն հանդիմանեց. չէ’, ինչ մի դժվար բան է աշխատատեղից տուն տանող մի թիզ ճանապարհը հաղթահարելը: Չէ’, յոթը սարից այն կողմ քո անունով տեղադրվող էն անտերի` գրադի փոխարեն, կենտրոնանալ է պետք շուրջբոլոր զիգզագվող այս մարդկանց վրա: Ասենք` գեղեցիկ ու պաղ այս երիտասարդի, այս ծանր-ծանր քայլող կնոջ ու նրա շուռումուռ գուլպայի, այս` հայացքով քեզ պարագծող, չպարպված կրքերից աչքերի անկյուններում արյան թափանցիկ մակարդուկ հավաքած տարեց տղամարդու, հովանիով ծիածանագույն մանկասայլակում մուշ-մուշ քնած, չալ սվիտերի մեջ ամփոփված մանկիկի վրա:
Այո’, այո’, կենտրոնանալ է պետք, թե ոչ` կսկսես պտտվել մի չեղած առանցքի շուրջ, ամեն պահ փնտրել ինքդ քեզ, փնտրել ու չգտնել, չգտնելով` նորից կորցնել…
Իսկ թե ուղեղիս նժարը հավասարակշռելու համար նստե՞մ նստարանի ոտք եղած այս բետոնե ցցվածքին`մտածեց: Ի՞նչ կասեն: Թո’ղ ասեն, հե’րն էլանիծած, բայց ո՞վ կասի. ամուսնու թևից կախ ընկած, պլպլան, ցրող ոսպնյակի պես անհավաք աչքերով, այտերի թանձր կարմիրով սեփական անշուքությունն առավել ընդգծած այս նորընծա տիկի՞նը: Բայց կասի՞ որ: Երանի~ չէր ասեր: Նա, պարզապես, չի նկատի իրեն, չի նկատի չկարևորելու աստիճան և, իր ու ամուսնու անհարիրության բնազդային գիտակցումից, նրա ոսկրոտ արմունկն առավել ուժգին կսեղմի իր կողերին:
Դե, սիրելի’ս, կուզես ոռնա անքեն ցավից, կուզես դիվահար ոստոստա փողոցի կենտրոնով, կուզես թևածիր մարդկանց գխավերևով` շառաչով կամ համր, միևնույն է` նրանք կամ քեզ չեն նկատի կամ տարակուսանքից ու «դիսկոմֆորտից» կհոսեն դեպ մայթանկյուն, իսկ էներգիայի ձեռքին կրակն ընկածներից ոմանք, քեզ նայելուց, ունքերը հարցականելով պահ մի կզազրախոսեն մինչ…Մինչ լեռներից արձագանքվող ահռելի դղրդյունից քաղաքը չուշաթափվի, կուչ չգա ու չցնցվի, մինչ արկերից խարկվելով`չխուզվեն քաղաքի սփռուն վարսերը…
Նարեն վերջին մտքից անմիջապես բարձրացրեց պիջակի օձիքը և մեծ ջանքերի գնով սևեռած հավասարակշիռ վիճակը լուծեց-անէացրեց վախի գորշույթում: Ուժով բարձրացավ իրեն ցավեցրած կոշտ ցցվածքից, կրկին եկավ ճակատին թափված մազափնջի հախից, բայց զորավոր չեղավ մինչ փողոցի կենտրոն ցատկելու պահը և շարունակեց իրավարի քայլել: Փութում էր արագ հասնել, հասնել ու ծվարել սեփական հարկի տակ, ուր սարսափդ էլ է տեղայնացվում, վախդ էլ, զրնգուն դողդ էլ, հե’րն անիծած, թե հանկարծահաս դիվային աղմուկից գլուխդ կկոխես բարձիդ տակ, որ չհասցնես տեսնել մարմնիդ խոշտանգումը:
Տե’ր իմ Աստված, ո՞ր մի պիղծ արգանդից դուրս պրծածը ստեղծեց այս սուրացող մահը, ո՞ւմ ուղեղն է մոգոնել այս զարհուրանքը, այս ծանրածալ մետաղյա դևը, որ մի օր գա ու դիվային քրքիջով ասի` վե’րջդ եմ, եկել եմ, բայց այնպես եմ եկել, որ չհասցնես մի վերջին անգամ նայել, գոնե, առ Աստված` առ Քեզ…
Նարեն կրկին արձակեց պիջակի կոճակները: Բայց ինչպե՞ս նայի Վերև, ո՞ր Աստծուն, նրա՞ն, որի բիլ աչքի առջև արարվում է այս մարդակուլ գեհենը: Չէ’, չէ’, էս էլ որերորդ անգամ որոշում է ուրիշ բանի մասին մտածել, մտածում է որ ի՞նչ, ախր ինքը որ իր ուղեղին չխղճա, չափսոսա, ուրիշ ո՞վ պիտի այդ անի: «Աշուն է, անձրև, ստվերներն անձև…»,-չհասցրեց…
Նարեն ահասարսուռ ծկլթաց, սիրտը հանգրվանեց չոքերում, մազափունջը նորից թառեց ճակատին: Ի՞նչ էր այս: Ամոթից ծածկեց երեսը . ինչպե՞ս չէր լսել հետևից եկող, իրենց կից շենքում ապրող մորուքավոր կույրի ձեռնափայտի խուլ կտկտոցը, որը, նախահետազոտվող ճանապարհին, անմեղ-անօգնական հարվածել էր իր կոշիկի կրունկին: Ցեխոտ կանգառում կանգնած խառնակ ամբոխը շուտ մարսեց կատարվածը և սուզվեց սարսափ-թանձրույթի մեջ…
-Կներե’ք, կներե’ք, ես…
Կույրն էր: Է~հ, գործիդ գնա է~, էս վախիս դիմաց` քո ներողությունը:
Այս ի՞նչ երաժշտություն է ականջներում: Անծանոթ, շփոթ մեղեդի է` ծանոթ նրբերանգներով: Մտքում առարկայացրեց այն…
Առարկայացրեց և երևակայության բեմում տեղատարափ եղավ. մի համբուրվող զույգ, մի չթարթվող, խոշոր, սարսափ կուլ տված աչք, ոռնացող մի շուն, վախից մեկեն մանկացած չխկիավոր մի պառավ, արյան բնազդով մոր արգանդից լույս աշխարհ խուժել չկամեցող մի հասուն պտուղ, սուրացող արկեր, դիվային դղրդյուն, բոցերի մեջ կորած մի տուն, շրխկշրխկացող ապակիներ, միմյանց ճանապարհ չզիջող, անազդանշան սուրացող շտապ օգնության մեքենաներ:
Ինքն իրեն վիժած քաղաք, քաղաք ու հավատ…
Մեռելածին բանականություն…
Անիծված մահագունդ: Չէ’, չէ’, սա մահ չէ, մահը տղամարդավարի բան է, երբ մարած մարմնիցդ թևին տալով ելնում է հոգիգ, մոլոր կանգնում կողքիդ, մնաս բարով ասում ու անարցունք հեռանում, թափառում դատարկ փողոցներում, թե~թև-թե~թև թևում…
Այս ի՞նչ է, չէ՞ որ երդվել էր էլ չմտածել, ախր, ինչո՞ւ այդկերպ չի մտածում այս` գալիք գրադին շան տեղ չդնող, գրկախառնված այս զույգը կամ շքեղ մեքենայի մեջ ճեփ- ճերմակ գալարաօձիքով, վայելած դեմքով այս փափկասուն տիկինը: Իսկ ի՞նքը…
Իսկ ինքը, թղթե ցնոր տիկնիկ դարձած, բարալիկ վիզը կամովին տանում-դնում է զոհասեղանի այն մասում, ուր հանգում է վերից կախ կացնի ստվերը: Հը՞, հը՞, ո՞վ է ասում, ինքն էլ է ուժեղ, ինքն էլ թքած ունի այն բանի վրա, թե ով է այնտեղ` յոթը սարից այն կողմ, վերցնում իր բաժին անտերը` գրադը, դնում մեքենայի մեջ, որ…
Չէ’, չէ’, արագ քայլելը փրկություն է. պիտի արագ քայլի, պիտի սուրա, բութ ու անտարբեր աշխարհը թողած` առաջ անցնի ինքն իրենից, առաջ անցնի ու հետո, շատ հետո կտրուկ հետ նայի, ըմբոշխնի իր այն մյուս` խենթ ու դիվահար կեսի պարտությունը ու հռհռա, հռհռա` լացի ակը փակելու միամիտ հավատով:
Չէ’, Նարեն ջոկեց, որ ուղեղն իսկապես ընդվզում է: Հը՞, գուցե կառչի գետափին նստած այս երկու փոքրիկներից, փափկի, փափկի, անէանա, լուծվի նրանց մեջ, նրանց հետ տուն-տունիկ խաղա, դառնա նրանց բալիկն ու անհոգ-անհոգ լիզի նրանց տված փայտե կոթով կարմիր աքլորիկը: Հետո պառկի չոփերից սարքած նրանց մահճակալին, քնի` վերացած աշխարհի~ց, մարդկությո~ւնից` մոռացած, որ յոթ սարից այնկողմ մեկը վերցնում է իր բաժին անտերը մետաղյա, որ…
Գետի սառը շնչից տիղմահոտ էր փչում:
Կամ` սպասիր, ո՞վ է ասում, որ ինքը որոշել է հավասարակշիռ լինել:
Չէ’, Աստված իրեն արարել է անհաստատ վիճակների համար, որ ով երերա` ինքը հետը, ով կուչ գա` ինքը պարտվի, ով նվվա` ինքը ոռնա, ով ոռնա` ինքը շաղ-շաղ ծիծաղի, հետո հավաքվի, տեղը գա, պաղ բռան մեջ առնի աշխարհի դարդը, սրտում գեթ մի տաք անկյուն ճարի, ապահով դնի այնտեղ, որ հետո տաքանա~, խլրտա~, խլրտա~, խլրտա ու…սպառնա փշվել ու ծակծկել հոգին…
Փոքրիկները լավ չզգացին Նարեի վերացած ներկայությունից ու, հավաքելով իրենց տնտեսությունը, դժգոհ-դժգոհ հեռացան` հանգրվանելով գետափին` վաղեմությունից հողի մեջ խրված բեռնատարի թափքում:
Թանձրացող ցուրտը, որ մարող տերևների տամկահոտ ուներ և մոտեցող ձմռան գույժ, եկավ, պարուրեց Նարեի մարմինը, մաշկով ներս հոսեց, հովացրեց արյունը, պաղ հոսանքից ուղեղն էլ հանդարտվեց, ականջներում խշշացող աղմուկն էլ բարակեց, վախն էլ դուրս եկավ ու, տեսակցություն թույլատրող միլիցիոների պես, բութ ու անհոգի կողքի կանգնեց: Մտքերը շարվեցին հերթով` ամենքն իրենց տեղում, ու իր պիջակի անփայլ կոճակներին էլ ուշադրություն չսևեռեց:
Լավ է, որ ցերեկը տեղի տվեց մշուշոտ իրիկնաժամին, տաք էլ հագնված էր և կարող էր այդ դաժան սթափության հետ մեն-մենակ լինել: Անցած ժամանակների հետ էլ հաշտ չէր, բայց, լույս երկուշաբթի տեսած երազի պես, նոր օրերն էլ չարագույժ եղան, այնքան չարագույժ, որ մարդը…
Որ մարդը, որ մարդը դարձավ միակ բաբախուն մատերիան: Մարդը, չէ` մարդակերպը, կարոտեց կոկորդից ծորացող արյան համին: Մի ամբողջ սերնդի ջանք, կամք, իմացություն, աշխատանք աղբատար մեքենա նետվեց և, գոնե, ոչ սև արկղիկով, այլ բահով` կարտոֆիլի կճեպների ու պահածոյի դատարկ տուփերի հետ, և, անեծք չարքին, նետողներն էլ մորուց անկճիռ ուղեղներով էին: Նետեցին…
Ասենք, անհատի ոգին նետեցին, անհատը հո մնա՞ց, այդ թվում` և կինը` նրբի~ն, թո~ւյլ, աստվածայի~ն, պի~նդ մեջք ուզող…
Եվ մնաց, մնաց, որ խելո~ք-խելո~ք, պա~ղ-պա~ղ, խո~րը-խո~րը տղերքը գան, գան ու պեղեն, պեղեն ու տաք մոխրի տակից մարող կրակ, ֆսֆսացող պող գտնեն, շոյելուց, սիրելուց շո~ւտ…հոգնող երկար, բարակ, դեղնամաշկ մատները տաքացնեն և թողնեն-հեռանան` ռունգերով նոր` ո~ւրիշ զամբիկի հետույք հոտոտելով, հեռանան ու չվրնջան, որ, գոնե, էդ անհայտին պահ տված վրնջյունը պահես քեզ, պահես մոխիրներդ ծոցում…
Է~հ, գնացեք, ձեզ սեր պետք չէ, ձեզ տաքուկ անկյուններ են պետք, ձեր գենը պահելու զորու արգանդներ, որ պատկանեն թեկուզ մեծն ունայնությանը: Ձեզ հովանի է պետք, որ մտնեք տակը, ծվարեք, եղածը օջախ կոչեք, բայց ուղեղներիդ տափարակներում վարգի հրավերք հղեք ուրիշ, ուրի~շ զամբիկների…
Որ ի՞նչ, ձեր պարտությունը մեծատառված է, մեր հաղթանակն էլ`… անդամահատված: Երևի դուք ունայնին էիք արժանի, մենք խիտ ամայությանը, որ միշտ հեռակա դաշտերով հպվենք միմյանց, հպվենք ու կայծ չտանք, քանի որ ոգու աչքը նախօրոք էինք հանել…
Նարեն հոգու սառնությունը փարատելու և հովատակ-որձերին մոռանալու համար, փորձեց ցրել մլարը և հիշել կողակից փնտրող այն մեկին, որի սանդղակված պայմաններին, երևի թե, ինքը համապատասխանում էր: Հիշեց նրան, նրա հատ-հատ, մեռյալ մորզե հիշեցնող դիմելաձևը, որի մեջ զարմանալիորեն բացակայում էին… ախորժակի, ատամների ու սեռական կարելության սահմանների մասին հարցերը:
Հիշեց և…համադրեց մամռոտ քարերի վրա, օդում հավիտյան կախված մնացած համբյուրները, հիշեց ա’յն լուսինը, ա’յն սարսուռը, ա’յն ապրված լուսաբացը և…և ա’յս քրտնաթոր ճաղատ-կոմպյուտերին ու սրտխառնուք զգաց: Զգաց ու էլի ցատկեց տեղից: Ցատկեց և զգաց, որ դալուկ ճակատին հարվածում են իր իսկ երկնած “ինչո՞ւ”-ները և գոռաց: Գոռաց և էլի վազեց: Վազեց ոչ գժի պես` որ ժայթքի ինքն իր միջից, դուրս հորդա, այլ այնպես, որ…
Այնպես, որ, գոնե, նրան` իր մյուս կեսին, որ մեռցրել էին, արալեզները լիզեն, կենդանացնեն: Կենդանացնեն, որ գոնե նրան թողնի ա’յն կեռ լուսինը, ա’յն մամռոտ քարերին կախված մնացած համբույրը, ծոցում պահած ա’յն պաղ-պաղ մատների եղած-հեքիաթը, և նաև…իր բաժին վախը, վախը` անհեթեթ մահվա, որ արարեցին մեծարում և նստելատեղը լրբենի շոյող բազկաթոռ տենչացող, չսիրուց սպրդած այրերը: Նրանց շատ պետքն էր, որ քո մայրը էլ քեզ նորից չի ծնելու, որ քեզ` երազկո~տ ու տա~ք, մաքո~ւր ու հավատավո~ր, դնում են իրենց դիվոտ քմայքի զոհասեղանին` կենդանի պահելով…զգայարաններդ…
…Նարեի ականջներում կրկին շառաչեց խռիվ մեղեդին, էլի մլարը բիբին չոքեց, էլի կոխ բռնեց անփայլ կոճակների հետ ու վազեց, սուրաց և…փուլ եկավ կոշտ բազմոցին: Մի ահռելի մոլորակ և…
Կոմպյուտեր-ճաղատի ձայնը լսափողի մեջ լսեց ավելի շուտ, քան կգիտակցեր առաջին անգամ նրա հեռախոսահամարը հավաքելը:
-Ես եմ:
-Հիմա’, հիմա’, հոգի’ս…
Լսափողը դխկաց հատակին:
Հետո` հեծկլտոցի միջից, կրկին հավաքեց նույն թվանշանները.
-Ես եմ էլի, ո’չ, ո’չ, գալդ բոլորովին իմաստ չունի, ես համարդ շփոթված հավաքեցի, ես ուրիշին եմ սպասում, ես…
Հեկեկոցի մեջ երկրորդ դխկոցը լսելի չէր…
Լենա Հովսեփյան
Գորիս
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 3803 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2667 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 2069 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
21.05.2013
դիտվել է 1676 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
16.05.2013
դիտվել է 1638 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
17.05.2013
դիտվել է 1467 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը