HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու չի բացահայտվում Ջոշուա Հագլանդի սպանությունը

Փետրվարի 13-ին ժամը 14:20-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում, ԵՊՀ-ի հարեւանությամբ մեքենայով փորձում են վրաերթ կատարել եւ ահաբեկել փաստաբան Մարինե Ջանոյանին:
Մեքենան կտրուկ արգելակել է, եւ վարորդի կողքից իջել է մոտ 30 տարեկան մի բարձրահասակ եւ գեր տղամարդ, մոտեցել տիկին Ջանոյանին եւ վատ հայերենով ասել. «Ի՞նչ իրավունքով ես վարկաբեկում մեզ: Չափդ ճանաչի, հանգիստ ապրի: Կյանքիդ մասին մտածի»: Տիկին Ջանոյանը հասցրել է արձանագրել, որ իրեն ահաբեկողների մեքենան սկսվում է 64 համարով, արծաթագույն է եւ սեփական համարանիշով:

Տիկին Ջանոյանի համոզմամբ` իրեն նախազգուշացնողներն ուժային կառույցների ներկայացուցիչներ են, իսկ ահաբեկման պատճառը փետրվարի 9-ին նրա հրավիրած մամուլի ասուլիսն էր:

ՙՄարդու ամենակարեւոր' կյանքի իրավունքը Հայաստանում ոտնահարված է: Մարդն ապրելու իրավունք ունի անկախ իր կողմնորոշումներից եւ նախասիրություններից՚,-ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Մարինե Ջանոյանը:

Տիկին Ջանոյանի վրդովմունքը կապված է 2004թ.-ի մայիսի 17-ին Երեւանի Բրյուսովի անվան պետական համալսարան հրավիրված դասախոս Ջոշուա Հագլանդի սպանության հետ: Հագլանդին սպանված են գտել իր շենքի բակում' դանակը սրտի մեջ, ինչպես նաեւ գլխին ստացած բազմաթիվ հարվածների հետքերով:

Դեպքից անցել է ավելի քան մեկ ու կես տարի, սակայն հանցագործությունը դեռ բացահայտված չէ: Ավելինª առանց տեղյակ պահելու տուժողի իրավահաջորդին, Երեւանի դատախազությունը գործի վարույթը կասեցրել է, իսկ նախաքննությունը եւ ուղեկցվող միջոցառումները դադարեցված են: Հիշեցնենք, որ դատախազությունը քննությունը տարել էր Ջոշուա Հագլանդի անձնական կյանքի վերջին շրջանի դրվագների ստուգմամբ` սեռական կողմնորոշման շեշտադրումներով, եւ դա նրանց ՙհաջողվել էր՚:

Ոստիկանություն են բերվել Ջոշուա Հագլանդին ճանաչող երկու միասեռականներ' Վահե Կարապետյանը եւ Հրայր Սարգսյանը, որոնց բռնության եւ ճնշումների ենթարկելով` ստիպել են իրենց մեղավոր ճանաչել Հագլանդի սպանության մեջ: Վերջիններս, լինելով միասեռականներ, իսկապես ճանաչել են Ջոշուա Հագլանդին, հաճախակի հանդիպել եւ շփվել են նրա հետ:
Որպես սպանության շարժառիթ դատախազությունն ընդունել է խանդը, իսկ սպանության կազմակերպիչ եւ կատարող' Վահե Կարապետյանին, որը, ըստ նախաքննության, խանդել է Ջոշուա Հագլանդին իր զուգընկեր Հրայր Սարգսյանի նկատմամբ:

«Դատախազության որոշմամբ առաջ քաշված վարկածը հիմնավորելու համար որեւէ փաստական տվյալ բերված չէ, իսկ այդ ուղղությամբ կատարված հարցաքննություններն ու փորձաքննությունները որեւէ դրական արձանագրություն չեն տվել վարկածի օգտին»,-ասաց տիկին Ջանոյանը:
Փաստաբանի կարծիքով' դատախազության խնդիրը ոչ թե Ջոշուա Հագլանդի սպանության բացահայտումն է եղել, այլ բարոյահոգեբանական ճնշումների, ահաբեկելու միջոցով գործի բացահայտմանը խոչընդոտելը. «Ոստիկանություն բերված եւ պահված մի շարք անձինք, հետապնդումներից ու բռնություններից ահաբեկված եւ նվաստացած, հեռացել են Հայաստանից եւ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում»:

Փաստաբան Ջանոյանը վստահ է, որ Հագլանդի սպանության գործով ոստիկանությունն է առաջ քաշել Վահե Կարապետյանի, Հրայր Սարգսյանի եւ

այլոց վարկածը եւ հրամցրել դատախազությանը.«Փաստն այն է, որ Կենտրոնի ոստիկանությունը Վահե Կարապետյանին, Հրայր Սարգսյանին եւ նրանց ընկերներին ճանաչել է ավելի վաղ, նախքան Հագլանդի սպանությունը եւ նրանց նկատմամբ ունեցել է հստակ վերաբերմունք եւ տրամադրվածություն»:
Հագլանդի սպանության գործը կասեցնելու որոշման մեջ չի երեւում ոմն Սաքոն, որը մի քանի անգամ գիշերել է Հրայրի եւ Վահեի բնակարաններում' ընտանիքի եւ հարազատների հետ հնարավոր կոնֆլիկտներից խուսափելու համար: Սաքոյի հարազատները, պարզելով նրա գիշերելու վայրը, գնացել են Հրայրի եւ Վահեի բնակարան, հարձակվել վերջիններիս վրա, նրանց ահաբեկել եւ Սաքոյին իրենց հետ տարել:

Վախենալով Սաքոյի հարազատների նոր հարձակումներից եւ սպառնալիքներից' Հրայրն ու Վահեն բողոք են ներկայացրել Երեւանի Կենտրոնի ոստիկանություն: Այստեղից էլ սկսվել է ոստիկանության ծանոթությունը մի կողմից միասեռականներ Հրայրի եւ Վահեի, իսկ մյուս կողմից' Սաքոյի եւ նրա հարազատների հետ: Որոշ ժամանակ անց Սաքոյի հարազատները «փակել են» Հրայրի եւ Վահեի բողոքը:

Սաքոն նորից է ի հայտ եկել 2004թ.-ի մայիսի 17-ից, այս անգամª Ջոշուա Հագլանդի ծանոթների շրջանակում: Հագլանդի սպանությունից հետո Հայաստան ժամանած Ջեյմ Հագլանդինª սպանվածի եղբորը, հաջողվել է պարզել, որ սրճարաններից մեկում Սաքոն ծանոթացել է Ջոշուա Հագլանդի հետ եւ մի քանի անգամ հրապարակավ հայտնել, որ դեմ չէր լինի Ջոշուա Հագլանդի հետ մոտ ընկերությանը:
«Հետագայում ի՞նչ զարգացում է ունեցել Սաքոյի եւ Հագլանդի ծանոթությունը մինչեւ վերջինիս ողբերգական մահը, կարծում ենք, որ քննության առանցքային խնդիրն է»,-գտնում են փաստաբաններ Տիգրան եւ Մարինե Ջանոյանները:

Նախաքննության կողմից Սաքոյի հանգամանքը քննության առարկա չդարձնելը, ըստ սպանվածի իրավահաջորդի' Ջեյմ Հագլանդի, կապված է Սաքոյի հարազատների բարձր հովանավորչությամբ: Նախաքննության մարմինը անտեսել է նաեւ մեկ այլ հանգամանք, որը, բնականաբար, տեղ չի գտել գործի վարույթը կասեցնելու մասին որոշման մեջ:

Ջեյմ Հագլանդը հայտնել է, որ իր եղբայրը Հայաստանում լուրջ տարաձայնություններ ու կոնֆլիկտներ է ունեցել Երեւանի Բրյուսովի անվան լեզվի պետական համալսարանում' կապված իր դասախոսական գործունեության հետ:
Իր ընկերներին ուղղված նամակներում Ջոշուա Հագլանդը դժգոհել է Բրյուսովի համալսարանի անընդունելի բարքերից, որոշ ուսանողների անպատասխանատու պահվածքից:

Մեկ այլ ընկերոջ Հագլանդը պատմել է, որ առանձին ուսանողուհիներ բողոքի ակցիա են կազմակերպել ուսանող-դասախոս ոչ ճիշտ հարաբերությունների պատճառաբանությամբ, սակայն իրական պատճառը հանձնարարություններ կատարելու հարցում Հագլանդի սկզբունքային պահանջկոտությունն է եղել, ինչը տեղիք է տվել որոշ արտոնյալ ուսանողուհիների դժգոհությանը: 2004թ.-ի մարտի կեսերին Հագլանդը Երեւանում իր ամերիկացի գործընկերոջը պատմել է, որ շան հետ փողոցում զբոսնելիս իր վրա է հարձակվել մի անձնավորություն, որը ռուսերեն է խոսել: Դեպքից հետո Հագլանդն ավելի զգուշավոր է դարձել:

«Կարծում ենք, որ քննության համար կարեւոր է պարզել, թե ե՞րբ եւ ու՞մ միջոցով է Բրյուսովի համալսարանում, հատկապես Ջոշուա Հագլանդի անձով հետաքրքրված ուսանողության շրջանակներում հայտնի դարձել նրա միասեռական լինելու հանգամանքը: Ի±նչը կարող էր ուսանողների դժգոհ խմբի բացասական վերաբերմունքի խորացման պատճառ հանդիսանալ»,- ասաց փաստաբան Մարինե Ջանոյանը:
Սպանված Հագլանդի եղբայրը համոզված է, որ Հագլանդի սեռական կողմնորոշման մասին լուրերը տարածել է նույն Սաքոն, որը ոչ մի կերպ ՙչի արժանացել՚ նախաքննության մարմնի ուշադրությանը:

Հիշեցնենք, որ Հագլանդը սպանվել է դանակի հարվածից, գլխի վրա հայտնաբերվել են նաեւ 10-ից ավելի հարվածների հետքեր: Փաստաբաններ Ջանոյանները վստահ են, որ բազմաթիվ մարմնական վնասվածքների մի մասը նա ստացել է իր բնակարանում:

«Անվիճելի է նաեւ, որ Հագլանդն այդ վիճակով հայտնվել է իր բնակարանից դուրս, իջել առաջին հարկ եւ նույնիսկ հասել բակ: Այս իրողությունը հաստատվում է նաեւ արյան հետքերով, որոնք բնակարանից դուրս աստիճանների հատվածում տեղաբաշխված են բազրիքի մոտ: Իսկ հարթակներում արյան հետքերը ցրված են եղել, Հագլանդը կարծես թե փորձել է հեռանալ բազրիքից դեպի բնակարանների դռները, սակայն հավանական օգնության դիմելու եւ նրա կյանքը փրկելու գործողությունները հնարավոր չեն դարձել»,-ասաց Մարինե Ջանոյանը:

Փաստաբանը նաեւ վստահ է, որ Հագլանդն աստիճանների վրա եւ բնակելի հարթակում միայնակ չի եղել եւ ուղեկցվել է հանցագործության մասնակիցների կողմից, որոնք հնարավորություն չեն տվել, որպեսզի նա օգնություն ստանա. «Հնարավոր չէր, որ այս ամենը կատարվեր առանց ձայների ու աղմուկի, առանց քաշքշուկի ու պայքարի, որը չգրավեր շենքի բնակիչների ուշադրությունը այնպես, ինչպես լսվել է բնակարանի ներսի աղմուկն ու վիճաբանությունը, որի մասին վկայել են 2-րդ հարկի բնակիչներ Գոհար Գյուլբեկյանն ու Արմեն Մկրտչյանը:

Չի բացառվում նաեւ, որ առանձին բնակիչներ լսել, տեսել կամ նույնիսկ ճանաչել են հանցագործության մասնակիցներին, ազատվելու, օգնություն ստանալու փորձեր կատարող Ջոշուա Հագլանդին: Բնակիչներից մեկը' Ալբերտ Երանոսյանը, տեսել է շենքի մուտքից դուրս վազող սեւազգեստ երիտասարդի: Դա նշանակում է, որ բնակիչները գործի բացահայտման համար պոտենցիալ նշանակություն ունեցող ինֆորմացիա ունեն»:

Սպանվածի եղբայրը վստահեցնում է, որ Հագլանդը շատ զգույշ է եղել եւ բնակարանի դուռը բացել է միայն իրեն ծանոթ անձանց առաջ: Այս առումով խիստ հավանական է, որ դեպքի օրը ժամը 22-ի սահմաններում Հագլանդն իր բնակարանի դուռը բացել է իրեն ծանոթ մարդու առաջ, որի օգնությամբ էլ հանցագործները ներս են մտել: Սպանվածի եղբայրը կարծում է, որ դեպքի օրը Հագլանդը դուռը բացել է Սաքոյի առաջ, որն էլ օժանդակել է մյուս անձանց բնակարան մուտք գործելուն, իսկ այնուհետեւ իր անգլերենով կազմակերպել է բնակարանից լսված աղմուկն ու վիճաբանությունը: Փաստաբանի կարծիքով' այս տեսակետից անչափ կարեւոր էր Սաքոյի եւ գործով վկաներ Գոհար Գյուլբեկյանի, Արմեն Մկրտչյանի եւ Ալբերտ Երանոսյանի միջեւ ձայնային եւ արտաքին ճանաչումների անցկացումը:

Ջոշուա Հագլանդի սպանության գործի վարույթը կասեցնելու որոշման մեջ նշված է, որ դեպքի օրը ժամը 22.06-ի սահմաններում գործով վկաները շենքի բակ մտնելիս տեսել են արյունոտված, գետնին ընկած Հագլանդին եւ զանգահարել ոստիկանություն եւ շտապ օգնություն: Մինչ վերջիններիս ժամանումը, Դավիթ Զաքարյանը եւ Կարեն Մարգարյանը Հագլանդից կարողացել են պարզել նրա անունը եւ այն, որ հանցագործները երեքն են եղել: Մինչ շտապօգնության մոտենալը Հագլանդը մահացել է:

ՙԳործի կասեցման որոշումից նաեւ չի երեւում, թե ովքեր են վկաներ Դավիթ Զաքարյանը եւ Կարեն Մարգարյանը' իրավապահ մարմնի աշխատակիցնե±ր, թե± ոչ: Չփարատված մտահոգություն կա, որ մարդասպանների փախուստից հետո հանցագործության գործիքը' դանակը, մնացել է Հագլանդի մարմնում, եւ այն անհետացել է ինչ-որ անձանց միջոցով առաջին շփման ժամանակ: Այս մտահոգության համար հիմք է ծառայել շենքի բնակիչներից մեկի տեղեկատվությունը՚,-ասաց փաստաբանը:

Դեռեւս 2004թ.-ի մարտին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, քննությանն օգնելու եւ հանցագործության մասնակիցներին ի հայտ բերելու նպատակով, գրավոր միջնորդություն է ներկայացրել' համաձայնելով որոշ հետեւություններ եւ վերլուծություն տրամադրել, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:

Սպանվածի իրավահաջորդը պահանջում էր մանրակրկիտ ստուգումներ անցկացնել այն ուսանողների շրջանում, ովքեր ուսումնական պարտականությունները բարեխիղճ կատարելու հարցում խնդիրներ են ունեցել Հագլանդի հետ, հատկապես այդ ուսանողների ազգակցական ու բարեկամական հնարավորությունները, որոնք օրենքից դուրս գործելու արտոնությամբ կարող էին իրենց ենթակայության, իշխանության կամ ազդեցության տակ եղած ռեսուրսներով կազմակերպել ամերիկացի միասեռական դասախոսին պատժելը, որը հաշվի չէր առել տեղական ՙգերակայությունները՚:

Սպանվածի եղբոր ձեռք բերած տեղեկատվությունը նրան թույլ է տալիս ենթադրել, որ Ջոշուա Հագլանդը սպանվել է վերը նշված շարժառիթներով զինվորական շրջանակների կողմից, ինչով էլ պայմանավորված է գործի բացահայտման ՙարդյունավետությունը՚:

Փաստաբան Մարինե Ջանոյանը վստահ է, որ նախաքնությունն առաջնորդվել է կեղծ վարկածով, եւ սպանությունը կապված է ոչ թե Ջոշուա Հագլանդի սեռական կողմնորոշման, այլ Բրյուսովի անվան համալսարանում տիրող իրավիճակի հետ: Ի տարբերություն հայ դասախոսների, Հագլանդի համար անհասկանալի է եղել որոշ ուսանողների արտոնյալ վիճակն ու դասերի նկատմամբ անպատասխանատվությունը:

«Հագլանդի սպանությունը բացահայտելու հարցում խիստ մտահոգված է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, որը պատրաստ է քննիչներ տրամադրել, սակայն հայկական կողմից գործը բացահայտելու ցանկություն չկա»,-ասաց տիկին Ջանոյանը:

Ավելին' բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը' Ազգային անվտանգության ծառայության պետի տեղեկալ Հրաչ Հարությունյանը, որը հայտնի է «Կրակեմ Հրաչ» մականունով, տիկին Ջանոյանին հայտնել է, որ չի ընդունում համասեռամոլներին: «Ես նրա հետ չէի քննարկում նրա վերաբերմունքը համասեռամոլների նկատմամբ: Սպանել են մարդու, եւ նրա սեռական կողմնորոշումն այստեղ էական չէ»,-ասաց տիկին Ջանոյանը:

Փաստաբան Ջանոյանները տասը կետից բաղկացած առաջարկություն են ներկայացրել Երեւան քաղաքի դատախազություն' Ջոշուա Հագլանդի քրեական գործի վարույթը կասեցնելու անհիմն որոշման, գործով հետաքննության եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումները Երեւանի Կենտրոնի դատախազության միջոցով չիրականացնելու, ոստիկանության կողմից կատարված խախտումներին եւ ապօրինություններին իրավաբանական գնահատականներ տալու եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Տասը կետից բաղկացած առաջարկն ավատվում է հետեւյալ կերպ. «Քննության ընթացքի եւ արդյունքների մասին տեղեկացնել տուժողի իրավահաջորդներին' իրենց դատավարական իրավունքներն իրականացնելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter