HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարգավորման նմանակումը գործնական առաջարկությունների բացակայություն է»

Հարցազրույց Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի ծրագրերի համակարգող, վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանի հետ 

- Վերջերս շատերը պնդում են, թե 2006թ. կդառնա Ղարաբաղյան խնդրի լուծման տարի: Ի՞նչ կարծիքի եք այս մասին: 

- Շահագրգիռ կողմերի եւ վելուծաբանների նման հայտարարություններին ես վերաբերվում եմ բավական մեծ հոռետեսությամբ, ինչը բխում է իրականության եւ գործընթացի միտումների իմացությունից: Սակայն որոշակի, թեեւ ոչ բավարար հիմքեր նման լավատեսական հայտարարությունների համար, այնուամենայնիվ, կան: Դրանք Հայաստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում ե՛ւ ներքաղաքական իրողություններն են, ե՛ւ աշխարհաքաղաքական պայմանները, ե՛ւ տարածաշրջանային տնտեսական ծրագրերը, ե՛ւ համապատասխան հասարակական տրամադրությունները, որոնք անուղղակիորեն հաստատվում են սոցիոլոգիական հետազոտություններով: Սակայն քաղաքականությունը ուղղագիծ գործընթաց չէ, այն հաճախ օբյեկտիվ պայմանների հետ ոչ մի ընդհանուր բան չունի, փոխարենը անկանխատեսելիության մեծ ներուժ ունի: Այսինքն` կարգավորման (ինչպես եւ քաղաքական որեւէ գործընթացի) այսպես կոչված «օբյեկտիվ» պայմանները գործնականում ամեն քայլափոխի տեղը զիջում են սուբյեկտիվ, հաճախ չնախատեսված գործոններին, որոնք գերակշռող են դառնում:

Ղարաբաղյան հակամարտության եւ դրա համարյա թե «լուծման» դեպքում (նման տերմինն ինձ բավական միամիտ է թվում) ամեն ինչ այդքան պարզ չէ նաեւ օբյեկտիվ պայմանների տեսանկյունից: Գլխավոր հանգամանքներից մեկը` ակտիվ կարգավորման ճանապարհով գնալու կողմերի վճռականությունը, ավելի մանրամասն քննության կարիք ունի: Վերացական վճռականությունը, բարյացակամ ոճը քիչ ընդհանուր բան ունեն հակամարտող կողմերի` «կարգավորման հասնելու» վճռականության հետ: Հենց իրական հակամարտող կողմերի, այլ ոչ թե նրա՛նց վճռականության, ովքեր «նշանակված են» որպես այդպիսիք: Առայժմ ԼՂՀ-ն դեռեւս հանդես է գալիս որպես կարգավորման գործընթացի օբյեկտ, թեեւ առաջարկվող բոլոր մոդելներում ու օրինակներում (ընդհուպ` Ալանդականը) հակամարտության իրական կողմերը համապատասխան որակումներ էին ստացել` առանց ուշադրություն դարձնելու դրա հետ անհամաձայն կողմերի նկրտումներին: 

- Հայաստանում եւ Ադրբեջանում տարածված կարծիք կա, որ մենք գործ ունենք ոչ թե իրական բանակցային գործընթացի, այլ դրա նմանակման հետ: Ընդ որում` նմանակում են բոլորը՝ ե՛ւ հակամարտության կողմերը, ե՛ւ միջնորդները: Դուք համաձա՞յն եք այդ կարծիքի հետ: 

- Ինձ թվում է, որ մեկը մյուսին չի բացառում, եւ պետք չէ միանշանակ բացասական համարել այսպիսի վիճակը: Ի՞նչ է ցանկացած քաղաքական գործընթացի նմանակումը: Գաղտնիք չէ, որ այն տեղի է ունենում այն ժամանակ, երբ գործընթացի մասնակիցները եւ ուղեկցող ամբողջ մթնոլորտը համապատասխան կոնկրետ, օբյեկտիվ հիմք չունեն իրական փոփոխությունների ճանապարհով իրոք առաջ գնալու համար: Գործընթացի նմանակումը թայմ-բրեյկ է (հանգստի ժամ), գործնական առաջարկությունների կամ դրանք քննարկելու համար պայմանների բացակայություն: Սակայն երբ լրագրողները գրում եւ խոսում են բանակցային գործընթացի նմանակման մասին, ինձ համար ակնհայտ է մեղադրական ենթատեքստը: Կարծում եմ` դա տեղի է ունենում կարգավորման` որպես միաժամանակյա գործողության պարզունակ ընկալման պատճառով: Կարգավորման գործընթացը, մինչեւ մեր հասարակություններում կփոխվեն դրա մոտեցումները, պետք է անցնի շատ փուլերով:

Շահագրգիռ եւ միջնորդ կողմերը երբեմն առաջարկում են նախապես անիրական, հակամարտության նախապատմությունից եւ իրական կառուցվածքից կտրված կարգավորման տարբերակներ, որոնք, բնական է, կողմերց եւ ոչ մեկը որպես իրական չի ընդունում: Ձգտելով առաջարկել լուծումը` խաղաղարար մասնագիտական շատ կազմակերպություններ համառորեն խորհուրդ են տալիս հակամարտության կողմերին համարյա թե գնալ 1988 թվականի ստատուս-քվոյի փուլային (կամ փաթեթային) վերականգնման ճանապարհով, ինչը ամեն տեսանկյունից ծայրահեղ անհեթեթություն է: Այսինքն` անտեսվում է կատարվածի բուն իմաստը: Բայց, Շիմոն Պերեսի հանրահայտ արտահայտությամբ, ձվածեղից նորից ձու սարքելը ոչ մեկին երբեք չի հաջողվի, սա ակնհայտ է ցանկացած ողջամիտ մարդու համար: Կարգավորման նման մոտեցումներին կարելի է տալ սխոլաստիկ, ձեւական բնութագրումներ, թեեւ առաջին հայացքից դրանք կառուցողական են` տոգորված մարդասիրական ոգով: 

- Արդեն ավանդույթ է դարձել հակամարտության լուծումը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների հետ կապելը: Կա՞ն, արդյոք, տեղաշարժեր այս հարցում: 

- Նման կարծիքը հիմնված է այն բանի վրա, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունները լավ գործիք են այնտեղ իրենց երկարաժամկետ շահերն ունեցող ուժերի համար: Հակամարտության եւ դրա կարգավորման ողջ գործընթացը երրորդ ուժերին տարածաշրջանի գործերին ավելի ակտիվ խառնվելու բազմաթիվ առիթներ է տալիս, ընդհուպ` այնտեղ ռազմական ներկայության ուժեղացումն ու դաշինքների հավասարակշռության փոփոխությունը: Խաղաղարարությունն ու միջնորդությունն էլ են ոչ միայն արտաքին քաղաքական լուրջ ասպարեզ, այլեւ` շահերի բախման, սեփական ազդեցության տարածման համար պետությունների մրցակցության ոլորտ: Տարածաշրջանում լիովին բնական եւ օրինական շահեր ունեցող, տարածաշրջանին սահմանակից Ռուսաստանի համար «մերձավոր արտասահմանի» հայեցակարգը հակասությունների որոշակի խումբ է ստեղծում Արեւմուտքի հետ հարաբերություններում: Բացի այդ, տարածաշրջանը սահման ունի էներգետիկ ռեսուրսներով հարուստ Կասպյան ավազանի հետ եւ մի տեսակ կապող օղակ է Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի միջեւ:

Շատ վերլուծաբաններ համարում են, որ առանց Ռուսաստանի չի լինի ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Սակայն, չարժե ֆետիշացնել կամ սատանայական երանգներ հաղորդել թե՛ այդ շահերին, թե՛ այդ ազդեցությանը, եւ թե՛ այդ շահերի միջեւ եղած կոնֆլիկտին: Այսօրվա դեռեւս անառարկելի հեգեմոնը` ԱՄՆ-ն, տարածաշրջանում ակնհայտորեն հակամարտությունների կարգավորում է ուզում, ինչը բխում է նրա իսկ, ինչպես նաեւ տարածաշրջանում ակտիվ անդրազգային կորպորացիաների շահերից: Եվրոպան նույնպես այստեղ կայունություն եւ կանխատեսելիություն է ցանկանում: Իսկ Ռուսաստանն աստիճանաբար համոզվում է, որ տարածաշրջանի անկայունության հետ կապվող հնարավորություններն այնքան էլ լավը չեն եւ ձգտում է դուրս գալ խաղից առանց «դեմքը» կորցնելու եւ առանց իր ազգային երկարաժամկետ շահերի համար շոշափելի կորուստների: Սակայն, ինչպես կարծում են շատերը հենց Ռուսաստանում, այդ շահերը մանրամասն ճշգրտման կարիք ունեն: Այս ամենն աշխարհաքաղաքական այն իրավիճակն է, որն, ըստ էության, կարող է նպաստել ընթացիկ տարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավելի ակտիվ շրջան սկսելուն: 

- Հիմա շատ է խոսվում այն մասին, որ կողմերի միջեւ ատելությունը անշրջելի գործընթաց է, եւ որ հայերի ու ադրբեջանցիների միջեւ խաղաղ գոյակցություն հնարավոր չէ: Ձեր կարծիքը: 

- Ատելությունը, անվստահությունը ոչ միայն զինված հակամարտության (փաստորեն` պատերազմի) երկարատեւ շրջանի արդյունք են, այլեւ ինչ-որ չափով նաեւ այդ հակամարտության պատճառներից են: Ես հեռու եմ մինչ օրս տարածված երեսպաշտական այն մտորումներից, թե ամեն ինչ լավ էր, իսկ ինչ-որ վատ մարդիկ եւ գաղտնի ուժեր արհեստականորեն հրահրեցին հակամարտությունը: Նման կարծիքները հիմնականում խարսխվում են այն ժամանակների կարոտախտի վրա, երբ ոչ թե մենք էինք զբաղվում քաղաքականությամբ, այլ քաղաքականությունն էր զբաղվում մեզանով: Նաեւ` խաղաղ կյանքի նկատմամբ եղած մարդկային բնական կարոտախտի վրա:

Թեեւ, եթե հակամարտության կողմերը նրա սկզբում ունենային պարզ պատկերացումներ, թե ինչպես այն կզարգանա եւ ինչ աղետների կհանգեցնի, ոգեւորությունն անհամեմատ ավելի պակաս կլիներ: Բայց այս ամենը բարի ցանկությունների ոլորտից է, «ճաշից հետո մանանեխ», այնպես որ իմաստ չունի խորանալ այս մտորումների մեջ եւ, մանավանդ, ուղղորդել հասարակությանը այսպիսի անապագա ճանապարհով: Չէ՞ որ, եթե հակամարտության կողմերից մեկը մինչ օրս համոզված է, որ չկային նրա ծագման օբյեկտիվ պատճառներ (եւ եթե որոշակի ուժեր կսատարեն այսպիսի կարծիքը), իսկ մյուս կողմը կանգնում է միանգամայն հակադիր պլատֆորմի վրա, ապա գործը տեղից չի շարժվի: Այս հարցում պետք է ինչ-որ բան փոխել: Մասնավորապես, պետք է արդեն ավելի քիչ ամեն անգամ առիթ եւ անառիթ խոսք տալ պատմաբաններին, սա հակառակ արդյունք է տալիս: Եթե պատմական փնտրտուքները կարողանային ինչ-որ բան տալ իրական կարգավորմանը, ապա դա վաղուց տեղի կունենար: Այս մասով հակամարտության կողմերը վաղուց գերակատարել են պլանը: Երկրորդ` գործընթացում ներգրավված միջազգային միջնորդները վատ են հասկանում եւ՛ այդ լեզուն, եւ՛ այդ մոտեցումը, եւ որոշակի իմաստով ես նրանց հասկանում եմ: Նման մոտեցումը չի օգնել կողմերին ո՛չ Մերձավոր Արեւելքում, ո՛չ Բալկաններում, ո՛չ էլ որեւէ այլ տեղ: Եվ երրորդը` այս թեմայի մշտական, եւ հաճախ պատմական ու հասարակական տեսանկյունից ոչ գրագետ շահարկումը միայն հեռացնում է հակամարության եւ հասարակական տրամադրությունների գործնական համագործակցության իրական փոխակերպման ժամը:

Իսկ ժողովուրդների միջեւ ատելությունը ես անհաղթահարելի չեմ համարում. հարցումներն ու հետազոտությունները ցույց տվեցին, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստներից տուժած շատ ժողովուրդներ արդեն վաղուց գերմանացիներին չեն համարում իրենց թշամիները: Սակայն, ժողովուրդների միջեւ շփումների ընդլայնման արհեստական զսպումներն, անկասկած, դանդաղեցնում են վստահության վերականգնման գործընթացը: Այս հարցը դեռեւս լուծված չէ, քանի որ արհեստականորեն կապվում է քաղաքական որոշումների հետ, որոնց հերթը պարզապես դեռ չի հասել: Մինչ այդ կողմերը պետք է ցույց տան, որ կարող են եւ պատրաստ են չափավորել իրենց չարդարացված նկրտումները, կամ էլ իրենց ռեւանշիստական ծրագրերը: Ավելացնեմ, որ վերջիններս չպետք է ընդունվեն որպես քաղաքական ուժերի մերկապարանոց հռետորություն: Հաճախ ամենաբարձր մակարդակի պաշտոնական դեմքերը միջնորդներին ասում են մի բան, իսկ ներքին օգտագործման համար հաղորդում են միանգամայն այլ բան: Սա ստիպում է կասկածել բանակցողների անկեղծությանը եւ խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիությանը:

 - Կարո՞ղ է, արդյոք, Հայաստանի եւ Ադրբեջանի եվրաինտեգրման ձգտումը նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

 - Ճի՞շտ են, արդյոք, Եվրոպայի` որպես մշակութային, քաղաքական եւ սոցիալական կոնտինուումի (միասնականության) մասին պատկերացումները: Ապագան ցույց կտա, բայց նման պատկերացումներն այսօր գերակշռող են: Դրա համաձայն` որպես եվրոպական ընդհանրության գլխավոր բաղկացուցիչ մատնանշում են կենսաձեւի որոշակի արժեքներին հավատարմությունը: Քաղաքական բնագավառում դրանք ժողովրդավարությունն են եւ մարդու իրավունքները, տնտեսականում` շուկայական հարաբերությունները եւ ձեռներեցության ազատությունը, սոցիալական հարաբերությունների բնագավառում` սոցիալական համերաշխության եւ միասնության սկզբունքները, ինչպես նաեւ` եվրոպական երկրների միջեւ զինված հակամարտությունների բացակայությունը:

Եվ ինտեգրման գործընթացը մեզ համար կարեւոր է ոչ այնքան իր վերջնական արդյունքով, որն այսօր չի կարող ընդունվել որպես միանգամայն որոշակի արդյունք: Եվրաինտեգրումը զգալիորեն ավելի կարեւոր է որպես մեր հասարակությունների համընդհանուր եւ խորը փոխակերպման գործընթաց: Սա շատ կարեւոր է տարածաշրջանում առկա հակասությունների եւ դիտարկվող հակամարտության հարթման տեսանկյունից, մանավանդ որ, ինչպես հայտնի է, ԵՄ-ն իրեն մոտենալու հավակնություններն ունեցողների առջեւ դնում է տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու պահանջը: Այս իմաստով եվրաինտեգրումը կարող էր դառնալ հավելյալ խթան եւ հիմք ինչպես ավելի բաց, իրավական, ներքաղաքական ավելի թափանցիկ համակարգով հասարակությունների ձեւավորման, այնպես էլ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ավելի հավասարակշռված կառուցվածքի համար: Եվ, բացի այդ, Եվրոպայում քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները գալիս են այն համոզմանը, որ չի կարելի լուծել Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի խնդիրները մի օրենքներով` առաջարկելով արժեքների մի համակարգ, իսկ, ասենք, Կովկասյան տարածաշրջանի համար` բոլորովին այլ արժեքներ եւ լուծման մեթոդներ:

Եվրոպան ակամա աշխատում է տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վրա, քանի որ, ելնելով թեկուզեւ սեփական շահերից, նա ոչ թե պարզապես ծրագրում է ողջ Կովկասյան տարածաշրջանում տնտեսական կապերի վերականգնումը, այլեւ աշխատում է այդ ուղղությամբ` չծանրանալով նրա սուբյեկտների միջեւ հակամարտությունների վրա: Ավելին` այս դեպքում միանգամայն տեղին կլինի դրսից ֆինանսավորումը, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդները զգան խաղաղության հաստատման շահավետությունը: Ըստ էության, եվրաինտեգրման գործընթացների դրական ազդեցութունն արդեն նկատելի է, թեեւ, որպես գործընթացի կարգավորման եվրոպական մոտեցում, այն ունի իր առանձնահատկություններն ու շեղումները. այս գործընթացն ամենեւին էլ այդքան պարզունակ չէ, որքան կարող է թվալ: Հետաքրքրական եւ դրական պահերից մեկը եվրոպական կառույցների եւ նրանց միջնորդական առաքելության նկատմամբ մեր երկրների քաղաքացիների բավական բարձր վստահությունն է: Այս հարցում պակաս կարեւոր նշանակություն չունեն Եվրամիության իսկ քաղաքական իրողությունները, որոնք վերջերս մեզ առիթ են տալիս կասկածելու եթե ոչ եվրոպական ժողովրդավարության մոդելին` որպես այդպիսինին, ապա գոնե համաեվրոպական գործընթացների անշրջելիությանը եւ ԵՄ-ի էթնոքաղաքական մոդելի արդյունավետությանը: 

- Ինչո՞վ կարելի է բացատրել Մինսկի խմբի գործունեության նկատմամբ Ադրբեջանում կայուն դժգոհությունը:

 - Ես կընդլայնեի հարցը եւ այն կկապեի այն բանի հետ, թե ինչպես եմ հասկանում բանակցային գործընթացի «նմանակումը»: Միջնորդներից դժգոհությունը սովորական բան է. այն ավելի ակնհայտ է դառնում, որքան կողմերը (կամ նրանցից մեկը) խորանում են փակուղային ճանապարհի մեջ, որքան նրանք անիրական են պատկերացնում իրենց իսկ սեփական շահերը եւ հասարակական կարծիքի փոխակերպման իրենց հնարավորությունները: Մյուս կողմից, խաղաղարարության տեսանկյունից դժվար է հասնել ցանկալի արդյունքների, եթե անհրաժեշտ փոփոխությունների մասին պատկերացումները ոչ միայն ճշգրիտ չեն քննարկվել, այլեւ վատ են պատկերացնում կողմերը: Օրինակ` շատ է խոսվում փոխզիջումների մասին եւ, չգիտես ինչու, հիմնականում դրանք հասկացվում են որպես երկկողմանի փոքր զիջումներ «step by step» (քայլ առ քայլ): Բայց կա նաեւ այլ ճանապարհ, այն է, որ հակամարտության կողմերը կարողանան պայմանավորվել եւ փոխզիջման հարց դարձնել նրանցից յուրաքանչյուրի համար ոչ թե քիչ կարեւոր, այլ հատկապես կարեւոր պահերը:

Հաճախ տարբեր պահերին «կարեւոր» բարձր կարգավիճակ տալը փոքր-ինչ արհեստական բնույթ է կրում եւ ընդամենը բխում է կողմերի հավակնություններից: Այս հնարավորությունների քննարկման ընթացքում ավելի համարձակ լինելը միջնորդների գործն է: Իհարկե, ես նկատի չունեմ որեւէ մի պարտադրանք, իդեալական տարբերակով միջնորդներն ընդհանրապես պարտադրանքով չեն զբաղվում: Բայց նրանք ամեն կերպ պետք է ձգտեն ցույց տալ կողմերին նման կեղծ, բարձր կարգավիճակները հաղթահարելու, փոխզիջման տարբերակները մինչ օրս քննարկման ոչ ենթակա հարցերով շատացնելու օգուտները: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքին, ապա ինձ թվում է, որ մենք լուրջ հիմքեր չունենք նրա աշխատանքի քննադատությունը քաղաքականացնելու համար, ինչպես եւ հիմքեր չունենք Մինսկի խմբին չվստահելու համար: Սա, հնարավոր է, վատ թեմա չէ այն լրագրողների համար, ովքեր բան չունեն գրելու, եւ այն քաղաքական գործիչների համար, ովքեր էական բան չունեն ասելու: Մինսկի խումբը հիմա աշխատում է իր օպտիմալ ձեւաչափով, եւ այս հարցում որեւէ փոփոխություն ցանկալի չէր լինի: 

- Կարո՞ղ է հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժերի ներկայությունը նպաստել կարգավորման գործընթացի ինտենսիվությանը:

 - Այս հարցը բավական բարդ է եւ ոչ միանշանակ: Խաղաղարար ուժեր մտցնելու հետ կապված կողմերի լարվածությունը լիովին բացատրելի է եւ ունի հիմքեր: Մասնավորապես Բալկաններում մենք ունենք խաղաղարարների գործունեության անմխիթար օրինակներ: Եղել են դեպքեր, երբ խաղաղարարները անպատրաստ էին տարբեր կարգի անակնկալներին, չեն ցանկացել կամ էլ չեն կարողացել կանխարգելել հակամարտության նոր սրացումները, որոնք հասցրել են ընդհուպ էթնիկական զտումների նոր ալիքների եւ ժողովրդագրական հարաբերակցության արմատական փոփոխության: Քանի դեռ մանրամասն չեն մշակվել նման նոր ողբերգությունների կանխման մեխանիզմները, որեւէ խաղաղարար ուժ մտցնելը ժամանակավրեպ է ինձ թվում: Մյուս կողմից, վիճելի տարածքների կարգավիճակը, որպես, ասենք, չեզոք տարածքներ, պետք է հաստատվի բավական երկար ժամանակով: Եվ այդ տարածքները պետք է լինեն ամենահեղինակավոր միջազգային կառույցի հսկողության տակ: Եթե խաղաղարար ուժերը մտցվեն իրական, շոշափելի փոխզիջումներին բնակչության պատրաստվածությունից առաջ, ապա նրանց իսկ ներկայությունը կողմերից մեկը կարող է ընդունել որպես ռեպրեսիվ գործոն, իսկ մյուս կողմը` որպես, ասենք, բարոյական հաղթանակ: Նման իրավիճակից ամեն կերպ պետք է խուսափել:

Եթե խաղաղարար ուժերը հայտնվեն այժմ, ղարաբաղյան հակամարտության ներկա փուլում, ապա նրանք պետք է ընկալվեն որպես ձեւականություն, որպես քաղաքակիրթ պայմանավորվածությունների իրագործման ամուր երաշխիք: Այսինքն` դրան պետք է հասնել ոչ թե որեւէ ուժ մտցնելուց հետո, այլ մինչ դա անելը: Այդ փուլում խաղաղարար ուժերը կարող են օգտակար լինել: Կարգավորումը հնարավոր չէ առանց հանդուրժողականության ընդունելի մակարդակի հասնելու: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ են մարդկանց անվտանգության իրական երաշխիքներ, այդ թվում նաեւ կենցաղային իրավիճակներում: Խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերի հիմնական իմաստն այն է, որ եթե չեն հաղթահարվում հակամարտության պատճառ դարձած հակասությունները (հաճախ դրանք պատմականորեն կանխորոշված բնույթ են կրում), ապա գոնե նվազում է դրանց արդիականության աստիճանը, եւ ստեղծվում է խնդիրները նորմալ, հանգիստ քննարկելու հիմք: 2006 թվականի համար սա լիովին իրական նպատակ է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter