HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Բաքուն եւ Մոսկվան` «հարյուր տոկոսանոց ռազմավարական գործընկերներ»

Իլհամ Ալիեւն Արեւմուտքի՞ն, թե՞ Ռուսաստանին է ավելի մոտ

Հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունների» ալիքը մի շարք ավտորիտար առաջնորդների ստիպեց վերանայել եւ սրբագրել արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Հարեւան Վրաստանում իրականացված «վարդյա հեղափոխությունը» Ադրբեջանի նախագահի համար ակնհայտորեն վատ ազդանշան էր: Իլհամ Ալիեւը խորհրդարանական վերջին կեղծված ընտրություններից հետո ավելի շատ է զգում ռուսական աջակցությունը: Մյուս կողմից՝ Բաքու-Մոսկվա հետեւողական մերձեցումն ակնհայտ է Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրվելուց հետո:

Ռուսաստանի նախագահի Ադրբեջան կատարած այցը (փետրվարի 21-22) հայկական մամուլում եւ քաղաքական շրջանակներում լուրջ ուշադրության չարժանացավ։ Պատճառները կարող են մի քանիսը լինել։ Օրինակ՝ ի տարբերություն նախորդ տարիների, հայ քաղաքական միտքն այլեւս Ռուսաստանին չի դիտարկում իբրեւ կովկասյան տարածաշրջանում միակ եւ գլխավոր «խաղացողի»։ Բացի այդ, ռուսական «երկնագույն վառելիքի» անխուսափելի թանկացումը Հայաստանում որոշակի հիասթափություն եւ անտարբերություն է առաջ բերել Ռուսաստանի նկատմամբ։

Այցելության ընթացքում Պուտինը եւ Ալիեւն ընդգծեցին, որ ռուս–ադրբեջանական համագործակցությունը կրում է «հարյուր տոկոսով ռազմավարական բնույթ»։ 2000 թվականից, այսինքն՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, Պուտինը արդեն երրորդ անգամ է այցելում Ադրբեջան: Պատկերացնելու համար, թե ինչ մակարդակի վրա են Բաքու-Մոսկվա հարաբերությունները, նշենք եւս մեկ կարեւոր թիվ. Իլհամ Ալիեւը նախագահության երկու տարվա ընթացքում վեց անգամ այցելել է Ռուսաստան:

Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Ադրբեջանը չի կարող դառնալ ռազմավարական դաշնակից, քանի որ Բաքուն Մոսկվայի հետ խոսում է քնքուշ տոնով, բայց իրականում նայում է դեպի Անկարա։ Հեյդար Ալիեւը ժամանակին հայտարարել է, որ Թուրքիան իրենց երկրորդ հայրենիքն է։ Ադրբեջանը Ռուսաստանի համար ոչ մի ռազմավարական գործընկեր էլ չէ»։

Հայկական «Նորավանք» հիմնադրամի փորձագետ Սարգիս Հարությունյանն ընդունում է, որ 2000 թվականից ի վեր Մոսկվա–Բաքու հարաբերությունները բարելավվում են, սակայն դժվար է դրանց տալ ռազմավարական բնորոշում։ «Ադրբեջանի քաղաքական վերնախավի պատկերացմամբ դրանք չեն կարող կրել ռազմավարական բնույթ, քանի որ Ադրբեջանն ակտիվորեն փորձում է ինտեգրվել Եվրաատլանտյան անվտանգության համակարգերում»,- ասում է նա։

Սակայն ռուս-ադրբեջանական ջերմացումն ակնհայտ իրողություն է: Այսպես՝ եթե 2003թ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում էր 300 մլն դոլար, ապա այսօր այն եռապատկվել է եւ հասել 1 մլրդ դոլարի: Մոսկվան այլեւս Բաքվին չի մեղադրում, որ միջազգային ահաբեկիչները Չեչնիա մեկնելու նպատակով օգտագործում են Ադրբեջանի տարածքը, կամ որ չեչեն գրոհայիններն ապաքինվում են Բաքվի հիվանդանոցներում:

Պուտինը Բաքվում ընդգծեց, որ եթե չլիներ ղարաբաղյան հակամարտությունը, ռուս–ադրբեջանական ապրանքաշրջանառությունը կլիներ ոչ թե մեկ մլրդ դոլար, այլ հինգ մլրդ։ Սարգիս Հարությունյանն այսպես է մեկնաբանում. «Ռուս-ադրբեջանական առեւտրային հարաբերություններում ղարաբաղյան հակամարտությունը բացասական իմաստով որեւէ դեր չունի։ Պուտինն այդ հայտարարությունն արեց այն պատճառով, որպեսզի փորձի ադրբեջանական հանրության առջեւ հանդես գալ որպես Ղարաբաղի հարցի կարգավորման ակտիվ ջատագով եւ դրանով փորձեց ցույց տալ Ռուսաստանի շահագրգռվածությունը կարգավորման գործում։ Հակառակը' ղարաբաղյան հակամարտությունը միգուցե խոչընդոտ է հայ–ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների համար. նկատի ունեմ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը»։

Պուտինը Բաքվում ասաց, որ մտադրություն ունի ղարաբաղյան կարգավորման հարցում հավելյալ խորհրդակցությունների նպատակով Ռոբերտ Քոչարյանին հրավիրել Մոսկվա։

Ս. Հարությունյանն ասում է, որ ռուս–ադրբեջանական հարաբերությունների օրակարգում երկու հիմնական հարց է դրված՝ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայան եւ Մոսկվայի նախաձեռնությամբ Կասպյան առափնյա հինգ երկրների, այսպես կոչված, «Կասֆոր» ուժերի ձեւավորում։ Մեկ տարի առաջ Ռուսաստանը Իրանին, Ադրբեջանին, Ղազախստանին եւ Թուրքմենստանին առաջարկել է քննարկել Կասպիցում արագ արձագանքման ռազմածովային խումբ ստեղծելու գաղափարը:

«Ենթադրվում է, որ մեկ–երկու տարվա ընթացքում Ռուսաստանը Գաբալայի նման ռադիոտեղորոշիչ կայան կշահագործի Կրասնոդարի երկրամասում։ Այս դեպքում Գաբալան ինչ–որ չափով կարժեզրկվի։ «Կասֆորի» վերաբերյալ ռուսական առաջարկությունն ունի աշխարհաքաղաքական հստակ նպատակներ՝ խոչընդոտել ամերիկյան հետզհետե ծավալվող էքսպանսիային Հարավային Կովկաս, Կասպյան ավազան, Կենտրոնական Ասիա գծով, եւ այս առումով Ռուսաստանն իրոք Ադրբեջանից ակնկալիքներ ունի»,-ասում է Հարությունյանը:

Պուտինը եւ Ալիեւը Բաքվում ստորագրել են քաղաքական հռչակագիր, որում հստակ նշվում է՝ որակական նոր մակարդակի հասցնել ռազմական համագործակցությունը: Ադրբեջանում ստեղծվել են երկու նոր' Պաշտպանության արդյունաբերության եւ Արտակարգ իրավիճակների նախարարություններ, եւ Մոսկվան ակնհայտորեն շահագրգռված է դրանք ռուսական արտադրության տեխնիկայով համալրելու հարցում: ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը մեկ ամիս առաջ Բաքվում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Ադրբեջանին զենք եւ ռազմական տեխնիկա մատակարարել:

Վերջին շրջանում նշմարվում են ռուս-ադրբեջանական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները, ինչը կարող է ռազմաքաղաքական նոր իրավիճակ ստեղծել կովկասյան տարածաշրջանում: Կովկասյան հարցով զբաղվող փորձագետները նկատում են նաեւ, որ Պուտինի՝ Բաքու կատարած այցելությունից հետո Ալիեւը պետք է վերջնականապես կողմնորոշվի' վերջիվերջո Ադրբեջանն ավելի մոտ է Արեւմուտքի՞ն, թե՞ Ռուսաստանին:

Պուտինը պարգեւատրվեց «Շեյխ ուլ իսլամ» շքանշանով

Փետրվարի 21-ի երեկոյան Ռուսաստանի նախագահը Հեյդար Ալիեւի անվան օդակայանից անմիջապես ուղեւորվել է Շեհիդների ծառուղի եւ ծաղկեպսակ դրել Հեյդար Ալիեւի շիրիմին: Նույն օրը Պուտինին ընդունել է Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն եւ նրան պարգեւատրել «Շեյխ ուլ իսլամի» շքանշանով: Այս տիտղոսը շնորհվել է ընդամենը երեք մարդու՝ բնականաբար, Հեյդար Ալիեւին' հետմահու, գահաժառանգ Իլհամ Ալիեւին եւ Վլադիմիր Պուտինին:

Անշուշտ, Պուտինին «Շեյխ ուլ իսլամով» տիտղոսելը չի նշանակում, թե ռուս-ադրբեջանական հարաբերություններում վիճահարույց խնդիրների պակաս կա: Այցի ընթացքում, ինչպես գրում է ռուսական «Կոմերսանտը», Պուտինը Ալիեւին փորձել է համոզել երեք հարցում՝ չբարձրացնել Ադրբեջանի հյուսիսում գտնվող ռուսական Գաբալա ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության սակագինը, չխորացնել համագործակցությունը ընդգծված հակառուսական կողմնորոշում ունեցող ՎՈԻԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) դաշինքի հետ եւ չմասնակցել Իրանի դեմ ամերիկյան հնարավոր ագրեսիային:

Բաքուն ցանկանում է, որ Մոսկվան Գաբալայի կայանի համար վճարի ոչ թե տարեկան 7 միլիոն դոլար, այլ դրա կրկնակին: Ռուսաստանը դժվարություն չի ունենա վճարել 14 միլիոն, սակայն այս դեպքում կարող է հարց ծագել՝ իսկ ինչու՞ Ուկրաինան չբարձրացնի սեւծովյան նավատորմի սակագները: Իսկ ի՞նչ կմտածեն Ռուսաստանի ռազմավարական դաշնակից այլ երկրներ, որոնց հողում Ռուսաստանն ունի ռազմակայաններ, սակայն դրանց դիմաց ոչինչ չի վճարում:

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համար Մոսկվան Հայաստանին չի վճարում, ավելին՝ ռազմակայանի կոմունալ ծախսերը՝ ջուր, էլեկտրաէներգիա եւ այլն, հոգում է հայկական կողմը: Հունվարի վերջերին, երբ Հայաստանում էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, նրա հայ գործընկեր Սերժ Սարգսյանը բառացիորեն ասաց հետեւյալը. «Ռուսական գազի գինը որեւէ կապ չունի մեր անվտանգության ապահովման հետ: Ռուսական ռազմակայանը տեղակայվել է Հայաստանի խնդրանքով, այն մեր երկրի անվտանգության տարրերից է, եւ մենք դեռեւս զգում ենք այդ ռազմակայանի անհրաժեշտությունը»:

«Հայերն իզուր էին մեջք ծռում»

Ի դեպ, «Կոմերսանտ» թերթը, անդրադառնալով ռուսական գազի սակագների աճին, վերջերս գրել էր. «Ի տարբերություն Ուկրաինայի եւ Վրաստանի, Հայաստանը մշտապես եւ հետեւողականորեն ցուցադրել է իր անվերապահ ռուսամետ դիրքորոշումը: Հավատարիմ ընկերը, կարծես թե, կարող էր ակնկալել, որ իր օրինակելի վարքը կփոխհատուցվի էժան գազով: Եվ ի՞նչ ստացվեց՝ հնազանդ Հայաստանից վերցնում են նույնքան, որքան կամակոր ու ամերիկամետ Վրաստանից»:

Ռուսաստանի նկատմամբ Հայաստանում ձեւավորված տրամադրությունը «Կոմերսանտն» այսպես է բնութագրում' հայերն իզուր էին մեջք ծռում:

Վրաստանից բացի, Հայաստանը եւս վերջին տարիներին նայում է դեպի Եվրաատլանտյան կառույցներ։ Այս առնչությամբ Վլադիմիր Ստուպիշինն ասում է.

«Հայաստանը նայում է դեպի ՆԱՏՕ եւ ճիշտ է անում, քանի որ փոքր երկրի համար կարեւոր է հարաբերությունները դիվերսիֆիկացնել եւ չնայել միայն մի կողմ։ Բայց եւ այնպես, Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ այն մակարդակի վրա են, ինչպես եղել են նախկինում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter