HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ֆեյսբուքի «այս օրը»․ հիշողության «զտման» ալգորիթմ, որը հաճախ սխալվում է

Վերջին շրջանում Ֆեյսբուքի «Հիշողություններ» ֆունկցիան իմ օրվա անբաժանելի մասն էր։ Սրճելուց հետո, երբ առավոտյան հայտնվում էի օնլայն տիրույթում, մինչ նամակներին եւ այլ ծանուցումներին անցնելը, ակտիվացնում էի «hիշողությունս» (“Memories”):

Ինչպես դուք, այնպես էլ ես, վաղուց լուսանկարներ չեմ տպում, օրվա նոթերը չեմ գրում մեկ այլ տեղ, չեմ կիսվում՝ որտեղ եմ եղել եւ ում եմ հանդիպել։ Փաստորեն իմ հիշողության կրիչը (տեսնելու հնարավորություն տվողը), որին ինչ-որ առումով վստահել եմ լուսանկարը, նոթը, կարծիքը, գտնվելուս վայրը կամ զգացողությունս, Ֆեյսբուքն է եղել։

Որքան այդ «հիշողությունները» սկսեցին մեծ ազդեցություն ունենալ օրվա պայմանական գործողություններիս վրա, այնքան խնդրահարույց դարձավ այդ մեկ օրվա պատուհանին առերեսվելը։

Ֆեյսբուքի փոքրիկ «անակնկալը»

2015-ից Ֆեյսբուքը ակտիվացրեց իր «այս օրը» (“on this day”) ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս հետադարձ հայացք նետել նախորդ տարիների նույն օրվա լուսանկարներին, նոթերին, որոնք ինքներդ եք արել, կամ որտեղ ձեզ նշել են (tag): «Այս օրը» պրոդուկտը Ֆեյսբուքի կողմից այն «փոքրիկ հաճելի նվերն» է, որը հնարավորություն կտար ցանկացած պահի՝ անտեսելով ժամանակի արագությունը, տեսնել, թե ինչպիսին է եղել օրը, հիշել դրվագներ եւ խոհեր, որոնք այդ օրն ունեցել եք։

Արդեն 2018 թվականի հունիսին Ֆեյսբուքը նոր՝ «Հիշողություններ» (“Memories”) անվանումով պրոդուկտով է հանդես գալիս։  Եթե «այս օրը» հնարավորություն էր տալիս տեսնել լուսանկարներ եւ նոթեր, ապա «Հիշողություններ» բաժինը ներառում է կոնկրետ օրվա հնարավոր գործողությունների շրջանակը՝ ավելացնելով նաեւ, թե «ում հետ ես ընկերացել այդ օրը», «հետադարձ հայացք նախորդ ամսվան», «քանի տարի է տեւում ձեր ընկերությունը կոնկրետ օգտատիրոջ հետ» (վերջինս ներկայացնում է նաեւ հավաքական տեսանյութի միջոցով)։

«Մենք հոգ ենք տանում Ձեր եւ Ձեր հիշողությունների մասին»

Այսպիսի կարեւոր եւ ջերմ նախաբանով բացվում էր «այդ օրվա»՝ տարբեր տարիների էլեմենտների հավաքածուն՝ «հիշողությունը», որ դուք վստահել եք Ֆեյսբուքին, որն արխիվացրել եք, մտապահել կամ առհասարակ մոռացել դրա մասին։ Տեսականորեն այնքան էլ վատ չի, երբ դուք, դեռ չարդուկած տաբատը աթոռին, սուրճի բաժակը ձեռքին, հանկարծ «նկատում» եք, որ 4 տարի առաջ այս նույն օրը գտնվում էիք Հավայան կղզիներում կամ հենց այդ օրը Ձեր ընկերներից մեկը հայրիկ է դարձել․․․ Ի՜նչ խոսք, հիանալի է, քանի որ դուք առիթ ունեք զանգահարելու եւ շնորհավորելու ձեր ընկերոջը եւ/կամ Հավայան կղզիներից մի նոր լուսանկար դնելու եւ կիսվելու ձեր ունեցած ջերմ ու կարեւոր հիշողությունների մասին։

Սա լավագույն դեպքում։

Սակայն ֆեյսբուքյան «հոգատար» ալգորիթմը կարող է սխալվելայնպես չէ, որ «հիշողության» այդ օրվա չափաբաժինը պայմանավորված է առավոտյան տրամադրությամբ։

Եվ այսպես, Ֆեյսբուքն ինձ հիշեցնում է 2010 թվականը, երբ ես ու ընկերներս առավոտից երեկո զբաղված էինք մի երեխայի կյանքը փրկելու բոլոր հնարավոր ձեւերովայդ ընթացքում տեղի են ունեցել բարեգործական համերգներ, տեղադրվել են հաշվեհամարներ, հիվանդություն ունեցող երեխայի լուսանկարները, փորձությունների մասին ենք պատմել եւ այլն, եւ այլն․․․ Այդ պատմությունը տեւել է ամիսներ, եւ գրեթե ամեն օր իմ կամ ընկերներիս կողմից տեղադրվել է նյութ, որը վերաբերել է կոնկրետ երեխայի կյանքը փրկելուն։ Այդ երեխան մահացել է տարիներ առաջ։ Սարսափելի ցավ պատճառող այս պատմության ամբողջ պարունակությունը Ֆեյսբուքը մատուցում է «հոգատար» իր արկղիկում․․․Ընդ որում, եթե նախնական շրջանում ինֆորմացիայի (լուսանկար, նոթ) ամրագրումը դրական ակնկալիքի համար է կատարվել եւ ենթադրվել է դրական արդյունք, իսկ Ֆեյսբուքը՝ դիտարկվել որպես հանրայնացման գործիք, ապա երեխայի մահից հետո ողջ այդ ինֆորմացիան (անկախ դրական պահերից) վերածվել է սարսափելի տխուր հիշողության։

․․․ Եվ եթե ավելի վաղ շրջանում Ֆեյսբուքը «դիմավորում» էր ձեզ «հոգ տանելու» իր պատրաստակամությամբ, այսօր արդեն «Հիշողություններ» բաժնի ենթատեքստը փոխվել էՖեյսբուքը «հույս ունի», որ Դուք, հետադարձ հայացք նետելով հիշողություններին, վայելում եք պահը։

2

«Ի՞նչ եփել այսօր»

Ինչպե՞ս է Ֆեյսբուքն առանձնացնում հիշողության օրվա չափաբաժինը, ի՞նչ նշաններով է պայմանավորված ընտրությունը, ինչպե՞ս է մի լուսանկարը զտվում մյուսներից, որեւէ օգտատիրոջ հետ ունեցած «ընկերությունը»՝ մյուս օգտատերերից։

Ֆեյսբուքի ներկայացուցիչ՝ «Հիշողություններ» պրոդուկտի մենեջեր Օրըն Հոդը «Բիզնես Ինսայդըրին» տված իր հարցազրույցում նշում է «Երբ Դուք մուտք եք գործում Ֆեյսբուք, այն Ձեզ «հիասքանչ» անակնկալ է անում՝ հիշեցնելով այնպիսի բաների մասին, ինչպիսին ուրախ զբոսանքն է ընկերոջ հետ, դպրոցի ավարտական երեկույթը կամ ընտանեկան հավաքը։ Որպեսզի պարզ լինի, թե հատկապես որ լուսանկարներն ու իրադարձությունները պիտի առանձնացվեն որպես «հիշողություն», Ֆեյսբուքը կիրառում է «բավականին բարդ մի ալգորիթմ», որով հնարավոր է դառնում դրական հիշողություններն առանձացնել բացասականից»։

Ալգորիթմի կիրառման ազդանշաններից մի քանիսը շատ պարզ ենեթե Դուք արգելափակել եք որեւէ օգտատիրոջ էջ, ենթադրվում է, որ այլեւս չեք ցանկանում վերջինիս մասին որեւէ ինֆորմացիա ստանալ, ուրեմն այլեւս չեք ստանա «Մենք չենք ուզում ամեն բան վերակենդանացնել»,- նշում է Օրըն Հոդը։

Այնուամենայնիվ, ալգորիթմը հաճախ «սխալվում» էինֆորմացիայի վերաձեւակերպումը կամ օգտատիրոջ կողմից կարգավորումների բացթողումը կարող է հանգեցնել ոչ ցանկալի արդյունքների։ Հիշողության, տեխնոլոգիաների եւ էմոցիաների կառավարման դոկտոր Արթի Կոնրադը (ով ի դեպ պրոդուկտի ստեղծման անմիջական մասնակիցն է) մեջբերում է գիտական տերմինը՝ “contamination sequences” այն դեպքերի համար, երբ «դրական» հիշողությունը վերափոխվում է «բացասականի»։ Նման իրավիճակների համար ալգորիթմը գործնականում սխալվելու մեծ հավանականություն ունի։ Եվ, եթե Հավայան կղզիներում չորսը տարի առաջ ամուսնու հետ անցկացրած հրաշալի հանգստից հետո դուք ամուսնալուծվել եք եւ ֆեյսբուքին «չեք հուշել», որ այլեւս «միայնակ» եք, ապա այն շարունակելու է համառորեն պնդել, որ հանգստյան այդ օրերը ձեր հիշողության լավագույն մասն են․․․

Հիշողությունների զտման գործիքներից մեկը «հավանում»-ին (like) կցված մյուս էմոցիոնալ ռեակցիաներն են, որոնք համակարգին թույլ են տալիս զտել իրադարձության եւ ամրագրված նյութի լավ կամ վատ, ուրախ կամ տխուր «հիշողություն» լինելը։ Բնականաբար բացասական ռեակցիաներով հարուստ նյութը դուրս է մնում «հիշողության» օրվա չափաբաժնից․․․Սակայն օգտատերերը, որոնք Ֆեյսբուքի համար «նախապատրաստում» են ձեր հավանական «հիշողության» էլեմենտը, չեն մտածում ո՛չ ալգորիթմների, ո՛չ ազդեցությունների, ո՛չ էլ ձեր իրական հիշողության հետեւանքային կապերի մասին։

Ինչպե՞ս կառավարել «հիշողությունը»

Հիշողությունը Ֆեյսբուքում զտելու հնարավորություններն, այսպիսով, սահմանափակ են, սակայն օր օրի համալրվում է նոր գործիքակազմ, որը առաջին հայացքից «հոգ տանելու» միտում ունի։

Հիշողություններ ձեւավորող ալգորիթմին «աջակցելու» համար Ֆեյսբուքը ստեղծեց «զտման» նոր գործիքակազմ, որը յուրաքանչյուր օգտատիրոջ հնարավորություն է տալիս հատուկ կարգավորումների միջոցով «վերաձեւակերպել» հիշողությունը՝ դուրս մղելով անցանկալի ժամանակահատվածները, օգտատերերին, բացառելով վերջիններիս մասին ինֆորմացիայի՝ արդեն որպես «հիշողություն» երեւալը։ Մարդու միջամտության դեպքում «հիշողության» ֆունկցիան կարողանում է կարգավորել այս կամ այն օգտատիրոջը բացառելու կամ արգելափակելու շնորհիվ (կարգավորումների լուսանկարը տե՛ս ստորեւ)։

Որտե՞ղ եմ ես պահում իրական պատմությունը

Ֆեյսբուքը հաճախ ենք դիտարկում որպես գործիք, որի միջոցով կարելի է աղմկահարույց տեքստ լուսանկար եւ/կամ հղում տեղադրել կամ էլ վավերացնել կարեւոր պահը, որի մասնակիցն ենք կամ կուզեինք լինել։ Ավելի կարճ ասած՝ «անձնային» տարածք, որտեղ աղմուկն ապահովված է, բայց շարունակում է «չլսված» մնալ։ Սենյակում, որտեղ բացի ձեզնից որեւէ մեկը չկա, կա նաեւ 2786 օգտատեր, ովքեր ունեն այլ կամ նույն զբաղվածությունը, այլ կամ նույն կարծիքը, այլ կամ նույն մտահղացումը, այլ կամ նույն առաջարկը, ինչ դուք։

Այս իմաստով «Հիշողություններ» ֆունկցիան փոխում է մեր ժամանակային պատկերացումը ոչ միայն տեսողական իմաստովեթե ես թերթում եմ լուսանկարների ալբոմը եւ փորձում կառուցել այդ օրվա հիշողությունը, որն ունեցա պապիս հետ Դսեղ գյուղի «զոնտիկների» մոտ, եւ լուսանկարում վավերացված պահի էմոցիան, հագուստը, դիմագիծը տալիս են այդ հիշողության ուրվագծային պատկերը, ապա Ֆեյսբուքում հայտնված նույն լուսանկարը երեւում է արժանացած ռեակցիաների եւ մեկնաբանությունների տեսքով։

Ֆեյսբուքում տեղադրված լուսանկարի շնորհիվ կամ պատճառով, բացի ուրվագծային պատկերը, ես հնարավորություն եմ ունենում հիշելու «կորցրած», «մոռացված» մարդու (օգտատիրոջ) վերաբերմունքը, դիտողությունը, Ֆեյսբուքն ինձ հնարավորություն է տալիս ռեալ ժամանակում վերաբացել թեման՝ նորից «share» անելով իմ «հիշողությունը»։

Այդ դեպքում որտե՞ղ եւ ինչպե՞ս ենք պահպանում «ռեալ» հիշողությունը, այն մեկը, որի համար անհրաժեշտ է մտովի հետ գնալ, համադրել նախորդ ժամանակի փաստերը, էմոցիաները, իրողությունները, եթե դրանք, իհարկե, հնարավոր է վերականգնել։

Չնայած որ ինքս էլ ակտիվ օգտատեր եմ (եւ ուրեմն՝ նաեւ օնլայն «հիշողություն» կառուցող), իմ մանկությունն ինձ երեւում է Ամերիկայից իմ հասակակցի ուղարկած «պասիլկայով», որտեղ տաք գուլպաներ ու կատվի կեր կար։ Ես այսօր, իհարկե, չեմ հիշում ո՛չ գուլպաների ապրանքանիշը (կդժվարանամ նաեւ պատկերները հիշել), ո՛չ էլ կատվի կերի անվանումը, բայց փոխարենը ժպիտով եմ հիշում, որ կատվի կերն ինձ կոնֆետ էր թվացել, եւ ես երկու-երեք հատ կուլ էի տվել՝ մտածելով, որ օտարերկրացի իմ հասակակիցը «ուրիշ» համի կոնֆետ է ուտում։

Արդյոք այս պատմության մյուս դետալները, որոնք չեն ֆիքսվել, կարեւոր էին՝ չգիտեմ, բայց համոզված եմ, որ հիշողությունս՝ ի տարբերություն Ֆեյսբուքի «հիշողության», իր ալգորիթմով է գործում եւ դուրս է մղում անկարեւորը եւ/կամ տհաճը։

ՀԳ«այսօրվա համար այսքանը» (that’s all for today)

“That’s all for today” նկատառումով ավարտվող «Հիշողություններ» բաժինն ինձ սկսել է անհանգստացնել լայն իմաստով։

Տասը, քսան տարի անց հեղափոխության մասին ունեցածս պատկերացումն ու կատվիս լուսանկարը (որն արդեն գուցե մեռած կլինի) այն հիշողությու՞նն է, որը ես կուզեի առանձնացնել․․․ Արդյոք մարտի քսանմեկը կամ հուլիսի ինը ինձ համար որեւէ այլ բանով չի առանձնացել, քան եղանակի մասին դատողությունն է ու Սուրենյանի մեջբերումը, արդյոք այդ նույն օրերին ես չեմ ունեցել հաճելի զրույց, որի մասին չեմ կարողացել եւ/կամ չեմ ցանկացել գրել առանձին ստատուս, մեկնաբանություն։

Գուցե այդ կերպ կարեւորը, որի համար պիտի լարեի հիշողությունս, իր տեղը զիջել է անկարեւորին, այն անկարեւորին, որը ես ամրագրել եմ Ֆեյսբուքում տասը տարի առաջ ինչ-որ մեկին զարմացնելու, զայրացնելու եւ/կամ հաճույք պատճառելու համար։

Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ DNews

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter