HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Դատապարտյալները բեռ են պետության վզին»

Վարդգես Մարգարյանը 7 տարի է իր պատիժն է կրում Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Նա արդեն կրել է պատժի 2/3-ը եւ կարող էր 2005թ.-ի սեպտեմբերին պայմանական վաղաժամկետ ազատվել կալանքից:

Վ. Մարգարյանը գյումրեցի է եւ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել 1999թ.-ին, զինվորական ծառայության ժամանակ տուժողին, որն իր հարազատն է, ինքնասպանության դրդելու համար: Դատավճռով նա պարտավոր է 3000 դոլարով հատուցել տուժողի հուղարկավորության ծախսերը, սակայն, նրա ասելով, ինքն այդ հնարավորությունը չունի: Գումարը փոխհատուցելու հարցում իրեն չեն կարող աջակցել նաեւ հարազատները. 50-ամյա մայրը հիվանդ է, գործազուրկ եւ երկրաշարժից հետո ապրում է տնակում:

Նույն քրեակատարողական հիմնարկում նա միակ դատապարտյալը չէ, որ նման խնդրի առջեւ է կանգնել: 29-ամյա Շիրազ Մարկոսյանը, որը սպանություն կատարելու համար դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման, 4 ամիս առաջ կարող էր ազատվել կալանքից, բայց դրա հույսը չունի: Նա տուժողին պետք է վճարի 600 հազար դրամ (1330 դոլար), բայց գումար չունի: «Ես 3 տարի 6 ամիս է կալանքի տակ եմ, բայց չեմ կարողանում ազատվել, մինչեւ ազատազրկվելը իմ սեփական հողակտորն էի մշակում Չարենցավանում, դրանով էի ապրում»,-ասաց նա: Դատապարտյալի ասելով՝ կենսաթոշակառու ծնողները նույնպես այդ հնարավորությունը չունեն:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի սոցիալ-հոգեբանական գծով տեղակալ Սամվել Գուրջանյանը հայտնեց, որ այս խնդիրն առաջացել է մի քանի ամիս առաջ: Մինչ այդ որոշ մարդկանց ազատել են վաղակետ պայմանական, սակայն օրենքը կիրառելուց հետո նրանց նորից վերադարձրել են կալանավայր: Պատճառը տուժողների հարազատների բողոքներն են եղել:

Ազգային ժողովը 2005թ.-ի հուլիսին Քրեակատարողական օրենսգրքի 15 հոդվածը լրացրել է եւս մեկ կ ետով . «Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, եւ դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը»: Այս փոփոխությունը խորհրդարանը վավերացրել է սպանված զինծառայողների մայրերի պահանջով:

Պրն Գուրջանյանը նշեց, որ այդ խնդրի առջեւ կանգնում են սոցիալապես անապահովները: Հիմնարկի վարչակազմը նրանց աջակցելու մի տարբերակ ունի. «Եթե տուժողի իրավահաջորդը համաձայնվի, որ դատապարտյալը վաղակետ ազատվի, հետո սահմանված գումարը մաս-մաս վճարի, դա հիմք է ընդունվում եւ դատապարտյալին ազատում ենք»,-ասաց Սամվել Գուրջանյանը: Հիշյալ երկու դատապարտյալները տուժողների վստահագիրը չունեն, հետեւաբար նրանց վաղակետ ազատման հարցը չի կարող քննարկվել: Նրանք դատավճռով սահմանված պատիժը կրելու են ամբողջությամբ, իսկ դրանից ի՞նչ կստանա տուժողը, որը հարազատին կորցնելուց բացի նաեւ ֆինանսական մեծ կորուստներ է կրել եւ չի հատուցվելու դրա համար:

«Պրակտիկան ցույց է տվել, որ երբ պայմանական վաղաժամկետ ազատվողներին չենք ազատում, հարազատները գումարը եթե ոչ ամբողջությամբ, գոնե մասնակի վերականգնում են: Մենք պետք է նպաստենք, որ տուժողի շահերն էլ պաշտպանվեն»,-ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ ներկայումս քրեակատարողական հիմնարկներում աշխատանքով չեն կարողանում ապահովել, բնականաբար դատապարտյալը եկամտի աղբյուր չի կարող ունենալ իր պատիժը կրելու ընթացքում, մնում է նրանց հարազատները գումարը հայթայթեն եւ վնասը ինչ-որ ձեւով փոխհատուցվի (Տես լուսանկարները):
Դատապարտյալները պետք է ներգրավվեն աշխատանքում

Խորհրդային միության փլուզումից հետո քրեակատարողական հիմնարկները նույնպես զրկվել են աշխատատեղերից: Քրեակատարողական վարչության պետը տեղեկացրեց, որ նախկինում հենց գաղութի վերեւում արտադրական գոտիներ կային, որտեղ դատապարտյալներն աշխատում էին: 1990-91թթ.-ից հետո արտադրական ձեռնարկությունների մի մասը թալանվել է, իսկ տեխնիկայի մնացած մասը հնացած է եւ դրանով հնարավոր չէ մրցունակ արտադրանք թողարկել, շուկա ունենալ: «Ներդրող է պետք, որպեսզի դատապարտյալները ներգրավվեն աշխատանքում, բայց այսօր ներդրում կատարողը չկա, եւ պետությունն էլ ի վիճակի չէ»,-ասաց պրն Հովհաննիսյանը:

Դատապարտյալների զբաղվածության հարցը լուծելու համար ստեղծվել է «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը, սակայն դեռեւս շոշափելի արդյունք չկա: Վարչության պետի խոսքերով՝ դա առաջին հերթին սոցիալ-հոգեբանական աշխատանք է, որպեսզի դատապարտյալը ոչ թե գաղութի տարածքում թափառի, այլ աշխատի: Այդպես եւ՛ ժամանակը արագ կանցնի, եւ՛ որոշակի գումար կաշխատեն, որով կկարողանան տույժերը որոշ չափով վճարել, ընտանիքին աջակցել:

«Նրանք պետության վզին բեռ են, եւ մենք պետք է փորձենք արտադրություն հիմնել, բայց համոզված կարող եմ ասել, որ առաջիկա տարիներին էլ արտադրությունը լայն զարգացում չի ստանա կալանավայրերում»,-ավելացրեց վարչության պետը:

Սամվել Հովհաննիսյանը հայտնեց, որ վարչությանը հատկացվող բյուջեն պետությունն ամեն տարի ավելացնում է: 2006թ.-ին մոտ 4մլրդ դրամ է հատկացվել: Միաժամանակ նշեց, որ Խորհրդային միության շրջանում, երբ կալանավայրերը արտադրություն են ունեցել, պետությանը տվել են, ոչ թե վերցրել:

Հայտնի է, որ բարեփոխումներ կատարելուց հետո բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ծրագրեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներում: Պրն Հովհաննիսյանի ասելով՝ ՀԿ-ներն առայսօր այդ համակարգին ոչ մի օգուտ չեն տվել: Գրքույկներ են տպագրում, դասընթացներ կազմակերպում, դրանցից կարելի է առանձնացնել միայն Աբովյանի անչափահասների գաղութում քանդակի ուսուցման ծրագիրը, որն իրականացնում էր Թեմիկ Խալափյանը: «Օգուտն այն կլիներ, որ քրեակատարողական հիմնարկ կառուցվեր կամ վերակառուցվեր»,-ասաց վարչության պետը: Նա նշեց, որ հին շենքային պայմանները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին, մասամբ կարողանում են գաղութների փակ տիպը ապահովել, կիսափակն ու կիսաբացը չեն կարողանում զուտ շենքային պայմանների պատճառով: Պետական միջոցներով վերակառուցել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը, Վանաձորում նոր մեկուսարան է կառուցվում, նախագծվում է Էջմիածնի նոր կալանավայրի շենքը:

Լուս.` Օնիկ Գրիգորյանի