HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չվերահսկվող պոչամբարը վտանգ է առաջացրել Թեղուտ և Շնող բնակավայրերի համար

Փետրվարի 7-10-ը քամիների հետևանքով «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարից մթնոլորտ արտանետված փոշին տարածվել է Թեղուտ և Շնող բնակավայրերի վրա: «Այդ երեք օրերին նույնիսկ մեր տան ճաշասեղանին անընդհատ պոչամբարի փոշի էր նստում»,- հայտնեց մի թեղուտցի, որը չցանկացավ հրապարակել իր անունը: «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի տնօրեն Հերմինե Առաքելյանի խոսքով` բնակիչները նկատել են պոչամբարի տարածքից բարձրացող փոշու ամպերը: Ինքը՝ ամբուլատորիայի տնօրենը, այդ ամենը տեսել է ինտերնետով իրեն ուղարկված տեսանյութով և լուսանկարներով: «Ես անձամբ նոր տարվա օրերին գնացել եմ պոչամբար: Պարզապես, ինձ համար հետաքրքիր էր, թե ինչ վիճակ է այնտեղ: Փոշու հաստ շերտ կար պոչամբարի վրա, որն էլ քամու հետ բարձրանում է»,- պատմեց Հ. Առաքելյանը: Բժշկուհին պնդում է, որ կառավարության հանձնարարությամբ Թեղուտի պոչամբարից մթոլորտ բարձրացող փոշու բաղադրությունը պետք է անհապաղ հետազոտվի՝ պարզելու դրա մեջ վտանգավոր կոնցենտրացիաների քանակը:

Բժշկական ամբուլատորիայի տնօրենին մտահոգում է Թեղուտ և Շնող բնակավայրերի վրա տարածվող պոչամբարի փոշու մեջ ծանր մետաղների առկայությունը: «Ես ասում եմ այն, ինչ որ կա: Կարծում եմ` փոշուց պաշտպանվելու համար բնակչության հետ պետք է տարվեն նաև բացատրական աշխատանքներ: Անհրաժեշտ է պարզել, թե պոչանքային փոշիներն ինչ ազդեցություն կունենան բնակչության առողջության վրա: Այս խնդիրն ինձ խիստ անհանգստացնում է ոչ միայն որպես բժիշկ, այլ նաև որպես Թեղուտի բնակիչ: Անվերջ մտածում եմ իմ ընտանիքի` Թեղուտում ապրելու հեռանկարների մասին՝ արժե՞ հետայսու ապրել այստեղ»,- ասում է Հ. Առաքելյանը:

Նրա խոսքով` այնպես չէ, որ հենց այսօր բնակիչների մոտ վտանգավոր փոշին կառաջացնի չարորակ նորագոյացություններ, բայց խիստ անհրաժեշտ է պարզել փոշու մեջ ծանր մետաղների պարունակության քանակը: «Ուրիշ բան է, որ փոշու մեջ ծանր մետաղները սահմանային թույլատրելի նորմաները գերազանցեն 2 տոկոսով, այլ բան է, եթե գերազանցեն 200 տոկոսով: Իրապես պետք է գնահատվեն ռիսկերը»,- ասում է ամբուլատորիայի տնօրենը: Շնողցի Լյովա Ալիխանյանի խոսքով` փետրվարի 7-10-ը տևած քամիների հետևանքով մթնոլորտում նստած փոշին թեղուտցիներին խեղդում էր: «Շնողի ծայրամասային թաղամասում, որը գտնվում է պոչամբարի հենց դիմաց և կոչվում է Անանի թալա, տհաճ հոտ էր տարածվել: Ուղիղ գծով Անանի թալան պոչամբարից 1 կմ հեռավորության վրա է: Քամիների հետ գարնանը փոշու տարածումն ու վտանգները ավելի են շատանալու»,- ասաց Լ. Ալիխանյանը:

Նա նույնպես կարծում է, որ կառավարությունը պետք է մտածի Թեղուտի պոչամբարից բնակչության առողջությանը սպառնացող վտանգի մասին: Շնողի նախկին գյուղապետ Հովիկ Սահակյանի խոսքով` Թեղուտի պոչամբարը նոր փորձությունների առաջ է կանգնեցնելու Շնող և Թեղուտ գյուղերի բնակչությանը: «Պոչամբարը, ըստ Թեղուտ ՓԲԸ-ի ծրագրի, պետք է օգտագործվեր 50 տարի: Հենց առաջին տարում սկսեցին պոչամբարի պատվարը բարձրացնել: Դատարկ ապառները շատ էին, իսկ պոչամբարը մեծ արագությամբ լցվում էր: Թեղուտի պոչամբարը տարածվում է Շնողի Խառատաձոր հանդամասից մինչև Բաղաքիթ սարի փեշը: Մի քանի տարում լցվեց: Վալերի Մեջլումյանը չարաշահեց հանքի շահագործումը»,- ասում է Հ. Սահակյանը (Թեղուտի պոչամբարը ծավալով երկրորդն է, կառուցվել է 2014թ.: Այն նախատեսված է 180 մլն խմ արդյունաբերական աղբի համար-հեղ.):

«Քամու հետևանքով պոչամբարի փոշու արտանետումները կանխելու մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա: Այդ մասին ես տեղեկացրել եմ Շնող համայնքի ղեկավարին: Ինքն է զբաղվում: Եթե «Թեղուտ» ՓԲԸ-ի վերաշահագործումը շուտ սկսվի, երևի այդ ժամանակ պոչամբարի խոնավացումը կապահովվի, փոշի չի բարձրանա»,- բացատրեց Թեղուտի վարչական ներկայացուցիչ Ֆրունզե Նորեկյանը:

««Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատելու համար պետք է գնալ հին պոչամբարի պատվարի վերակառուցման և նոր պոչամբարի կառուցմանը, իսկ դա տեսականորեն կարող է տևել 1,5 տարի»,- 2018թ. օգոստոսի 16-ին բողոքի ցույցի դուրս եկած ընկերության նախկին աշխատողներին հայտնել էր հանքը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխտնօրեն Վարդան Արամյանը:

«Միշտ էլ պոչամբարի փոշին քամու հետ տարածվելու է: Մինչև հիմա հանքն աշխատել է, տենց բաներ չեն եղել: Հիմա չի աշխատում, լինելու է: Անընդհատ պոչամբարի մեջ ջուր է թափվել, պոչանքի չորացած փոշի չի եղել: Հիմա, որ ջուրը չկա, պոչանքը չորացել է, դրա համար էլ սրանից հետո ամեն ինչ էլ լինելու է, եթե միջոցներ չձեռնարկեն: Դա պոչամբարի փոշի է ու շատ վտանգավոր, քամու միջոցով մեկ Թեղուտում է տարածվելու, մեկ՝ Շնողում: Տարածվելուց հետո ո՞նց կարող էինք պոչանքների հոտը չզգանք, ամեն ինչ էլ զգում էինք: Եթե միջոցներ չձեռնարկեն, ամբողջ բնակչությանը վնասելու է»,- ասաց թեղուտցի Դավիթ Խաչիկյանը:

«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատանքների դադարեցման հետևանքով ներկայումս Շնող և Թեղուտ բնակավայրերում սոցիալական լարված իրավիճակ է ստեղծվել. «Թեղուտ ՓԲԸ-ն և Վալերի Մեջլումյանը Շնողի և Թեղուտի բնակչությանն ունեզրկեցին: Բերել են մի վիճակի հասցրել, որ առանց իրենց հնարավոր չլինի տնտեսության մեջ որևէ գործ անել: Հիմա նոր ենք նկատում, թե ինչ է կատարվում Թեղուտում: Հիմա «Թեղուտ» ՓԲԸ-ի այլևս նախկին տերերը սնանկացման են ձգտում, ՎՏԲ-ի հետ միմյանց համար խնդիրներ են առաջացնում»,- ասում է Լյովա Ալիխանյանը: Նրա կարծիքով` Թեղուտի խնդիրն այնքան մեծ է, որ մարզպետարանի մակարդակով չի լուծվի: «Կառավարությունը պետք է գնահատական տա պոչամբարում և Թեղուտ ու Շնող գյուղերում ստեղծված աղետալի վիճակին»,- եզրափակում է Լ. Ալիխանյանը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղյակ չէ Շնող եւ Թեղուտ գյուղերի բնակիչների բողոքից: «Ես չեմ տեղեկացվել այդ մասին: Իմ լիազորությունների շրջանակում վաղը խնդիրը կքննարկեմ մասնագետների հետ: Ամեն ինչ կանենք պոչամբարից տարածվող փոշու վտանգները պարզելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը:

Մեկնաբանություններ (1)

Մեղավորներին դատի տալ եւ ստիպել որ իրենց կեղտը մաքրեն։
Այսպիսով այդ չքնաղ տեղանքն ու բնակիչների կյանքը դժոխքի վերածեցին, ու ոչ մեկը պատասխան չտվեց։ Ես կառաջարկեի որ գոնե մի քանի հոգու բերեն ու պոչամբարի կողքը շղթայակապ անեն՝ մեժլումյան, մուկ, բնաքանդ նախարարներ և էլի ում լավ գիտեք։ Իսկ առայժմ պետք է շտապ հողածածկում կատարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter