HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհատ ձեռներեց Վահե Հովհաննիսյանը վստահ է, որ իր հավերի ձուն չի տարբերվում գյուղի մյուս հավերի ձվից

Օձուն խոշորացված համայնքի մեջ մտնող Կարմիր Աղեկ գյուղում մեկ ամիս առաջ շահագործվել է «Աղեկի» թռչնաբուծական ֆաբրիկան: Այն ունի 1300 հավ և օրական արտադրում է 800 ձու:

Ֆաբրիկան «Վահե Հովհաննիսյան» ԱՁ-ինն է: «Հավատացեք գյուղատնտեսական այնպիսի ճյուղ չկա, որտեղ ես աշխատած չլինեմ: Եղավ մի պահ, երբ պանիր էի արտադրում: Մեր ընտանիքով՝ հայրս, եղբայրս և ես 40 կով ունենք, գնում էի նաև մեր և հարևան 3 գյուղերի  կովերի կաթը: Բայց հետո պանրի իմ արտադրությունն իրացման պատճառով ստիպված էի դադարեցնել: Արտադրել ենք տավարի և խոզի միս: Շուկայում կա նաև մսի իրացման խնդիր: Իրացման խնդիրը միշտ խոչընդոտել է իմ տնտեսությանը»,- պատմում է 30-ամյա ֆերմերը:

Վահե Հովհաննիսյանը գյուղմթերքների արտադրության իր բիզնեսը սկսելիս մասնագիտությամբ գյուղատնտես հոր՝ Վաչագան Հովհաննիսյանի հետ ստիպված է եղել ուսումնասիրել Լոռու մարզի գյուղմթերքների իրացման շուկան: Վաչագան Հովհաննիսյանը ներկայումս Կարմիր Աղեկի վարչական ղեկավարն է:

«Տեսանք Թումանյանի տարածաշրջանում թռչնաբուծարան չկա: Ձուն տարածաշրջանի խանութները ստանում են Լուսակերտից և Արզնիից: Այն սպառողներին հասնում է 7-10, երբեմն 15 օրվա ընթացքում: Իսկ հիմա մեզ մոտ օրվա թարմ ձուն սպառողին է հասնում  հավերի ածելու օրը, կամ ամենաուշը՝ հաջորդ օրը»,- ասում է Վահեն:

Անհատ ձեռներեցը թռչնաբուծական ֆաբրիկա կառուցելու համար «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից 5 տոկոսով 10 մլն դրամ գյուղատնտեսական սուբսիդավորված վարկ է վերցրել: Այն մարելու է 5 տարվա ընթացքում: Բացի վարկից, թռչնաբուծարանի իր գործում ներդրել է նաև 15 մլն դրամ:

Ֆաբրիկայի շինարարական աշխատանքերը սկսվել են մեկ տարի առաջ, ավարտվել են դեկտեմբերին: Հունվարի 7-ին ֆաբրիկա են տեղափոխվել Իրանից Հայաստան ներմուծված հավերը:

«Մենք հավերը գնել ենք ներկրողներից՝ վառեկ վիճակում, ֆաբրիկայում տեղավորելուց մեկ շաբաթ հետո հավերը սկսել են ձու ածել: Արտադրությունը օրական ավելանում է 15 ձվով»,-պատմում է անհատ ձեռներեցը:

Ձուն առաքում են Վանաձոր, Ալավերդի, Օձուն, Արևածագ:  Հիմնականում տալիս են խանութներին: Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահին թռչնաբուծարանն իր համար  ռիսկային չէ, որովհետև ընտանիքով գյուղատնտեսական արտադրության այլ ճյուղեր էլ ունեն, դրանք մեկը մյուսով համալրվում են:

«Շարունակում եմ զբաղվել նաև անասնաբուծությամբ և հողագործությամբ»,- ասաց նա:

Վահեի ասելով՝ թռչնաբուծական ֆաբրիկայի բիզնեսը հիմնականում ընտանեկան է: Հավերին կերակրում են հորեղբոր որդին և հայրը: Ինքը ձուն հավաքում և տեսակավորում է: Այնուհետև Վահեն կամ հայրը օրվա թարմ ձուն առաքում են խանութներ: «Այս տեսակի հավերին, եթե դուրս բերենք՝ ձվից կկտրվեն: Մենք հավերին պահում ենք կայուն ջերմաստիճանում, ֆերմայում ապահովում ենք նաև օդափոխությունը»,- ասում է Վահեն:

Հավի մսի արտադրությամբ զբաղվելու մասին իմ հարցին, անհատ ձեռներեցը պատասխանեց. «Դա պայմանավորված է մեր գործի հետագա հաջողությամբ: Այդ մասին առայժմ չենք մտածում, գյուղական լեզվով ասած՝ այս մեկը մարսենք, հետո կտեսնենք»,-բացատրում է նա:

Վահեն վստահեցնում է, որ միայն հաջողության դեպքում կընդլայնի իր թռչնաբուծական ֆերմայի արտադրանքը: Նա բացատրեց, որ հավերի քանակը ավելացնելուց հետո կորոշեն իրենց հետագա անելիքները: Ֆերմայի բոլոր հավերը դեռ ձու չեն ածում, բայց արդեն եկամուտ կա:

Մեկ հավը, որը ձու է ածում, գնել են մոտ 6 դոլարով, մեկ ձուն 55 դրամով են վաճառում խանութներին: 

Վաչագան Հովհաննիսյանի խոսքով՝ ինքն ու որդին էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների  արտադրության կողմնակից են:

«Երբ մասնագետներն այցելել են մեր ֆերմա, խորհրդակցել ենք նրանց հետ, ողջունել են մեր կատարած աշխատանքը: Նրանք, մեր համայնքի դիրքից, բնակլիմայական պայմաններից ելնելով, ասում են, որ ի սկզբանե արդյունքը գոհացնելու է: Այսօր, երբ մեր հավերի ձվի արտաքին տեսքը համեմատում ենք այլ թռչնաբուծական ֆաբրիկաների հավերի ձվի հետ, մեր հավերի արտադրած ձուն իրականում տարբերվում է»,- ասաց Վաչագան Հովհաննիսյանը: 

Վերջինս՝ որպես գյուղատնտես, դրական համարեց, որ որդու թռչնաբուծական ֆերմայում հավերը շնչում են մաքուր օդ, ֆաբրիկայի բարձր շենքում ապահովվում է հավերի միջավայրի միկրոկլիման և նորմալ օդափոխանակությունը:

Վահե Հովհաննիսյանը  նորակառույց թռչնաբուծական ֆաբրիկայի հավերի կերը ստանում է Եղվարդի համակցված կերերի գործարանից, որի արտադրանքը հավերի բնական կերին մոտ է:

«Այսօր մեր հավերի ձվատվության արդյունքները բարձր են, որը, մասնագետների ասելով, կերը ճիշտ ընտրած լինելու արդյունք է»,- ասում է Վահեն:

Վաչագան Հովհաննիսյանի խոսքով՝ առաջիկայում իրենց սեփական կերարտադրությունն են փորձելու ստեղծել:  Նա իր խոսքի մեջ նշեց, որ որդու հավերի ձվի մակնշման վրա  գրված է «Լոռի-Աղեկի»: 

«Ես չեմ գովազդում, բայց դա բրենդ պետք է լինի լոռեցի գնորդների համար: Մի երկու օր առաջ Ալավերդի մթերային խանութներից մեկում, երբ ձվի իրացման խնդիրը խանութի տիրոջ հետ քննարկում էինք, մի գնորդ մոտեցավ ինձ և ասաց. «Ներողություն, դուք Ձեր հավերի արտադրած ձուն ուտո՞ւմ եք: Այսինքն, ես մտածեցի, որ այդ մարդը չի էլ հասկանում, ինչ է ասում: Իհարկե, ես էլ, իմ ընտանիքն էլ, ուտում ենք: Ինչի մասին է խոսքը»,- պատմեց Վաչագան Հովհաննիսյանը:

Վահեն վստահեցրեց, որ իր թռչնաբուծական ֆաբրիկայի հավերի ձուն որակով ոչնչով չի տարբերվում Կարմիր Աղեկիում արտադրված մյուս հավերի ձվերից: Նա մեզ ներկայացրեց Եղվարդի համակցված կերերի գործարանից իր ֆաբրիկայի հավերի կերակրման կերի պարունակությունը, այն է՝ եգիպտացորեն, ցորեն, սոյայի շրոտ, մսալյուր, բուսական յուղ, արևածաղկի շրոտ, դիկալցիֆոսֆատ, կրաքար, լիզին, մեթիոնին, տրեոնին, աղ, պրեմիքս՝ երաշխավորված ցուցանիշներով: Անհատ ձեռներեցի ասելով՝ գործերի հաջողության դեպքում «Աղեկի» թռչնաբուծական ֆաբրիկայում հավերի քանակը 1300-ից կհասցնի 2800-ի:

Մեկնաբանություններ (1)

Արթուր
Ինչպե՞ս կարող ենք կապ հաստատել Վահե Հովհաննիսյանի հետ։ Շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter