HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում հրատապ են անտառահատումներն ու ջրային ռեսուրսների պահպանումը

Հարցազրույց «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Հայաստանում Օրհուսի պայմանագրի կոորդինատոր Աիդա Իսկոյանի հետ

- Որո՞նք են այս պահին Հայաստանում ամենահրատապ բնապահպանական խնդիրները:

- Հայաստանում ամենահրատապ բնապահպանական խնդիրների շարքում պետք է նշել անտառահատումները այստեղից բխող բոլոր հետեւանքներով՝ էրոզիա, հողի դեգրադացիա, բուսական եւ կենդանական տեսակների ոչնչացում: Եվ, ինչը հատկապես ցավալի է, ազգային եւ միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ տեսակների անհետացումն է, գետերի եւ լճերի մակարդակի իջեցումը, կլիմայի փոփոխությունը: Եթե 90-ական թվականների առաջին կեսին էներգետիկ ճգնաժամի պայմաններում ինտենսիվ անտառահատումները կատարվում էին բնակչության կարիքների համար, ապա այսօր այն կրում է զուտ արդյունաբերական բնույթ, թեեւ սոցիալական գործոնը (աղքատությունը) դեռեւս կա եւ բացասական ազդեցություն է թողնում անտառների վիճակի վրա: Հայաստանի կլիմայական պայմանների պատճառով (անտառածածկույթները մեր երկրում առանց այդ էլ բավական սահմանափակ են) ոչ ռացիոնալ, գիշատիչ հատումները կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների, որոնց մասին ես արդեն նշեցի:

Պակաս կարեւոր չեն նաեւ ջրային ռեսուրսների համալիր պահպանության խնդիրները: Մաքրման կառույցների սակավությունն ու ոչ արդյունավետությունը, իսկ երբեմն նաեւ դրանց բացակայությունը հանգեցնում են ջրային ռեսուրսների նվազման եւ աղտոտվածության: Այս կապակցությամբ պետք է հատուկ նշել 2002թ. ՀՀ æրային օրենսգրքի դրույթները Ազգային ջրային պաշարի մասին: Այստեղ ասվում է, որ ջրային ռեսուրսները չեն կարող ստացվել, բաշխվել եւ օգտագործման ընձեռնվել այնպես, ինչը կարող է հանգեցնել Ազգային ջրային պաշարի ծավալի կրճատման (æրային օրենսգրքի հոդված 18): Այսպիսի մոտեցումը բխում է ոչ միայն ազգային շահերից, որոնք արտահայտվում են ջրային ռեսուրսների համալիր, կայուն օգտագործման մեջ, այլեւ տարածաշրջանային անդրսահմանային շահերից: Եվ սա համապատասխանում է միջազգային պայմանագրերի պահանջներին: Մյուս հարցը æրային օրենսդրության մեջ «Անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման կարգավորում» կոչվող եւ անդրսահմանային ջրային ռեսուրսներին նվիրված հատուկ գլուխ մտցնելն է (æՕ, գլուխ 7): æրային օրենսգրքով նախատեսվող միջպետական հանձնաժողովի ստեղծումը կբարելավի տարածաշրջանի համար ամենացավոտ հարցի հետ կապված իրավիճակը:

Թափոնների (մասնավորապես քաղաքներում) օգտագործումը, ինչպես նաեւ հատուկ հսկվող տարածքներում կենսաբազմազանության պահպանումը հետեւում են վերը նշված խնդիրներին' որպես այս բնագավառում առավել զգայուն «ոլորտներ»:

Բնապահպանական խնդիրների մասին խոսելիս պետք է նշել դրանց ծագման եւ լուծման հնարավոր միջոցները, թեեւ դեպքերի մեծամասնությամբ դրանք դրսեւորվում են որպես անբավարար վերահսկողության եւ չկարգավորված, անմիտ բնօգտագործման հետեւանքներ: Այդ խնդիրներից շատերը ծագում են սոցիալական գործոնների պատճառով, մասնավորապես աղքատության գործոնի, երբ մարդն առանց թույլտվության բնությունից վերցնում է իրեն պետք եղածը:

Մի շարք խնդիրներ ծագում են բնապահպանական օրենսդրության անկատարությունից: Չնայած Հայաստանում ընդունվել եւ վերջին տարիներին թարմացվել են շատ օրենքներ եւ ենթաօրենսդրական ակտեր, վավերացվել են շրջակա միջավայրի պահպանության բնագավառին վերաբերող միջազգային պայմանագրեր, այնուամենայնիվ, այս բնագավառում օրենսդրությունը դեռեւս հակասական է, ոչ լիարժեք, առանց դրա կիրառման համար բավարար մեխանիզմի:

Խնդիրների երկրորդ խումբը վերաբերում է բնօգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառի կառավարմանը: Դեռեւս չի մշակված այս բնագավառի համար համընդհանուր քաղաքականություն: Ակնհայտ է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործողությունների Ազգային ծրագրի մշակման եւ ընդունման անհրաժեշտությունը: Կառավարությունը հաստատել է նախորդ ծրագիրը 1998թ. եւ, բնական է, զարգացումներն այս հարցում նոր մոտեցումներ են ենթադրում:

Ինչպես ցույց է տալիս փորձը, բնապահպանական իրավունքի նորմերին չհետեւելը եւ դրա բոլոր բացասական հետեւանքները հաճախ հասարակության ոչ բավարար տեղեկացվածության, բնապահպանական դաստիարակության, կրթության եւ կուլտուրայի ցածր մակարդակի, ինչպես եւ ընդհանրապես հասարակության մեջ օրենքի գերակայության ապահովման հնարավորության արդյունք են:

- Այժմ, հավանաբար, ողջ աշխարհում, այդ թվում նաեւ հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում, ամենահրատապ բնապահպանական խնդիրը թռչնագրիպն է: Այդ վիրուսը Հայաստանի համար հրատապ բնապահպանական խնդիրների շարքում Դուք չնշեցիք...

- Թռչնագրիպը չի կարող նաեւ Հայաստանի համար բնապահպանական խնդիր չլինել, քանի որ, ինչպես ասացիք, այն կա աշխարհի շատ երկրներում: Հայաստանի հարեւան երկրներում նույնիսկ մարդկային զոհեր եղան: Սակայն Հայաստանում պաշտոնական աղբյուրները պարբերաբար հայտարարում են, որ երկրի տարածքում մինչ օրս չեն հայտնաբերվել այդ վիրուսով թռչունների եւ մարդկանց վարակման դեպքեր: Իհարկե, ձեռնարկվում են նախազգուշական միջոցներ եւ դեռեւս, փառք Աստծո, մեզ մոտ այս հարցում ամեն ինչ լավ է: Ես չհիշատակեցի թռչնագրիպը Հայաստանի համար բնապահպանական ամենահրատապ խնդիրների շարքում հենց այդ պատճառով, ելնելով նրանից, թե ինչի հետ ենք կոնկրետ բախվում այժմ եւ բնապահպանության բնագավառում ինչ խնդիրներ ենք ստիպված լուծելու: Իհարկե, վայրի թռչունների ոչնչացումը թռչնագրիպի կանխարգելման նպատակներով համարում եմ բնապահպանությանը դեմ գնացող քայլ:

- Հայաստանում ի՞նչ կառույցներ են զբաղվում բնապահպանական խնդիրներով, որքանո՞վ է արդյունավետ նրանց գործունեությունը:

- Այսօր բնապահպանությամբ զբաղվող սուբյեկտների շրջանակը շատ լայն է: Դրանք պետական կառույցներն են' խորհրդարանը, կառավարությունը, նախարարությունները, գերատեսչությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, գործարարական իրավունքի սուբյեկտները, ԶԼՄ-ը եւ միջազգային կազմակերպությունները: Այս թվարկման մեջ կարեւոր տեղ է գրավում պետական կառավարման լիազոր մարմինը' ՀՀ Բնության պահպանության նախարարությունը, որի կառույցում կան տարբեր գործակալություններ եւ վարչություններ: Բնական ռեսուրսների կառավարման մի շարք գործառույթներ փոխանցվել են այլ գերատեսչությունների: Օրինակ' անտառների օգտագործման կառավարումը փոխանցվել է Գյուղատնտեսության նախարարությանը, ջրային ռեսուրսների օգտագործման կառավարումը' Տարածքային կառավարման նախարարության կազմում գործող æրային տնտեսության պետական կոմիտեին եւ այլն: Այսինքն' նկատելի է բնօգտագործման եւ բնապահպանության գործառույթների տարանջատման եւ բնապահպանական պետական հսկողությունը Բնության պահպանության նախարարությունում կենտրոնացնելու միտումը:

- Ինչպե՞ս եք գնահատում մարդկանց բնապահպանական գիտակցության մակարդակը:

- Վերջին տարիներին Հայաստանի բնակչության բնապահպանական գիտակցությունը զգալիորեն աճել է: Դրան նպաստել են եւ՛ շրջակա միջավայրի պահպանության խնդիրների տարբեր կողմերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների ստեղծումը, եւ՛ տարածաշրջանային ակտիվ համագործակցությունը, եւ՛ միջազգային կազմակերպությունների գործունեությունը, եւ՛ իրագործվող ծրագրերը: Օրհուսի պայմանագրի ստորագրման եւ վավերացման կապակցությամբ ակտիվացավ Բնապահպանության նախարարության համագործակցությամբ հասարակության մասնակցությունը շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող որոշումների պատրաստման եւ ընդունման գործընթացում: Այդ համագործակցության շրջանակներում եւ ԵԱՀԿ աջակցությամբ ստեղծվեցին հինգ Օրհուս-կենտրոններ, որոնցից մեկը' Բնապահպանության նարարարությունում, մյուս չորսը' Հայաստանի տարբեր շրջաններում: Նշված ամբողջ գործընթացը ծավալվում է ՀԿ-ների եւ պետական կառույցների մասնակցությամբ:

Բնակչության մասնակցությունը բնապահպանական խնդիրների լուծման մեջ իրականացվում է ազգային եւ միջազգային օրենսդրության շրջանակներում: Քաղաքացիների ակտիվության մասին վկայում են տեղեկատվության մատչելիության գործերով հասարակության դատական հայցերի քանակի ավելացումը եւ մարդկանց մասնակցությունը շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործին: Վերջին տարիներին սկսել են ընթանալ հասարակական լսումներ, սակայն այս փորձն առայժմ կիրառվում է մայրաքաղաքում: Եղել են դեպքեր, երբ մի քանի անդրսահմանային ծրագրերի առնչությամբ լսումներ են կազմակերպվել նաեւ շրջաններում: Հասարակական լսումներն անց են կացնում Բնապահպանության նախարարությունը, համայնքը, որի տարածքում նախատեսվում է ծավալել քննարկվող գործունեությունը եւ ինքը՝ ձեռներեցը: Հաճախ հասարակական լսումներին մասնակցում են նաեւ ՀԿ-ները ( համաձայն Օրհուսի պայմանագրի 2 հոդվածի 5 կետի՝ որպես շահագրգիռ հասարակայնություն ) :

- Հարեւան երկրների հետ բնապահպանության բնագավառում համագործակցությունը բնական է թվում, քանի որ խոսքը բոլորի բնապահպանական անվտանգության մասին է, եւ մի երկրի խնդիրները կարող են արագ անդրադառնալ մյուսների վրա: Ինչպիսի՞ն է իրավիճակն այս հարցում:

- Հայաստանը համագործակցում է հարեւան երկրների հետ այնպիսի խնդիրների շուրջ, որոնք, որպես կանոն, հավասար կերպով առնչվում են տարածաշրջանի բոլոր երկրներին (օրինակ' անդրսահմանային ջրային ռեսուրսները, կենսաբազմազանությունը եւ այլն): Տարածաշրջանային մակարդակով անցկացվող սեմինարները, կլոր սեղանները, ուսուցումներն ու համատեղ ծրագրերը նպաստում են ոչ միայն բնապահպանական խնդիրների լուծման ճանապարհներն ու միջոցները գտնելուն, այլեւ տարածաշրջանի երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններին եւ համագործակցությանն ընդհանրապես: Անհրաժեշտ է նշել Հարավային Կովկասի երկրների հնարավորությունները թռչնագրիպի կանխարգելման եւ նրա դեմ բնապահպանական համատեքստում պայքարելու համար: Հնարավոր է, որ դա լինի կլոր սեղան, որտեղ ներգրավված կլինեն շահագրգիռ շատ կողմեր: Այս հարցում տարածաշրջանային համաձայնեցված քաղաքականության մշակումն ունի մեծ նշանակություն: Թռչունների չուն, անդրսահմանային գետերը, աղտոտվածությունների, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների տեղաշարժերը եւ շատ այլ իրողություններ հանգեցնում են այն հանրահայտ ընկալմանը, որ շրջակա միջավայրի պահպանությունը սահմաններ չունի, պետական սահմանները դրա համար չափազանց պայմանական են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter