HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընկերուհի Բերիթանը

Ես պառկած եմ հենց վառարանի մոտ, հատակին փռած քնապարկին: Աջից վրաս են սեւեռվել Օջալանի, ձախից՝ պատանի հերոս ազատամարտիկի աչքերը: Վառարանն արդեն հանգել է, ցուրտ է: Խոհանոցի վառվող լույսից մի քանի շող սողոսկել է սենյակ՝ աղոտ լուսավորելով պատկերները:

Նրանց հայացքը կաշկանդում է ինձ: Փակում եմ աչքերս, սակայն միեւնույն է' զգում եմ դրանք: Հատկապես երիտասարդինը: Նրա անունը Մասլում Դոխան է: Այսօր ցերեկը Բերիթանը պատմել է նրա մասին:

«Մեր ընկեր Դոխանը շատ զարգացած է եղել, օրական կարդացել է 500 էջանոց գիրք, ուսումնասիրել է բոլոր ազգերի պատմությունը: Նա մեր առաջնորդի զինակիցն էր, 20-21 տարեկան է եղել, երբ բանտում 72 օրանոց հացադուլ է կազմակերպել քրդերի համար ու մարտի 21-ին' Նովրուզի օրը, ինքնահրկիզում է կատարել: Ընդամենը երեք հատիկ լուցկի է ունեցել, վառել է ու դրել ոտքերի տակ... Բայց մեր առաջնորդը դեմ է ինքնասպանությանը,-պատմում է Բերիթանը:-Նա ասում է' գործով պայքարեք մեր անկախության համար, կրթություն ստացեք, պատմություն սովորեք: Նման արարքներով ոչնչի չեք հասնի»:

Երբ Բերիթանը խոսում է «մեր առաջնորդ» Աբդուլա Օջալանի մասին, նրա թախծոտ, աշխարհից կտրված աչքերը փայլում են: Նա ինձ ասում է' «ընկերուհի»: Այստեղ' Ալագյազ գյուղում, բոլորը մեզ դիմում են «ընկեր» կամ «ընկերուհի» բառերով:

Ալագյազը Արագածոտնի մարզի ամենամեծ եզդիական գյուղն է: Գյուղացիները, սակայն, բացատրում են, որ ազգությամբ իրենք քուրդ են, իսկ եզիդիզմն իրենց կրոնն է. այստեղ բնակիչները խոսում են քրդական քուրմանջի բարբառով, դիտում են քրդական «Roj TV» հեռուստաալիքը, գրեթե բոլորի տանը կա Օջալանի պատկերով պաստառ կամ նկար:

Սենյակը, ուր փորձում եմ քնել, Ալագյազի Քրդական մշակութային կենտրոնի Քրդական գրասենյակն է: Կենտրոնը Բերիթանը ստեղծել է եղբայրների եւ իր ջանքերով: Այն բաղկացած է միջանցք-խոհանոցից, Քրդական գրասենյակից, թանգարանից եւ բուժկետից: Երկրորդ հարկի սենյակները հյուրերին տեղավորելու համար են:

Միջանցքում շարված են հողաթափեր. ոչ ոք կոշիկով ներս չի մտնում:

Այս կենտրոնը Բերիթանը մեն-մենակ է ղեկավարում: Նա ծնվել է Ալագյազում, ավարտել է Երեւանի բժշկական ուսումնարանը, հինգ տարի աշխատել է Երեւանի պետական վերակենդանացման բաժնում' որպես բուժքույր: 1999 թվականին որպես բուժքույր եւ բժիշկ մեկնել է Իրաքի Քրդստան, մի քանի տարի անցկացրել լեռներում:

«2004-ին վերադարձա Հայաստան: Եկա այստեղ, տեսա, որ գյուղը շատ վատ վիճակում է: Ալագյազը 10-11 քրդական գյուղերի կենտրոն է: Այս գյուղերը ձմռանը լրիվ կտրված են աշխարհից, տրանսպորտի բացակայության պատճառով դժվար է ինչ-որ տեղ հասնել, հատկապես, երբ բժշկական օգնություն է պետք լինում: Դե, գրասենյակն ու թանգարանն էլ որոշեցի այստեղ, նույն շենքում ստեղծել, որ ինձ համար էլ հեշտ լինի, շատ չվազվզեմ,-ավելացնում է Բերիթանը:

Գրասենյակում սեղանին դարսված են քրդական «Միջագետք» թերթի նոր համարները: Կան քրդական մշակույթի, պատմության ու կենցաղի մասին պատմող մի քանի գրքեր: Հայացքս առավոտյան ընկավ Բերիթանի բջջային հեռախոսին. էկրանին Օջալանի պատկերն էր:

Գրասենյակի պատերին, բացի Օջալանի ու պատանի ինքնասպանի նկարներից, նաեւ այլ քուրդ զոհված ազատամարտիկների նկարներն են: Բոլորը բեղավոր տղամարդիկ են, միայն երկու կին կա նրանց մեջ: Մեկը շատ գեղեցիկ է: Բերիթանը նրա մասին էլ է ինձ պատմել: Նրա անունը Վիա Սորան է. նա էլ է իրեն հրկիզել, ըստ Բերիթանի՝ ի նշան բողոքի Օջալանի ձերբակալության դեմ:

«Մեր ընկերուհի Զիլանն էլ (մյուս կինը), ռումբը փաթաթելով փորին, որպես հղի կին մտել է թուրք զինվորականների մեջ: 1996 թվականին թուրքերն ուզեցել են սպանել մեր առաջնորդին, ինքն էլ գնացել է մի 50-60 բանակայինների մոտ ու պայթեցրել իրեն»,-ասում է Բերիթանը:

«Բերիթանը նույնպես հերոսի անուն է: «Ընկեր Բերիթանը» եղել է թուրքաբնակ քուրդ զինվորական: Իրաքի եւ Թուրքիայի քրդերի մարտերի ժամանակ նա միայնակ դիմադրել է Իրաքի քրդերի 500 հոգանոց զորքին: Իրաքցի քրդերն առաջարկել են նրան հանձնվել՝ խոստանալով պահպանել կյանքը, սակայն նա բղավել է. «Ամո՛թ ձեզ, դուք պետք է հանուն ձեր ազատագրման պայքարեք, այլ ոչ միմյանց դեմ»: Ու իրեն վայր է նետել ժայռից: Երբ կարդացի նրա սխրանքների մասին, որոշեցի նրա անունը կրել»:

Բերիթանի իսկական անունը Ֆրյազ է. Ավդալյան Ֆրյազ Շաքրոյի: Սակայն գյուղացիները նրան անվանում են æամիլա. «Դեռ փոքրուց դուրս գալիս էր այդ անունը, սկսեցի կրել, այդպես էլ մնաց»,-ժպտալով ասում է նա:

Մեր' Ալագյազում գտնվելու ողջ օրը Քրդական մշակութային կենտրոնի գրասենյակում «Roj TV»-ն էր միացրած: Եթե չալարեի, հիմա էլ' գիշերով կմիացնեի, կամաց, որ մյուսներին չխանգարեմ եւ կլսեի քրդական ազատագրական եւ սիրո մասին երգեր:

Մյուսները քնած են թանգարանում, որն այս տան սրբության սրբոցն է, ուր մտնելիս նույնիսկ հողաթափերը պետք է հանել: Թանգարանի նմուշների մի մասը եղել է Բերիթանի ընտանիքում, մյուս մասը նա հայթայթել է գյուղերից:

«Կենտրոնն ամենից առաջ մշակութային նպատակներով է ստեղծվել,-ասում է Բերիթանը:-Քրդերը հին ժողովուրդ են, մեր մշակույթը հնագույններից մեկն է, պետք է պահպանենք այն: Որքան գիտեմ, սա միակ քրդական թանգարանն է Հայաստանում: Քրդական մշակույթ ուսումնասիրողները տարբեր երկրներից գալիս են այստեղ»:

Ազգային տարազները, գորգերն ու էմենի ձեռագործերն ունեն 100-ամյակների պատմություն: Գյուղում դեռ կարելի է հանդիպել քրդական ազգային տարազով մեծահասակ կանանց, սակայն երիտասարդներն այն չեն կրում: Ինչպես այլեւս չեն զբաղվում գորգագործությամբ:

Թանգարանի պատից կախված է քրդական ազգային երաժշտական գործիք քյամանչան:

«Հայերն ասում են' սա մեր ազգային գործիքն է, քրդերն ասում են՝ մերն է,- ծիծաղում է Բերիթանը:-Մեր ժողովուրդների մշակույթն ու ապրելակերպը շատ նման են իրար»:

Թանգարանի որոշ նմուշներ օգտագործվում են այստեղ անցկացվող մշակութային միջոցառումների ժամանակ: Միջոցառումները հիմնականում նվիրված են ազգային հերոսների օրերին:

Թանգարանում եւ բուժկետում բավականին ցուրտ է: Չնայած' մենք հաջողակ ենք. գյուղացիներն ասում են, որ մեկ շաբաթ առաջ դեռ առատ ձյուն էր գալիս:

Բուժկետը սպասարկում է 11 եզդիական եւ 9 հայկական գյուղ: Բերիթանը սովորաբար ի վիճակի է առաջին բուժօգնություն ցույց տալու: Սակայն որոշ դեպքերի համար չունի անհրաժեշտ բժշկական պարագաներ:

Հարեւան գյուղից մի աղջկա մայրը բերել է ատամը հեռացնելու: Երեխան նստած է սովորական աթոռին, չկան ատամնաբուժական տարրական հարմարություններ: Բերիթանն իր միջոցներով եւ ընկերների օգնությամբ ձեռք է բերել շաքարը եւ ճնշումը ստուգելու սարքեր, ստերիլիզատոր:

Արագածոտնի մեկ այլ գյուղում՝ Ծաղկահովիտում, պոլիկլինիկա կա: Սակայն հատկապես ձմռանը բազմաթիվ գյուղերի բնակիչներ չեն կարող այնտեղ գնալ. ճանապարհները փակ են:

«Մարդիկ, ովքեր եղել են եւ՛ ինձ մոտ, եւ՛ պոլիկլինիկայում, ասում են, որ ինձ մոտ շատ ավելի լավ է, քան այնտեղ, թե՛ մաքրության, թե՛ սպասարկման տեսակետից»,-ասում է Բերիթանը:

Բերիթանը ստանում է 20 000 դրամ աշխատավարձ, որը գրեթե ամբողջությամբ սպառվում է պոլիկլինիկային կից դեղատանը:

«Նախկինում հիվանդներից փող չէի վերցնում,-ասում է Բերիթանը,-եղբայրներս էին ինձ օգնում ծայրը ծայրին հասցնել ( մի եղբայրը մաթեմատիկայի ուսուցիչ է դպրոցում, մյուսը' գիտաշխատող, ֆիզիկոս Մոսկվայում ) : Սակայն հիմա ով ի վիճակի է, վճարում է»:

Անցյալ տարի Բերիթանը դիմել է Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեին՝ բուժկետի համար անհրաժեշտ սարքավորում ձեռք բերելու խնդրանքով: Ըստ նրա՝ կոմիտեն մերժել է՝ պատճառաբանելով, թե հազիվ են հասցնում ղարաբաղյան պատերազմի վետերաններին օգնել...

Արդեն լրիվ ցրտել է: Ես մոռացել եմ ինքնահրկիզված հերոսներին եւ մտածում եմ կենդանի հերոս æամիլա-Բերիթան-Ֆրյազի մասին, ով ընդամենը 35 տարեկան է ու իրեն ամբողջովին նվիրել է ուրիշներին օգնելու գործին: Չեմ գրում' զոհաբերել է իրեն, որովհետեւ ինքն այդպես չի կարծում ու մերժում է գովեստի կամ հիացմունքի ցանկացած խոսք իր հասցեին:

Սեպտեմբերից, չնայած զբաղվածությանը, Բերիթանը պատրաստվում է սովորել «Հայ Բուսակ» համալսարանի բժշկության բաժնում:

«Որ կարողանամ ավելի օգտակար լինել գյուղի բնակիչներին»,-ասում է նա:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter