HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊՊԾ գնդի գրավման գործով ցուցմունք տվեցին վիրավորված ոստիկանը և գնդի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալը

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին այսօր դատարանն ամբաստանյալներ Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի համար նոր հանրային պաշտպան՝ Սեդրակ Մկրտչյանին ներգրավեց: Արմեն Բիլյանը հրաժարվեց մինչ այս իր գործում ներգրավված բոլոր հանրային պաշտպաններից:

«Մենք բացարձակապես չենք կարողանում աշխատել այդ պաշտպանների հետ, նրանք իմ մոտ չեն գալիս, իմ կարծիքը չեն հարցնում, ուղղակի գալիս են, ներկա ստանում ու գնում: Ես հանրային պաշտպան չեմ ուզել»,- հայտարարեց Արմեն Բիլյանն, ապա, շարունակելով, նշեց, որ իր մյուս հանրային պաշտպան Վահե Եփրիկյանը մոտ մեկ ամիս է՝ իր շահերը պաշտպանելու համար ներգրավվել է գործում, բայց իրեն չի այցելել, մինչ Եփրիկյանը, նրա շահերը պաշտպանող մեկ այլ հանրային պաշտպան ընդամենը մեկ անգամ է այցելել իրեն:
«Պաշտպանը նրա համար է, որ պաշտպանություն ապահովի, եթե ուղղակի ներկա ստանալու համար պաշտպան են ուղարկում, ապա ինձ պաշտպան հարկավոր չէ: Հանրային պաշտանի գրասենյակի ղեկավարին ասեք, որ էլ պաշտպան չուղարկի առանց իմ կարծիքը հարցնելու»,- ասաց Բիլյանը:

Վահե Եփրիկյանը, սակայն, համաձայն չէ Բիլյանի հետ: Պաշտպանը նշեց, որ նրա հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ես ամեն գործի քննության ընթացքում ամեն ինչ իր հետ համաձայնեցնում եմ, իր շահերին հակասող որևէ գործողություն չեմ կատարում: Ինչ վերաբերում է վերջինս տեսակցելուն, ապա աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ չեմ կարողացել նրան տեսակցել, սակայն չի եղել այնպիսի հանգամանք, որը նա ցանկացել է ինձ հետ քննարկել, և ես ժամանակ չեմ գտել»,- ասաց Վահե Եփրիկյանը:

Դահլիճ բերվեց նաև Պավել Մանուկյանն, ով նույնպես հրաժարվեց նոր հանրային պաշտպանից՝ նշելով, թե ինքը ունի պաշտպան: Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատավորը որոշեց Սեդրակ Մկրտչյանին ներգրավվել որպես Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի պաշտպան:

Այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեցին գործով տուժող ճանաչված երեք ոստիկաններ:

Նրանցից Փայլակ Մնացականյանը դատարանին հայտնեց, որ 2016 թվականի հուլիսի 29-ին ծառայություն է իրականացնելիս եղել Խորենացի փողոցում, ժամը 21:30-ի սահմաններում հրաման է ստացել շարժվել դեպի Սարի թաղի ուղղությամբ, քանի որ այնտեղ քաղաքացիներ են եղել հավաքված, և, ըստ Մնացականյանի խոսքի, հնարավոր էր, զանգվածային անկարգություններ տեղի ունենային:

«Սարի թաղ չհասած՝ առաջին և երկրորդ ոլորապտույտի միջնամասում, մեզ մոտեցան բազմաթիվ քաղաքացիներ և սկսեցին քարեր, պայթուցիկներ, շշեր նետել: Մենք պաշտպանվում էինք՝ վահանները պահելով մեր գլխավերևում»,- պատմեց տուժողն, ապա նշեց, որ այս իրավիճակում ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառել՝ լուսաձայնային նռնակ, ինչից հետո հաջողվել է անկարգությունները կանխել, և հավաքված մարդիկ ցրվել են:

Տուժողի խոսքով՝ ժամը 22:30-ից 23:00-ի սահմաններում, երբ ինքը ոստիկանության այլ ծառայողների հետ վերադառնալիս են եղել Խորենացի փողոց, ՊՊԾ գնդի տարածքից կրակոցի ձայներ են լսվել:

«Այդ հատվածն անցնում էինք փոքր խմբերով, վազքով: Երբ անցնում էինք, ես գնդի կողմից կրակոցի ձայն լսեցի և ցավ զգացի որովայնիս և ոտքիս հատվածում: Չդադարեցնելով վազքս՝ անցա այդ հատվածը և մոտեցա մնացած ոստիկաններին ու օգնություն խնդրեցի»,- պատմեց տուժող ոստիկանը և նշեց, որ երբ վիրավոր է եղել, իրեն են մոտեցել վաշտի հրամանատար Նազարեթ Գևորգյանը և գնդապետ Լեռնիկ Երանոսյանն ու իրեն տարել շտապօգնության մեքենայի մոտ:

Դրանից հետո Մնացականյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են, և պարզվել է, որ վնասվել է նրա հաստ աղիքը, որից հանվել է փամփուշտի գնդակ: Մնացականյանը տեղյակ չէ՝ զենքը, որով իրեն կրակել են, գտնվել է, թե ոչ:

Դատարանում այսօր ցուցմունք տված ոստիկան Մայիս Հովհաննիսյանը, ով ՊՊԾ գնդի գրավման ժամանակ աշխատելիս է եղել Էրեբունու համայնքային ոստիկանությունում, ասաց, որ 2016 թվականի հուլիսի 16-ին ծառայություն է իրականացնելիս եղել, երբ հրավառության ու կրակոցի ձայներ է լսել, ապա տեղեկացել, որ ՊՊԾ գունդը մի խումբ անձանց կողմից գրավվել է:

Հովհաննիսյանի խոսքով՝ իր մեքենան, որը կայանված է եղել Էրեբունու բաժնին կից, ամբողջությամբ այրվել է: Թե ով է այրել, չգիտի:

Տուժողը միայն նշեց, որ մեքենան ամբողջությամբ անպիտան է դարձել, և իրեն մոտ 750 հազար դրամի գույքային վնաս է պատճառվել:

Տուժող Հրայր Հայրապետյանը դեպքի ժամանակ զբաղեցնելիս է եղել ՊՊԾ գնդի անձնակազմի գծով տեղակալի պաշտոնը, այժմ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստակամության բաժնի պետի տեղակալն է:

Նա ասաց, որ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ առավոտյան ժամը 05:15-ի սահմաններում, հեռախոսակապի միջոցով գնդի շտաբի պետից տեղեկացել է, որ գունդը գրավել են, որից հետո անմիջապես գնացել է դեպի գունդ, փորձել մուտք գործել դրա տարածք, սակայն տեսնելով, որ գնդի դարպասների մոտ կանգնած են հրազենով մի խումբ տղաներ՝ ետ է քաշվել:

«Բոլորից իմ մոտ տպավորվել է միայն մեկ տղամարդ՝ սպիտակ մորուքով, որը կանգնած էր մեզ ավելի մոտ: Նա պահանջեց ետ քաշվել»,- ասաց Հայրապետյանը:

Վերջինս պատմեց, որ գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում է ծառայություն իրականացրել, միայն զինված խմբի դուրս գալուց հետո է մտել իր աշխատասենյակ: 

«Աշխատասենյակս թափթփած էր, աննկարագրելի վիճակ էր, այնտեղ ունեցել եմ հեռախոսաքարտեր, կրիչ, բայց ամենակարևորը. չկար աշխատասեղանիս աջ կողմի դարակում գտնվող 336 հազար ՀՀ դրամ գումարը, ոը նախատեսված էր 02 շաբաթաթերթի համար: Դա 96 ծառայողներից յուրաքանչյուրից 3500 դրամ հավաքված գումարն էր»,- ասաց Հայրապետյանը:

Վերջինիս սենյակից բացակայել է նաև երկաթյա պահարանը:

«Այնտեղ ունեցել եմ փաստաթղթեր, իսկ ներքևի մասում իմ անվանական ՏՏ տեսակի ատրճանակը և Կոբրա տեսակի լապտեր: Նույն օրը հրամանատարիցս տեղեկացա, որ ատրճանակն ու լապտերը հայտնաբերվել են գնդի դիմացի շենքի մասնաճյուղում: Օգոստոսի 8-ին ինձ տեղեկացրին, որ լազերային հրաձգարանում կա մի քանի երկաթե պահարան, որոնցից մեկն, ինչպես պարզվեց, իմն էր»,- պատմեց Հայրապետյանը՝ նշելով, որ երբ հայտնաբերվել է, պահարանի վերևի դուռը ջարդված է եղել, իսկ ներքևինը՝ փակ, և երբ ինքը բանալիով բացել է ներքևի դուռը, այնտեղից գտել է մուգ գույնի կտորից պայուսակ, նոթատետր և սկոչով փաթեթավորված ինչ-որ զանգված, կողքը՝ 1 միլիոն 116 հազար դրամ, երկու հատ մեկ դոլարանոց և 50 ռուսական ռուբլի:

Հայրապետյանի խոսքով՝ հետագայում պարզվել է, որ հայտնաբերված պայուսակը եղել է ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանինը:

Այսօրվա նիստն ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter