HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրո-2020-ի ընտրական փուլը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլը՝ հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը ակնհայտորեն զիջում էր մրցակցին դաշտի բոլոր օղակներում: Բավական է նշել, որ առաջին 45 րոպեներին ընդամենը մեկ հարված կատարեց մրցակցի դարպասին, չնայած որ Ալեքսանդր Կարապետյանի հարվածը դժվար թե կարելի է վտանգավոր համարել: 33-րդ րոպեին անկյունայինի խաղարկման արդյունքում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կիսապաշտպան Ռադե Կրունիչը գլխի հարվածով եզրափակեց Միրալեմ Պյանիչի փոխանցումը՝ բացելով խաղի հաշիվը:

Մեր հավաքականը երկրորդ խաղակեսը անհամեմատ ավելի լավ անցկացրեց: Հայաստանի հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը երկու լավ պահ ունեցավ, սակայն երկու դեպքում էլ գնդակը փոքր-ինչ շեղությամբ անցավ ձախ դարպասաձողի կողքով: Մեկ հնարավորություն էլ ունեցավ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որի հարվածը նույնպես շեղ ընթացավ: Հայաստանի ակտիվությունից հետո, սակայն, բոսնիացիները սկսեցին իրենց սուր գրոհները, դրվագներից մեկում էլ մեր հավաքականին օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը, երկու սեյվ արեց դարպասապահ Արամ Հայրապետյանը: Բոսնիացիների ճնշումը, այնուամենայնիվ, տվեց իր արդյունքը. 80-րդ րոպեին ձախ եզրից կատարված փոխանցումից հետո Դենի Միլոշևիչը երկրորդ գնդակն ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը:

Հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին մեր հավաքականին հաջողվեց թրջել խաղի հաշիվը: Տանտերերի ֆուտբոլիստը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, և նշանակված 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը: Ավելին անել՝ մեր ընտրանուն չհաջողվեց:

Մեր խմբի մյուս հանդիպումներում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Ֆինլանդիային, իսկ Հունաստանը հյուրընկալվելիս կրկին 2:0 հաշվով պարտության մատնեց Լիխտենշտեյնին:

Հավելենք, որ մարտի 26-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ուժերը կչափի Ֆինլանդիայի ընտրանու հետ:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter