HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Բադիկը, որի մեջ հավանաբար մարդ էր, ինձ Շամշյան անվանեց»․ Վարդան Դանիելյանի «դոկումենտալ պոեզիան»

Լույս է տեսել Վարդան Դանիելյանի «դոկումենտալ պոեզիա» բանաստեղծությունների ժողովածուն։

Ես նայել եմ Վարդանի՝ Ուջանում նկարած «Կարճ հաղորդագրություններ» ֆիլմը, գիտեմ, որ էդ կարճամետրաժը 2013-ին ՆՓԱԿ-ի «Մէկ կադր» կինոփառատոնի լավագույն հայկական ֆիլմ ճանաչվեց, նույն տարի Կիպրոսի ՄԿՖՓ-ում՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ»։ Ես հիշում եմ Վարդանին 2018 թվականի «Մէկ կադրի» ժամանակ՝ «Break free» վերտառությամբ թեթեւ մի շապիկով (էլի բան կար գրված շապիկին, բայց չէր երեւում), պատախանում էր իր «Իմպուլս» ֆիլմին առնչվող հարցերին։ Դրանից առաջ պատահաբար «Գրանիշում» կարդացել էի Վարդանի մի գործ, որն անվերնագիր էր, ինչպես նրա բոլոր մնացած գործերը։

Վարդանի այդ գործն այսպես էր սկսվում

***

Ես երեսունմեկ տարեկան եմ,

ունեմ երեսունմեկ ատամ ու գիտեմ, որ երեսուներկուսում

դրանց թիվը չի ավելանալու․․․

Հետո կարդացել եմ Վարդանի՝ 2018-ին «Կինոաշխարհում» տեղ գտած մի գրախոսություն, որը վերաբերում է Վիգեն Չալդրանյանի «Տեր, Ողորմեա» ֆիլմին, ու էդ գրախոսության սկիզբն ինձ ավելի է հետաքրքրել

 

«1997-ին ես սովորում էի Չարենցի անվան դպրոցում: Դասերից թռնում ու ֆռֆռում էինք Երևանում, Ամիրյանից ինչ-որ նեղլիկ հայաթներով դուրս էինք գալիս Աբովյան, որը դեռ սալահատակ էր, հետո hետ էինք վերադառնում էսօրվա Մաշտոցի պուրակ, իսկ ճամփին չեբուրեկի էինք ուտում` հետն էլ տոմատի սոկ:

Պրոսպեկտի «Ռեն Ալեքսը» դեռ «Աշոտ Էլեկտրոնիկս» էր, Ամիրյանի «Զվեզդան»՝ մեր պատկերացմամբ սուպերմարկետ, Կիրովի այգին էլ հայտնի էր միայն սովետական խաղային ապարատներով ու կարուսելներով: Էդ տարվա գարնանը «Խաթաբալադան» էի տեսել ու ազդվել, դասարանում «Մեր բակի» ու «Ոզնիների» հումորներն էինք անում, ծնունդներին իրար մագի կասետներ էինք նվիրում ու պարում «Այ’մ ը սքեթ մենի» տակ: Անցած օգոստոսի 31-ին Բերեզովսկին Պորտուգալիայի հետ խաղում պենալը բռնեց, լավագույն հաղորդումը «3-րդ ալիքն» էր, ուրբաթ օրերը առիթ էինք ման գալիս երկար նստելու ու անպայման հեռուստացույցին մոտիկ, որ պետք եղած ժամանակ «ԱՐ»-ի առանց այն էլ ցածր ձայնը ավելի իջեցնենք:

Կինոների ու լրաբերների արանքում ինչ-որ անկապ գերմանա-ֆրանսիական ռեկլամներ էին ցույց տալիս կամ ֆիլմերի թրեյլերներ: Դրանց մեջ կային նաև հայկականները, որոնցից մեկը շատ տարօրինակ էր, հատկապես, որ տկլոր կին կար դաշնամուրի վրա պառկած: 97 թիվն էր, այդ ֆիլմը առաջին անգամ տեսա տասը տարի անց: Վիգեն Չալդրանյանի «Տեր, Ողորմեան» էր»:

Վարդան Դանիելյանը ծնվել է 1984-ին, Երեւանում։ 2005-ին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ռադիոտեխնիկայի ֆակուլտետը, 2005-07-ին ծառայել ՀՀ Զինված ուժերում, որից հետո սովորել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում։ Հինգ կարճամետրաժ եւ մեկ լիամետրաժ վավերագրական ֆիլմերի հեղինակ է։ Ունի «ՖԻԴԵ-ի վարպետ» կոչում ու 2007-ից մինչեւ հիմա աշխատում է որպես շախմատի մարզիչ («ՖԻԴԵ» հապավման մասին՝  այստեղ

Վերոնշյալ բոլոր մեջբերումների փոխարեն կարող էր լինել Վարդանի հետ ունեցած մի զրույց, բայց հրաժարվում է հարցազրույցներից։ Իրեն Ֆեյսբուքում էլ չեք գտնի, գրքի շնորհանդեսն էլ չի եղել, բայց այն արդեն գրախանութներում է։

Երեկ գիրքը վերցրի, հետո ընկերներիս հետ խոսեցի Վարդանի դոկումենտալ պոեզիայի մասին, հետաքրքրվեցին, մոտակա գրախանութից վերցրեցինք օրինակներ նաեւ իրենց համար, երկու գործ բարձր կարդացի Աբովյան փողոցում, հետո տուն եկա, 2 ժամում կարդացի 2012-2017 թվականների «դոկումենտացված» պատկերը ու նորից տեսա էն քաղաքը, որտեղ ես եմ, Վարդանը, իր գիրքը գնած ընկերներս։

***

․․․Գռդոն անելով ապրում ենք՝

կանադական նրբերշիկի նման հարազատ էս քաղաքում,

ուր կանայք երեխեքին մարշուտնիով են դասի տանում,

որ ամուսինները ջիպ քշեն․․․

Մտածեցի, որ պիտի գրեմ Վարդանի մասին, ավելի ճիշտ՝ Վարդանի ստեղծածի մասին, որ «չնկարած» կինո է ինձ համար, սցենար, որ քաղաքի արագության ու համակարգերի մշտական բացակայության մեջ բանաստեղծական ֆորմա է ստացել։ Դեղնականաչավուն գիծը, որ ճանապարհը մի կերպ ձգող նույն Բոգդան ավտոբուսն է, իր մեջ ունի վավերագրողին, ով շարժվում է Մալաթիայից Մասիվ, Մալաթիայից Դավիթաշեն, Կիեւյանից մի տեղ ու մեխում նշանային իր համակարգով, բառային համակարգով՝ միջամտվելով Թաթայի ու Ձախ Հարութի, վարորդի ու մի կնոջ, եղանակի ու էդ եղանակը բնութագրող դժվարության բառերի ու երաժշտականության հնարավորությամբ։

***

․․․Ես ֆիլմ եմ,

ումից մնացել ա միայն մեյքինգ օֆը,

էն էլ՝ չկազմակերպված,

սրա-նրա ֆոտոներում, որոնք չեմ տեսել,

փողոցային հսկողության կամերաների

ջնջված հիշողության մեջ,

հարսանիքներին միշտ նույն վերնաշապիկով

ու ծնունդներին միշտ նույն մարդկանց․․․

Եվ ես տեսել եմ ռեժիսոր Դիանա Կարդումյանի՝ անձնական բլոգում տեղ գտած 2011-ի հունիսի 27-ի այն գրառումը, որտեղ Վարդանի լուսանկարներն են, ու Դիանան գրում է, թե կերպարը, որին ներկայացնում է, պատահականության արդյունք է։

«Վարդանը սափրվելիս, կատակի համար, մի անգամ բեղերը թողել էր: Հասարակ դետալը` բեղը, միանգամից փոխել էր Վարդանի առօրյա կերպարը` դարձնելով նրան հին իտալական ֆիլմերի կատակերգական հերոսներից: Առաջին ասոցացիաներս հենց Մարչելլո Մաստրոյաննի հետ էին կապված»Դիանա Կարդումյան, «Երեւանյան շորերի խրոնիկա, Վարդան»։

«Հետագա «էքսպերեմենտները» ցույց տվեցին, որ Վարդանի կերպարն ավելի ճկուն էր, քան ես կարծում էի: Ընդամենը կոստյումը փոխելով նույն բեղերը բոլորովին ուրիշ կերպար դարձրին նրան` ավելի ժամանակակից և «վոգային»: 

«Էքսպերեմենտն» այնքան հետաքրքրեց ինձ, որ որոշեցի էլ ավելի ավելի զարգացնել այն և նոր դետալ ավելացրեցի` թիթեռնիկը: Վիզուալ առումով ստացվում են երեք հորիզոնական գծեր, որոնք հավաքում և ամբողջացնում են կերպարը` ընդգծված աչքերը, բեղերը և թիթեռնիկը: Ինչպես ասում են` պորտրետը պատրաստ է:

Ներկայացված կերպարը բոլորովին կապ չունի Վարդանի առօրյա կերպարի հետ: Նրան ներկայացնելիս հատկապես այս փաստն է, որ ինձ ամենաշատը հետաքրքրել է»Դիանա Կարդումյան։

Վարդանի քաղաքային, քաղաքական, ծանոթ ու մտաբերվող տեսարանների մեջ Հովիկն է Թեքգյոզյան, ՀՀԿ-ակններն ու Ամերիկա գնացողները,  Մալաթիայի կանգառում գիշերվա կեսին 44 համարի ավտոբուսին սպասողները, տխուր եղանակը, էս քաղաքի «գաղջը», շախմատն ու համաշխարհային կինոն, տատին, որ «Չորրորդ իշխանություն» է կարդում, պաստառները, Ամիրյանի կին անցորդը, որ օգնություն է խնդրում, «Հայֆիլմը»,  Թետչերն ու անկանոն ձմեռը․․․

(նոյեմբեր 2012/ սեպտեմբեր 2017)

Տեքստեր, որոնք գրվել են Աշտարակում, Երեւանում, Պտղնիում, մարշուտնիներում, ավտոբուսներում ու մետրոյում։

Տեքստեր, որոնք «կարված» են զգուշորեն, որ ընթացքը չխախտվի, բայց երեւա ապրումի անկանոնությունը, «վինչեստրը» վառվելու վտանգը, նշումը, որ «արտագաղթը շարունակվում է, բայց տրանսպորտում էլի ազատ տեղ չկա», մեջբերումը, որ այդ «վառված» վինչեստրների վրա մի օր կգրվի՝ «այստեղ, այս քաղաքում, հիշողություն է եղել»․․․ «Ու կինոն վերջացել է»։

Վարդանի գործերից մեկի պատկերը «վերագտնելու» համար կեսօրին նստեցի 44 համարի ավտոբուսը, նստեցի վերջում, որ անհարմարություն չզգամ՝ տեղս չզիջելու համար, իջա Մալաթիայի կանգառում, ու «պատկերը» կառուցվեց

***

Մեծերի փոքրացման մեր օրերում

անդեմ ժամանակի դեմքերը

օրական երկու լավաշ են տալիս

պասպորտի տվյալները գրացնելու դիմաց-

Մալաթիայում՝

նախկին տռամվի կռուգի տեղում,

այն շենքի շվաքի տակ, որի վրա

Հեմինգուեի նկարն է ու գրվածք՝

«Մի՛ շփոթեք շարժումը գործողության հետ»։

Եվ վերջում՝ փակելով բոլոր «օնլայն» պատուհանները, գրքից հանելով փոքրիկ էջանշանները՝ տեղադրում եմ այն գործը, որը պատահական կարդացի «Գրանիշում»՝ դեռ 2017-ին։

***

Ես երեսունմեկ տարեկան եմ,

ունեմ երեսունմեկ ատամ ու գիտեմ, որ երեսուներկուսում

դրանց թիվը չի ավելանալու։

Ես ամսի քսաներեքին Սիթիից գնել եմ
ամսի քսանչորսին արտադրված սմետան ու կերել այն
ամսի քսանչորսին՝ որ թարմ լինի։

Ես լսել եմ «սենց մեկը ըլներ՝ տունս քանդեր» ֆրազը
նույն մարդու կողմից տարբեր ստրիպտիզներում։

Ես մասնակցել եմ թաղումների.
կանանց դեպքում ավելի տխուր է։

Ես ծանոթ էի Լևոն Խեչոյանին,
ու հույս ունեմ, որ մի օր կճանաչեմ Վանոյին։

Ես սիրում եմ մարդկանց, ովքեր հագնում են Եղվարդի բոթասներ։
Ժամանակին հագնում էի դրանցից։

Ես դուրս եմ եկել հարախումից
ու գլուխս ետ տարել ձեռքիս վրայից։
Տեսել եմ տերևների դրոշմը քարերի վրա
երկրաբանական թանգարանում։
Տեսել եմ միտինգի ժողովրդին միտինգից հետո
փաբերում խմելուց։
Ես տեսել եմ Կաուրիսմյակիի բոլոր ֆիլմերը։
Մի օր հեռվից տեսա անցյալը. նիֆոկուսը շատ բաներ փակում էր։
Մոտեցա ու սկսեցի սիրել շիրոկի օբյեկտիվները։

Ես տեսել եմ ծախված մարդկանց՝
որոնց համար միևնույն էին տերերը։
Տեսել եմ Թեքգյոզյանի ֆոտոն երրորդ մասում –
Թեքգյոզյանին չեմ տեսել։

Տեսել եմ կյանքում կարճ չհագած կանանց՝ հարսանիքներին բոզոտ հագնված։

Մասնակցել եմ երթերի, որոնք նման էին անմեռել թաղումների։
Տեսել եմ այն կնոջը,
որ մետրոյում վաճառում էր տարբեր թվերի օրացույցներ։

Ես կորցրել եմ ու կորել եմ:

Ես նստել եմ հարյուրնոց մարշուտնի, երբ ջեբս հազար եվրո կար։
Եղել եմ քելեխնոցում ու նրա կողքի ստրիպտիզում։
Երկուսում էլ մարդիկ լուռ խմում էին։

Ես տեսել եմ ջահելների, ովքեր ուզում էին մենակ ապրել,
որ մենակ չապրեն։

Տեսել եմ նույն բիձեքին՝
տարբեր ֆոտոգրաֆների խնամքով դասավորված պորտֆոլիոներում։

Ես հիշում եմ էրոտիկ ֆիլմերը VHS-ների վրա։
Մագի կասետներ էի գնում Աբովյանի Օրփեոս խանութից։

Ես գետնանցումից շախմատի գիրք եմ առել, որի վրա գրված էր՝
«Միկային, ապագայում աշխարհի չեմպիոն դառնալու ակնկալիքով»:

Ես տեսել եմ ժանգոտող անտենաների սերը դեպի ճնճղուկները
Էս յութուբի դարում։

Տեսել եմ Զանուսսի բառը կանդիցիաներների վրա:
Փնտրել եմ Վայդա-ն՝ չեմ գտել։

Ես շատ աշակերտներ եմ ունեցել, նրանք փոքր էին,
բայց հասկացնել տվեցին, որ երեսուներեքից առաջ և հետո Հիսուս չեն խաղում։

Ես տեսել եմ մարդկանց, ովքեր առանց պահպանակի դուրս եկան էս գանդոնների դեմ։
Ես տեսել եմ մարդկանց, ովքեր չկային էնքան, որ իմանային թե ինչքան չկան։

Ես մտովի հաջող եմ ասել բազմաթիվ անհաջող կինեմատոգրաֆիստների։

Ես տեսել եմ կանանց, ովքեր 50.000-ով էին սեքս անում,
Ինչը նոր կուրսով 100$ է։

Ես տեսել եմ մարդկանց ովքեր լայքեր էին ստանում,
իրենց սերն էին ստանում իրենց նկատմամբ։

Ես տեսել եմ ութ հարյուրնոց կլուբնիկ,
Վեց հարյուրնոց գիլաս,
հարյուրնոց մեխ ու քսանկոպեկնոց բասսեյինը։

Ես գիտեմ թե ով ա Ձախ Հարութի ու Սիրուշոյի կլիպի մետրոնոմը,
ով գետնի տակ անցկացրեց էս քաղաքի տարիները։

Ես հողամասում հագնում եմ հորս կոշիկները
ու իմ բանակային նատովկեն։
Ես արաղ եմ քաշում: Առաջ ստացվում էր։

Ես լողացել եմ Հայաստանի տարբեր բնակավայրերի քաղաքային բաղնիքներում։
2006-ին, Կիրովականում, մի կին առաջարկեց 5000 դրամով մեջքս քսել։

Ես տեսել եմ Ռուբինչիկի «Նելյուբովը» մեծ էկրանի վրա։
Ես նայել եմ ռուսական ԳՕԼՕՍ-ի բոլոր հաղորդումները
ու հասկացել՝ հայն ինչքան էլ «Ջորջա» երգի,
վրացին մեզ չի սիրի։
Ես շախմատի մարզիչ եմ։
Ես թարգել էի ամենակարևորը՝
Բայց մեկ մեկ խառնում էի ու երեխեքին ասում՝ «էկրանին նայեք»։

Ես տեսել եմ կապիտան Գրանտի որդիներին,
ովքեր լեյտենանտ Շմիդտի զավակներից շատ էին։

Ես չեմ հարգում էն մարդկանց ովքեր չեն ընտրել իրենց սեռը։

Ես արդեն գիտեմ, որ ծառերը բերքի համար չեն ջրում։
Ջրում են, որ չչորանան։

Ես 31 տարեկան եմ, ու էն օրը աշակերտներիցս մեկն ասեց՝
– Ընկեր Վարդան, անմոռուկս եմ մոռացել:

 

Հ․ԳՎարդան Դանիելյանի «Դոկումենտալ պոեզիան» հրատարակել է «Գրանիշ» հրատարակչությունը։ Խմբագիր՝ Կարեն Անտաշյան, շապիկի լուսանկարը՝ Վարդան Դանիելյանի, շապիկի ձեւավորումը՝ Էդիկ Պողոսյանի, էջադրող՝ Արփինե Գուլոյան, հեղինակի լուսանկարը՝ Արմեն Հակոբյանի։ Գիրքը կարելի է ձեռք բերել բոլոր գրախանութներից։

«Դոկումենտալ պոեզիա» անվանումով շարքերը Դանիելյանը սկսել է գրել 2012-ից։

Բանաստեղծությունները մեջբերված են մասնակի եւ ամբողջական։

Վարդան Դանիելյանի լուսանկարը՝ ՆՓԱԿ-ի, մյուս երեք լուսանկարների հեղինակը Դիանա Կարդումյանն է։ Վերնագրում զետեղված մեջբերումը Դանիելյանի բանաստեղծությունից է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter