HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ու՞ր է «Աշխարհի փրկիչը»․ Աբու Դաբիի «Լուվր» թանգարանից անհետացել է դա Վինչիի կտավը

Աբու Դաբիի Լուվրի մասնաճյուղում դեռ անցյալ տարվա նոյեմբերին նախատեսված էր ցուցադրել Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» (Salvator Mundi) կտավը, որի մասին պաշտոնապես հաղորդել էր թանգարանը 2017 թվականին՝ գրառում կատարելով Թվիթերում։

Ըստ «Նյու Յորք Թայմս»-ի մարտի 30-ի հրապարակման՝ «Աշխարհի փրկիչը» կտավը
անհետացել է թանգարանից․ այդ մասին պարբերականին հաղորդել են Լուվրի մասնաճյուղի աշխատակիցները (ինֆորմացիոն աղբյուրների անունները «Նյու Յորք Թայմսը» չի նշում)։

Աբու Դաբիի Մշակույթի եւ զբոսաշրջության բաժնից հրաժարվել են որեւէ հարցի պատասխանել, սակայն, աղբյուրները նշում են, որ նրանք նույնպես տեղյակ չեն՝ որտեղ է գտնվում կտավը։ Փարիզյան Լուվրը, որը Աբու Դաբիի թանգարանին  «Լուվր» անվան թույլտվություն է տվել, նույնպես տեղյակ չէ կտավի գտնվելու վայրից։

2017 թվականի նոյեմբերին կտավը վաճառվել էր ռեկորդային՝ 450,3 միլիոն ԱՄՆ դոլարով՝ դառնալով պատմության ամենաթանկ վաճառված կտավը։

Հիշեցնենք, որ «Աշխարհի փրկիչը» կտավի ստեղծումը թվագրվում է 1506-1513 թվականներին, համարվում է, որ այն Լյուդովիկոս 12-րդի պատվերով է ստեղծվել։

Բավականին երկար ժամանակը կտավի գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն չկար, երբ 1958 թվականին այն որպես կրկնօրինակ վաճառվեց ընդամենը 45 ֆունտով։ Կտավի բնօրինակ լինելը հաստատվեց միայն 2007 թվականին։ Վերականգնումից հետո՝ 2013 թվականին «Աշխարհի փրկիչը» կտավը 127 միլիոն դոլարով ձեռք բերեց ռուս միլիարդեր Դմիտրի Ռիբալավյովը։

Ի վերջո 2017 թվականին Նյու Յորքի «Christ’s» աճուրդային տանը կտավը ձեռք է բերում անանուն գնորդը՝ վճարելով ռեկորդային 450,3 միլիոն դոլարը։ Որպես հավանական գնորդի անուն շահարկվում է սաուդյան արքայազն Բադր բեն Աբդուլլա բեն Մուհամմեդ բեն Փարհան Ալ Սաուդի անունը, սակայն պաշտոնապես որեւէ հաստատում չկա։

լուսանկարը՝ Kirsty Wigglesworth / Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter