HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Խաչատուր Քոքոբելյան. «Հաղթանակած ժողովրդին մենք չկարողացանք հասցնել տեղ»

«Չեմ պատրաստվում քննադատել ՀԱԿ-ին, առանց այն էլ քննադատողները շատ են: Բայց մի բան ակնհայտ է, որ ՀԱԿ-ը որպես ազատական ուժ՝ ազատական ուժ չէ: Անհասկանալի է նրա քաղաքական սպեկտորը»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի ներկա իրավիճակը կարող էր լինել ավելի լավը: Բացի դրանից՝ Հայաստանի քաղաքական դաշտում ազատականությունը նահանջ է ապրել:

Բանախոսի կարծիքով՝ Հայաստանի առաջնային խնդիրն իրենց ու ՀԱԿ-ի միջև տարաձայնությունը չէ, և պետք չէ դրա վրա կենտրոնանալ: Եղել են ռազմավարական, կազմակերպչական խնդիրներ, որոնց հետևանքով «Ազատ դեմոկրատների» անդամներն առանձնացել են ՀԱԿ-ից:

«Դժբախտաբար, մենք չկարողացանք մեզ վստահած քաղաքացիների ձայնին տեր կանգնել այնպես, ինչպես պետք է կանգնեինք: Հաղթանակած ժողովրդին մենք չկարողացանք հասցնել տեղ»,- հայտարարեց Խաչատուր Քոքոբելյանը՝ նկատի ունենալով վերջին նախագահական ընտրությունները:

Նրա կարծիքով՝ քաղաքացին պետք է հայտնի իր քաղաքացիական դիրքորոշումն իր քվեի միջոցով, սակայն նրա խնդիրը չէ տեր կանգնել իր ձայնին. դա պետք է անի տվյալ քաղաքական ուժը:

Խ. Քոքոբելյանը նշեց, որ այժմ շատ է խոսվում Ընտրական օրենսգրքի մասին, սակայն չնայած 1991թ. չկար Ընտրական օրենսգիրք, անցկացվեցին արդար ընտրություններ: Այսինքն ՝լավ օրենքը վատ կատարողի դեպքում ոչինչ է, և հակառակը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը կողմ է համամասնական ընտրություններին, սակայն այսօր դա իրատեսական չի համարում: Ընտրակեղծիքների մեքենան աշխատում է մեծամասնականի դեպքում, և «տեղերում փոքր բդեշխները կարողանում են կառավարել ձայների հոսքը»:

Խ. Քոքոբելյանի կարծիքով՝ ընդդիմության ռեսուրսը շատ սահմանափակ է, և այն պետք է իր մեջ քաղաքական կամք գտնի և բոլոր տեղամասերում տարբեր թեկնածուների չպաշտպանի: Խ. Քոքոբելյանն այնքան միամիտ չէ, որ մտածի, թե ընտրությունները չեն կեղծվելու, բայց հույս ունի, որ ընդդիմության և շահագրիգիռ կողմերի լավ աշխատանքի դեպքում կարելի է ընտրակեղծիքները հասցնել նվազագույնի:

Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն դադարած երկխոսությանը՝ Խ. Քոքոբելյանը նշեց, որ ինքը կողմնակից է երկխոսության, սակայն դրա համար պետք է լինի ճիշտ ժամանակ: Օրինակ՝ եթե իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը տեղի ունենար հետընտրական շրջանում, ապա այն կլիներ արդյունավետ:

Բանախոսի կարծիքով՝ ՀՀ-ում պետք է ստեղծել մի նոր իրավիճակ, որպեսզի լինի գաղափարական պայքար, ոչ թե դիրքային ու ռեսուրսային: Նա նշեց, որ չի տեսել իշխող 3 քաղաքական ուժի միջև որևէ գաղափարական տարաձայնություն, և իրեն հետաքրքիր է, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ինչպիսի Հայաստան են ուզում տեսնել 15 տարի անց: Միաժամանակ Խ.Քոքոբելյանն ասաց, որ չնայած ինքը չի ընդունում ՀՅԴ-ի բազմաթիվ մոտեցումներ, բայց այն գաղափարական կուսակցություն է:

«Հայաստանի քաղաքական դաշտում թե իշխանության, թե ընդդիմության կողմից, դժբախտաբար, տիրապետում է իմիտացիոն քաղաքականություն: Ռեալ իրավիճակից ելենելով քայլեր չեն առաջարկվում, ռեալ իրավիճակին համարժեք մոտեցումներ չեն առաջարկվում, որը բերում է այդպիսի իրավիճակի»,- հավելեց Խ. Քոքոբելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter