HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նախկին չեմպիոնը՝ փողոցում. նոտարը քրեական պատասխանատվությունից ազատվել է

Սպորտի վարպետ, բռնցքամարտի Հայաստանի եւ ՍՍՀՄ նախկին չեմպիոն Արմեն Խալոյանն այժմ ապրում է անօթեւանների կացարանում: 1990-ականներին նա մեկնել է Լատվիա, 2003-ին վերադարձել Հայաստան ու այլեւս չի կարողանում միանալ ընտանիքին: Եվ հիմա Արմենը չգիտի էլ՝ կինն ու երկու անչափահաս աղջիկներն իրեն սպասո՞ւմ են, թե՞...

«2003-ին ես վերադարձա Հայաստան, որպեսզի նորից անհրաժեշտ տեղեկանքները տանեի Լատվիա՝ կեցության կարգավիճակի ժամկետները երկարեցնելու համար: Իսկ փաստաթղթեր ձեռք բերելու համար ինձ հասցե, գրանցում էր պետք: Բայց պարզվեց, որ Հայաստանում այլեւս հասցե չունեմ»,- պատմում է Արմենը: Ըստ նրա, կաշառելով նոտար Էմմա Շաբոյանին՝ իր հարազատ եղբայրը Երեւանի Չեխովի փողոցում գտնվող իրենց 2 սենյականոց բնակարանը ապօրինաբար վաճառել է Վրաստանի քաղաքացի Դոնարա Դավթյանին:  

«Առուծախի պայմանագիրը կնքվել է 1998թ., իբր բնակարանը վաճառել է մայրս, բայց նա այդ ժամանակ անկողնային հիվանդ էր (տառապում էր քաղցկեղով, 1999թ. մահացել է) եւ ֆիզիկապես չէր կարող գնալ նոտարական գրասենյակ: Բացի դրանից՝ բնակարանը համասեփականության իրավունքով պատկանում էր ինձ ու մայրիկիս, այսինքն՝ եթե նույնիսկ ընդունենք, որ տունը մայրս է վաճառել, իմ համաձայնությունը պարտադիր պետք էր»,- մանրամասնում է Արմեն Խալոյանը:

2004թ. նա դիմել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը: Նոտար Էմմա Շաբոյանը դատարանին գրավոր հայտնել է, որ Արմեն Խալոյանի հայցի վերաբերյալ ոչ մի հայտարարություն անել չի կարող, քանի որ 2000թ. նոտարական գրասենյակում տեղի ունեցած հրդեհի պատճառով բազմաթիվ գործեր այրվել են:

«Գործի քննությունը, ըստ էության, թողնում եմ դատարանի հայեցողությանը»,- գրել է նոտարը:

Դատարանն էլ, արձանագրելով հայցվոր Խալոյանի սեփականատիրական իրավունքների խախտումները, վճռել է անվավեր ճանաչել բնակարանի նկատմամբ 1998թ. կնքված առուծախի պայմանագիրը եւ դրա հիմքով Դոնարա Դավթյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայագիրը:

Վճիռը 15-օրյա ժամկետում չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ: Սակայն ամիսներ անց վերաքննիչ դատարանը, Լեւոն Գրիգորյանի նախագահությամբ, փոփոխել է առաջին ատյանի որոշումը եւ Արմենի հայցը՝ մերժել: Իր որոշման մեջ դատավոր Գրիգորյանը նույնիսկ չի էլ անդրադարձել այն հարցին, թե ինչ հիմքով է օրինական ուժ ստացած վճիռի վերաբերյալ վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

«Երբ վերաքննիչում նիստի օր նշանակեցին, փաստաբանս՝ Մանյա Մաթեւոսյանը (հիմա նա այստեղ չէ. ինչ-որ մարդկանց է խաբել ու Հայաստանից փախել), ասաց, որ դատավոր Լեւոն Գրիգորյանն ուզում է քեզ հետ խոսել: Գնացի մոտը, ասաց՝ քո բնակարանն արժե 15 հազար դոլար, 3000 կտաս, տունը կմնա քեզ: Չտվեցի, մերժեց,- հիշում է Արմենը,- հետո, երբ դիմեցի Վճռաբեկ դատարան, նույն բանն ասաց դատավոր Վարուժան Աբելյանը: Ասում էր՝ այդ բնակարանը քեզ հետողորմյա ենք անում, չե՞ս ուզում մաղարիչ անել. ընդունված կարգ է՝ տան գնի 20 տոկոսը պետք է տաս: Հենց պատասխանեցի, որ հնարավորություն չունեմ, նույն պահին ինձ սենյակից հանեց դուրս»:

Արմեն Խալոյանը իր բնակարանի հետ կապված պատմության մասին միաժամանակ հայտնել է նաեւ ոստիկանություն եւ գլխավոր դատախազություն: 2005թ. մարտին Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ: Բայց հետագա 5 տարիների ընթացքում ոստիկանության Արաբկիրի բաժինը 4 անգամ քրեական գործի վարույթը կարճել է, եւ ամեն անգամ գլխավոր դատախազությունը վարույթը կարճելու մասին որոշումը վերացրել եւ հանձնարարել է գործի քննությունը վերսկսել: Ի վերջո, 2010թ. նոյեմբերին գլխավոր դատախազությունը քրեական գործի նախաքննության իրականացումը հանձնարարել է ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությանը:

Նախաքննության ընթացքում քննիչ Մանգոյանը պարզել է, որ Երեւանի Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար «Էմմա Շաբոյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, բնակարանի առուծախի պայմանագիրը վավերացրել է առանց Արմեն Խալոյանի համաձայնության կամ նրա կողմից տրված լիազորագրի, ինչի հետեւանքով վերջինս զրկվել է բնակարանի իր մասնեբաժնից»:

Սակայն քննիչը, հղում անելով Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածին, նշել է, թե անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած միջին ծանրության հանցանքն ավարտվելու օրվանից անցել է 5 տարի: Նույն հոդվածը մատնանշելով՝ Էմմա Շաբոյանը խնդրել է պատասխանատվությունից իրեն ազատել: Ու քանի որ կատարված հանցանքը բնույթով միջին ծանրության է, քննիչ Մանգոյանի որոշմամբ նոտար Շաբոյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, եւ գործի վարույթը կրկին կարճվել է: Այս որոշումը դատախազությունն այլեւս չի վերացրել:

«Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ ես տարիներ շարունակ բողոքում եմ, գործը կարճելու քննիչի որոշումները բողոքարկում եմ, իսկ նրանք վերջում հանցանքի վաղեմության ժամկետնե՞ր են կիրառում: Է ո՞վ էր ձեզ ասում գործը տարիներով ձգձգեք ու 5 տարի սպասեք: Եթե օրինականություն կա, մեղադրանք առաջադրեիք, ու գործն ուղարկեիք դատարան»,- ասում է Արմենը Խալոյանը:

Վերջինս նշում է, որ տարբեր ատյաններ, այդ թվում Հատուկ քննչական ծառայությանը դիմում-բողոքներ է գրել նաեւ դատավորների կողմից իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ:

«Բայց ՀՔԾ-ից բողոքներս հասցեագում էին դատախազություն: Չեմ հասկանում՝ դատավորները պաշտոնյա չե՞ն, ինչո՞ւ են ուղարկում դատախազություն,- զարմանում է Արմեն Խալոյանը: - Նույնիսկ իմ ձեռքի տակ կա Վճռաբեկի նախադեպային որոշում, որը փաստական նույն հանգամանքներով իմ նկատմամբ կիրառված վճռին հակասում է: Այստեղ վճռաբեկը գրել է, որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ՝ գույքը վերադարձնելու պահանջից, եթե գույքը վերջինիս տիրապետումից դուրս է եկել անկախ նրա կամքից: Ընդ որում՝ Վճռաբեկը գրել է, որ այս հարցին նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է: Բա ո՞նց եղավ, որ իմ գործով այլ բան արեցին: Սա եւս հաստատում է, որ իմ հանդեպ անօրինական վճիռ են կայացրել»:

Արմենը դիմել է նաեւ Արդարադատության խորհրդին: Անցյալ տարվա օգոստոսին Խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդայնանը գրավոր հայտնել է, թե կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված դիմումը, գտել է, որ «դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բացակայում են»:

«Հիմա արդեն իմ դիմում-բողոքներին ոչ ոստիկանությունից, ոչ էլ դատախազությունից չեն պատասխանում՝ պատճառաբանելով, որ դրանք նույնաբովանդակ են, իսկ ինձ տրվել են սպառիչ պատասխաններ: Դիմում եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ասում են՝ դա օմբուդսմենի լիազորությունների շրջանակներից դուրս է: Բա լավ, ես ո՞ւմ դիմեմ»,- հարցնում է բռնցքամարտի նախկին չեմպիոնը:

Մեկնաբանություններ (6)

Arsen
´Բա ինչի մասինա մտածում մերամենաարդար և ժողովրդի մասին մտածոց,իշխանությունը ստանձնած հանրապետականը,բարգավաճը և հօրինած երկիրը, սա է ձեր սրաքած երկիրը սա եք կառուցում հա. Բա նոր ոստիկանապետը ուրա, չէ որ այս եմնը ոչ միայն օրենքի խախտումա այլ նաև ոչ Աստվաշահաճո արարք.
bob dole
Turn to your gun.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Դրա համար Հայաստանում ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ պիտի սահմանվի նաև դատարանների ու նոտարների հանդեպ: ԱՆՀԱՊԱՂ պիտի մտցնել jury դատավարություն, ստեղծել անկախ Նոտարներին հսկող Օմբուդսմեն և նմանատիպ ՀԿ-ներ: Ես ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ ներկա օլիգարխային իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարին. ԲԼԵՖ է:
Նազիկ
Հարգելի Սյունի,ոչ միայն դրսի հայերին են քցում,այլ բոլոր այն մարդկանց, ովքեր այլ կերպ են մտածում,իրենց հետ գերծարքների մեջ չեն մտնում,կաշառք չեն առաջարկում, ու քանի որ այս պարագայում սփյուռքահայերն ավելի մեծ թիվ են կազմում,թվում է թե միայն նրանց են քցում:Ես ինքս տեղացի լինելով,լրացնում եմ քցվածների շարքերը:
zohrab
if judges are like that how is the ordinary citizen
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ է: Օրը ցերեկով իսկական ՍԿԱՆԴԱԼ:.................................... Սա ԴՐՍԻ Հայերին ԱՆԱՄՈԹԱԲԱՐ քցելու առաջին դեպքը չէ: Հայաստանի նոտարական կլանային ՄԱՖԻԱՆ ,այսպես կոչված, լրիվ ՀԱԲՐԳԵԼ է: Հայաստանի դատարանները դարձել են ՄԱՍՆԱՎՈՐ ԲԱՆԿԵՐ,իսկ դատախազությունը/քննիչները- վերջինիս վասսալները:.................................. Կեցցե օլիգարխային ԲԱԶԱՐՍՏԱՆԸ: ՀԳ. Բա Կապանի միակ «արդար» նոտարուհին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter