HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ձորավանքում նամակները միայն վարկի ու բռնագանձումների մասին են

Ձորավանք գյուղը Գեղարքունիքի դարպասն է Տավուշի մարզի կողմից։ Գյուղի վարչական տարածքը քարտեզում նույնիսկ կիսված է երկու մարզերի միջեւ։ Արտաքին աշխարհի հետ ձորավանքցիների հարաբերությունները նույնպես կիսված են՝ Ճամբարակ եւ Իջեւան քաղաքների միջեւ։ Առաջինին Ձորավանքը միացել է խոշորացման արդյունքում, իսկ երկրորդն ուղղակի հարմար է աշխարհագրորեն։ Նույնիսկ Ձորավանքի խանութները թարմ թխած հաց են ստանում Իջեւանից։

Ձորավանքի բնակիչների թիվը 200-ից էլ քիչ է։ Այն Գետիկ գյուղի ափամերձ փոքր գյուղերից մեկն է։ Ի տարբերություն համայնքային կենտրոն Ճամբարակի, Ձորավանքում, ինչպես կիրճի տավուշյան գյուղերում, կլիման մեղմ է։

Ձորավանքը մինչեւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, նախկին անվանումն է Ղարաղայա։ Վերաբնակեցվել է 1988թ. Ադրբեջանի Շամխորի շրջանի հայաբնակ գյուղերի փախստականներով։

Ձորավանք նոր մարդու ոտք դնելն աննկատ չի մնում գյուղամիջում հավաքված տղամարդկանց կողմից։ Մեքենան կայանում եմ գյուղամիջից 40 մետր հեռավորության վրա գտնվող խանութում, լուսանկարում եմ աչքովս ընկած մի հայտարարություն։ Դեպի ինձ է քայլում 4-5 տղամարդ։ Նրանցից մեկը Ձորավանքի վարչական ներկայացուցիչ Կոլյա Խալաթյանն է։ Գյուղապետը նեղսրտում է․ «Թաքուն-թաքուն գալիս, նկարում ես»։

Ձորավանքցիներին հուզող հիմնական խնդիրը, սակայն, «թաքուն» այցելած լրագրողները չեն։ Գյուղացիները մտահոգված են շուկայում մսի գնի տատանումներից։ Վերջին ամիսներին մսի գինը նվազել է, անասնակերը՝ թանկացել։ Ձորավանքցի տղամարդիկ պատմում են, թե ինչ խնդիրների առաջ են կանգնած։

«1 կիլոգրամ միսն ինձ վրա նստել է 2200 դրամ, բայց մսավաճառը 1800 դրամ է առաջարկում: Բայց էսօր ինչ գին էլ տան, ուզած-չուզած՝ պիտի վաճառեմ։ Բա ի՞նչ անեմ, եթե ձեռքս փող չկա»,- ասում է նրանցից մեկը։ Մյուսը պատմում է, որ 1 միլիոն 200 հազար դրամի վարկ է վերցրել, խոզեր գնել, որոնք սատկել են։ «Էդ 1 միլիոն 200 հազար վարկը վզիս մնաց»,- ասում է։

Անասնապահության նրբությունների վերաբերյալ իմ հարցերը ձորավանքցիներին դուր չեն գալիս։ «Գագո, դու գյուղի հետ կապ ունե՞ս։ Անասուն պահելն էլ ձեռ չի տալիս։ Սատկում է՝ պետությունը տեր չի, գելը կերավ՝ տեր չի։ Երկու հատ խոզ ունեմ, 15 խոճկոր են ծնել։ Շաբաթական 20 հազար դրամի կեր եմ առնում։ Էսա կլինեն 4 ամսական, առնող չկա։ 20 կիլոյից ավել միս ունեն, 50 հազար դրամ տվող չկա։ Առնողն ասում ա՝ 35 հազարով տուր։ Բայց 35 հազարի մենակ կեր եմ տվել էդ կենդանուն»,- ասում է Ձորավանքի վարչական ներկայացուցիչը։

Ձորավանքի գյուղապետարանը վթարային շենք է, որի առաջին հարկում «Հայփոստի» գրասենյակն է։ Երկրորդ հարկը վթարային լինելու պատճառով գրեթե չի օգտագործվում։ Այնտեղ գյուղապետի արդեն նախկին աշխատասենյակն է։ Պատերն իրարից հեռանում են։ Գրադարանում գրքերը խոնավացել են։ Մի ժամանակ գրադարանում կարուձեւի դասընթացներ էին անցկացվում, հիմա կարի մեքենաները սպասում են գործարկողի։

Նիկոլայ Խալաթյանն իր աշխատասենյակը տեղափոխել է առաջին հարկ։ Քարտուղարի հետ նստում են մի փոքրիկ սենյակում։

Ձորավանքցիներից մեկը նեղվում է լուսանկարվելուց․ «Մեր նկարներն ինտերնե՞տ դես քիցիլ»։ Գյուղապետը համոզում է համագյուղացուն․ «Արա, քիցում ա՝ քիցի։ Մին ա, մի օր ընգնելու ենք, էլի»։

Հարցին, թե Շամխորում կյանքն ինչպե՞ս էր, գյուղացիներից մեկն արձագանքեց․ «Էնա ուզումինք լավ ապրենք, խռիկ տվին»։

Փոստատան մոտ ծանոթանում եմ Մխիթար Պետրոսյանի հետ։ «Մխո»,- ձեռքը ուժեղ ձեռքիս խփելով՝ ծանոթանում է երիտասարդ ձորավանքցին։ Մխոն պայմանագրային զինծառայող է։ Փոստատուն էին կանչել երկու նամակ հանձնելու համար։ Մեկը դատարանից է, մյուսը՝ բանկից։ Վարկային պատմություններ են, որոնց մասնակից է Մխիթարի Իսրայել եղբայրը։

Նրանց հայրը չինարեցի է, մայրը՝ շամխորեցի։ Մոր ընտանիքը Ադրբեջանից գաղթել է Չինարի, իսկ երբ ազգամիջյան հակամարտությունը հասել է Տավուշ, ընտանիքը տեղափոխվել է Ձորավանք։

Մխիթարի երկու եղբայրներն էլ մեկնել են գյուղից, մեկը՝ Ռուսաստան, մյուսը՝ Հայաստանի ուրիշ մարզ։ Ամիսներ առաջ մահացել է Մխիթարի հայրը, հուղարկավորության ծախսի պարտքերը մինչ օրս մնացել են նրա եւ մոր ուսերին։

«Անասուն էլ չունենք։ Մի հատ ձի ունեմ, պապայինն ա եղել։ Պապան որ մահացել ա, թաղումի համար պարտքեր ենք վերցրել, մինչեւ հիմի չենք փակել։ Մենակ 230 հազար պապայի թաղման ծախսերից են մնացել, դրանից ավել էլ խանութներին ենք պարտք»,-Մխոն պատմում ու ինձ դեպի իրենց տուն է ուղեկցում։ Եղբայրը Ռուսաստանից խաբար է արել՝ ես կգամ, վարկը կփակեմ։ Նա պատմում է, թե ինչպես է փորձել խանութի 50 հազար դրամ պարտքը բանկի նոր վարկով փակել։ Խանութպանի հետ միասին գնացել են բանկ, որպեսզի տեղում ստանա ու հանձնի խանութպանին։ Բանկը մերժել է։

Գյուղում այնպիսի լռություն է, որ երբ Մխիթարի հետ լանջն ի վեր բարձրանում ենք Պետրոսյանների տուն, համագյուղացին իր տան բակից, որ մոտ 300 մետր հեռավորության վրա է, սուլում է՝ կանչելով՝ էս ու՞ր։

Մխիթարի մայրը՝ Սոնան, ասում է, որ անապահով ընտանիքների համար սահմանված որեւէ պետական արտոնությունից չեն օգտվում։

«Չեմ կարում ամսվա մեջ գոնե մի մեշոկ ալյուր առնեմ, կամ լույսի փողը փակվեմ, որ Մխիթարի աշխատավարձով էլ յոլա գնանք։ Ամուսինս ինչ մահացել ա, ոչ մի օգնություն չենք ունեցել։ Որպես անապահով ընտանիքի՝ մեզ հաշվի չեն առել։ Էն երկու որդիներս էլ են հայրական տանը գրանցված, դրա համար նպաստ չենք ստանում»,- ասում է Սոնա Պետրոսյանը։

Դատարանից ստացած նամակը բացում ենք։ Դատարանը վճռել է Իսրայել Պետրոսյանից բռնագանձել 370 հազար դրամ վարկը եւ ուշացման համար կուտակված տոկոսները։ Գյուղում շատերը վարկ ունեն։

Գյուղական խանութ մտնելով՝ կարելի է պատկերացում կազմել բնակիչների սոցիալական վիճակի մասին։

Գյուղի միակ խանութը Համբարձում Բալյանինն է։ Բալյանը մոտ 10 տարի առաջ Երեւանից է տեղափոխվել Ձորավանք։ Ցանկացել է գյուղացու կյանքով ապրել։ Խանութում ցույց է տալիս պարտքերի ցուցակը, որտեղ մոտ 2 միլիոն դրամի պարտք կա նշված։

Գյուղի տղամարդկանցից մեկը դիմում է ինձ․ «էս խանութում սաղս նիսյա ունենք, արի քո անունն էլ գրենք»։ Մյուսները ծիծաղում են։ «Էնա մեկը 260 հազար դրամ ա պարտք, գնացել ա, Աբովյան ա ապրում։ Փողս ուզում եմ, վրես գողական ա բերըմ, ասում ա՝ ախպեր, որ ունենամ, կտամ։ Մեկը Ռուսաստան ա, մեկը «նստած» ա, մեկն ունի, չի տալիս։ Իմ վրա նստած են չունեւոր մարդիկ։ Էն ունեցողը մեքենա էլ ունի, կարողանում ա քաղաքից էլ առեւտուր անի։ Ինձ մոտ գալիս, ասում են՝ տուր-կյրի։ Գրում եմ, աշխատավարձի կամ նպաստի օրը եթե ավելի կարեւոր ծախսեր են ունենում, իմ պարտքն էլի մնում ա։ Անասուն եմ պահում, որ էս խանութն աշխատացնեմ։ Վաղը սիգարետի օր ա, բայց երկու բլոկից ավել չեմ կարողանալու առնեմ»,- պատմում է խանութպանը։

Համբարձումն ապրանք քիչ է ստանում, որպեսզի ժամկետը չանցնի։ «Շորեղենը վրես թթվել ա, չեն առնում։ Սիգարետն ա լավ գնում, բայց չեմ կարողանում ստանալ։ Նախկինում ֆիրմայից 20-30 բլոկով էի առնում, հիմա փող չունեմ, 2 բլոկ եմ առնում։ Երկու տարի առաջ խանութս թալանեցին, էլ չկարողացա մեջքս ուղղեմ։ Գողությունն էլ դեռ չի բացահայտվել»։ Նույն ձորավանքցին էլի կատակում է․ «Էդ թալանողը չի ֆայմել նիսյայի ցուցակն էլ հետը տանի, պրծնինք»։

Ձորավանքը գեղեցիկ ու գրավիչ է քաղաքաբնակի աչքով։ Գյուղի հոգսերը շատ են։ Սկսած սոցիալական հարցերից՝ մինչեւ սողանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter