HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դրախտիկում բացվել է բազմաֆունկցիոնալ գրադարան-գրադարակը

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում այսօր բացվեց բազմաֆունկցիոնալ գրադարան-գրադարակը։ Դպրոցի չօգտագործվող սենյակներից մեկը դարձել է բազմաֆունկցիոնալ գրադարան, որտեղ աշակերտները կարող են ընթերցել, ֆիլմ դիտել, խաղեր կազմակերպել։ Հիմնադիրները  անգլերենի ուսուցիչ Արուսիկ Զեյնալյանը, դիզայներ Հայկ Զալիբեկյանը և ծրագրավորող Սամվել Չոբանյանն են։ Դրախտիկը 3-րդ գյուղն է, որտեղ բացվում է գրադարակը (այսպես անվանում են հիմնադիրները)։

Առաջին անգամ գրադարան-գրադարակ բացվել է 2018թ.-ի մայիսին Լոռու մարզի Արմակից գյուղում, որտեղ Արուսիկ Զեյնալյանը «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակում անգլերեն է դասավանդել։

Տեսնելով, որ դպրոցից բացի որևէ տեղ չկա, որտեղ երեխաները կարող են այցելել, հանգստանալ, ինքնակրթվել՝ Արուսիկը որոշել է մի փոքր կարգի բերել դպրոցի գրադարանը։ «Գրադարանն իմ կյանքում կարևոր դեր է ունեցել, միջավայր է եղել, որտեղ ես, ինքնակրթվելուց բացի, մոտիվացվել եմ, հավես միջավայր է եղել»,- ասում է Արուսիկ Զեյնալյանը։ Ամրակից գյուղի դպրոցի գրադարանում քիչ գրքեր են եղել, մի մասն էլ առնետները կրծել են, իսկ հատկացված սենյակը չի ծառայել նպատակին: Նոր գրադարան հիմնելու գաղափարով Արուսիկը դիմել է դպրոցի տնօրենին․ «Ուզում էի մի այնպիսի սենյակ բացվեր, որտեղ աշակերտները գիրք կկարդային, կզրուցեին, միջոցառումներ կկազմակերպեին։ Դպրոցի տնօրենին դիմեցի, համաձայնեց, ասաց, որ կարող ենք դպրոցի դահլիճը վերածել բազմաֆունկցիոնալ սենյակի»։ Դպրոցի տնօրենի համաձայնությունը ստանալուց հետո Արուսիկը դիմել է ճարտարապետ ընկերոջը՝ Հայկ Զալիբեկյանին` խնդրելով ստանալ սենյակի համար ցանկալի դիզայն, իսկ մեկ ամիս հետո «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով դրամահավաք են կազմակերպել և սկսել սենյակի վերանորոգումն ու կահավորումը։

Ըստ Արուսիկի՝ նպատակն ի սկզբանե միայն գրադարան ունենալը չէր, այլ այնպիսի մի կենտրոն ստեղծելը, որը կոգեշնչեր աշակերտներին, ինչպես նաև` համայնքի մյուս բնակիչներին։

Աշակերտները ներգրավվել են գրադարանի ստեղծման առաջին քայլերից, միասին մաքրել ու կահավորել այն։ Գրադարակի ստեղծումից մի քանի ամիս հետո Արուսիկը Հայկ Զալիբեկյանի և ծրագրավորող Սամվել Չոբանյանի հետ որոշել են գրադարան-գրադարակի գաղափարը տարածել այլ մարզերում և դրա համար հիմնել են «Գրադարակ գրադարաններ» հասարակական կազմակերպությունը։

Երկրորդ գրադարանը հիմնել են Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում։ Իսկ երրորդն ահա Դրախտիկում է։

Դրախտիկի գրադարան-գրադարակը ևս գտնվում է դպրոցում։ Ինչպես մյուս երկու դպրոցների գրադարակներում, այս գրադարակից ևս կկարողանան օգտվել ոչ միայն դպրոցի աշակերտները, այլև համայնքի մյուս բնակիչները։

«Մեր գրադարակները միայն աշակերտների համար չեն, դպրոցի շրջանավարտները, աշակերտների ծնողները ևս կարող են հաճախել։ Մեր նպատակն է, որ գրադարանը դառնա մի վայր, որտեղ մարդիկ միշտ սպասված են»,- ասում է Արուսիկ Զեյնալյանը։ Վերջինս կարևորում է համայնքի երեխաների, պատանիների դերը գրադարակների կայացման գործում։ «Մեր երեք գրադարաններում կարող են գրքեր ընթերցել, ինտելեկտուալ խաղեր կազմակերպել, հումորի լիգաներ անել, ներկայացումներ բեմադրել, ֆիլմեր դիտել, բայց ամենից կարևորն այն է, որ այս ամենը կազմակերպում են դպրոցականները։ Սա մեր ամենամեծ ձեռքբերումն է»։

ՀԿ-ի անդամները 3 գրադարան-գրադարակներով կանգ չեն առնի, հաջորդը կբացվի սեպտեմբեր ամսին։ Գրադարակի բացվելուց հետո էլ շարունակում են հետևել աշխատանքներին, նոր գրքեր, գրենական պիտույքներ են գնում, հովանավորներ գտնում։

Մեկնաբանություններ (1)

Արթուր
Հիանալի ու գովելի աշխատանք, այո նմանատիպ գրադարաններ ստեղծելով կնպասենք մարզերում ապրող երեխաների ինքնազարգացմանը: Շատ ուրախալի է, որ այօր կան այդպիսի երիտասարդներ որոնք այդպիսի ծրագրեր են մտածում ու իրագործում: Ինչպես կարող ենք կապ հաստատել Արուսիկ Զեյնալյանի հետ, մտածում եմ որ կարելի է ամռանը կազմակերպել տեղեկատվական տեխնալոգիաների ու ինֆորմատիկայի թեմայով սեմինարներ, ինձ թվում է որ այօր շատ արդիական է ու երեխաներին կհետաքրքրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter