HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչպե՞ս ջուր պղտորել»․ դասընթաց սկսնակների համար

Ապացուցման անհրաժեշտություն չունեցող փաստ է, որ ջրային հարաբերություններում իրավախախտումների դեպքերը բազմաթիվ են և բազմազան։ Ջրային հարաբերություններում ներգրավված են մի քանի հարյուր հազար սուբյեկտներ, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է ստանալ առավելագույն օգուտներ և կրել նվազագույն պարտավորություններ։ Ջրի սակավության, ջրի արդյունավետ կառավարման բնագավառում անկատարությունների, վերահսկողության մեխանիզմներում առկա բացերի պայմաններում հաճախ առավելագույն օգուտ ստանալու մղումը հանգեցնում է վարչական այնպիսի իրավախախտումների, ինչպիսիք են ապօրինի ջրօգտագործումը, հիդրոտեխնիկական համակարգերի ինքնակամ շինարարություն կատարելը, կամ դրանք վնասելը, մագիստրալային խողովակաշարերը վնասելը, չափիչ սարքերը կամ հարմարանքները վնասելը և այլն (սպառիչ ցանկին դեռ կանդրադառնանք)։

Հաշվի առնելով ջրային ռեսուրսի սահմանափակ բնույթը, դրա կարիքն ունեցող մարդկանց մեծ թիվը և արդարացի բաշխման հրամայականը՝ դժվար է գերագնահատել այս իրավախախտումների հանրային վտանգավորությունը, հետևաբար՝ սրանց հակազդելու պետության պարտավորության կարևորությունը։ Այդ պարտականության թերի կատարումը ուղղակիորեն, կամ անուղղակի կերպով տրանսֆորմացվում է սոցիալական, քաղաքական բողոքի, որի առանձին դեպքեր լուսաբանված են նաև «Հետք»-ի բազմաթիվ հոդվածներում։

Այս հոդվածով ցանկանում ենք պարզաբանել, թե ինչպիսի՞ իրավական հիմքերի վրա է դրված ջրային հարաբերությունների ոլորտում իրավախախտումների հակազդման գործընթացը, և արդյո՞ք այդպիսի մեխանիզմներով հնարավոր է ապահովել օրենքի համապարտադիրությունը։

Այսպիսով․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը սահմանում է ջրային հարաբերությունների հետ կապված վարչական իրավախախտումներ։ Դրանք են․

  1. Ջրային համակարգերում, այդ թվում` ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում աղբ, սպառման թափոններ թափելը։
  2. Ջրային համակարգերի կամ դրանց մասերի նկատմամբ սեփականության իրավունքը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրային համակարգերի օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը։
  3. Ջրօգտագործման սահմանված չափաքանակների խախտմամբ բնական ջրային օբյեկտներից ջրառ իրականացնելը, ջրային օբյեկտներից վերցվող և այնտեղ թափվող ջրերի քանակության նախնական հաշվառում տանելու և ջրային օբյեկտներ թափվող ջրերի որակը որոշելու կանոնները խախտելը։
  4. Ջուրը ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնների խախտմամբ օգտագործելը (այդ թվում` ինքնակամ օգտագործելը), ջուրն անտնտեսվար օգտագործելը, ինքնագլուխ հիդրոտեխնիկական շինարարական աշխատանքներ կատարելը։
  5. Ջրային համակարգերը և հարմարանքները, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելը, չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ դիտավորյալ պոկելը։
  6. Ջրային համակարգերի և հարմարանքների, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերի, չափիչ-կարգավորիչ սարքերի օգտագործման կանոնները խախտելը։
  7. Ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիները խախտելը։
  8. Արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելը կամ դրանց ցուցանիշները նվազեցնելը։
  9. Հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելը։
  10.  Մագիստրալային խողովակաշարերի պահպանության կանոնները խախտելը։
  11.   Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի պահանջները չկատարելը։

Նույն օրենսգրքի 239-րդ հոդվածը սահմանում է, որ վերոնշյալ իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմինը։ Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տուգանքներ նշանակելու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչը, Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչի տեղակալը, ջրային համակարգերի օգտագործման և պահպանության ավագ պետական տեսուչները, ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեսուչները։

Իսկ ո՞վ է Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 05 սեպտեմբերի 2002թ. որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2003 թվականի սեպտեմբերի 17-ի N 1278-Ն որոշման 2-րդ մասի «բ» կետի համաձայն Ջրային կոմիտեի նախագահը միաժամանակ Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչն է։

Սակայն այս որոշումը կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 705-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել, իսկ կոմիտեի նոր կանոնադրությունը հաստատվել է ՀՀ ԷԵԲՊՆ նախարարի 2018թ. հունիսի 11-ի 62-Լ հրամանի համաձայն, որտեղ բացակայում է նախկինում գործող ակտի համարժեք դրույթը։

Այսպիսով, չնայած Վ․Ի․Վ․ օրենսգրքով սահմանված է, որ վերը նշված իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և տուգանք նշանակելու իրավասություն ունի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական գլխավոր տեսուչը, սակայն, Պետական գլխավոր տեսուչի ինստիտուտ գործող օրենսդրությամբ նախատեսված չէ։

Իրավական այս կազուսի պատճառը տեսչական բարեփոխումների գործընթացում լիազորությունների սահուն փոխանցման ընթացքի ոչ պատշաճ ապահովումն է։ Բանն այն է, որ 2018թ.-ի ապրիլին` վարչապետի ընտրությունից հետո, տեսչական գործունեությունը պետք է իրականացվեր տեսչական մարմինների կողմից, որոնց կանոնադրությունները հաստատված են վարչապետի որոշումներով։

Այսպես, օրինակ, վարչապետի 11 հունիսի 2018 թվականի N 733-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը։ Նկատենք, որ որոշումը կայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը եվ կառուցվածքը հաստատելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելուց 3 օր հետո և համընկել է Կոմիտեի նոր կանոնադրությունը հաստատելու մասին նախարարի հրամանի ստորագրման օրվա հետ։ Այսինքն, այս որոշումներով լիազորությունների վերաբաշխում իրականացնելու փորձ է արվել։ Վարչապետի որոշման մեջ ևս որևէ դրույթով սահմանված չէ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը իրականացնում է ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսուչի գործառույթները։

Հետևաբար, մենք ունենք մի կողմից Վ․Ի․Վ․ օրենսգիրք, որով սահմանված է, որ վերոնշյալ վարչական իրավախախտումների գործերով լիազոր մարմինը Պետական տեսուչն է, մյուս կողմից ունենք վարչապետի որոշում, որով սահմանվել է, ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության բնագավառում տեսչական մարմնի պատասխանատվության ենթարկելու լիազորությունը։

Վարչապետի որոշումը հակասում է առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտի՝ այն է Վ․Ի․Վ․ օրենսգրքի դրույթներին, և, հետևաբար, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն կիրառման ենթակա են Վ․Ի․Վ օրենսգրքի պահանջները։ Փաստորեն այս պահին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը առնվազն ջրային հարաբերությունների բնագավառում վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավական հնարավորություն չունի, և արդեն իսկ կայացված վարչական ակտերը դատական ճանապարհով միանշանակ ենթակա են բեկանման։ Իսկ այն մարմինը, որին օրենքով տրված է այդ լիազորությունը, գոյություն չունի։

Բայց, մի պահ ընդունենք, թե այսպիսի կազուս չկա (կամ այն կշտկվի) և խորամուխ լինենք լիազորությունների բաշխման մեջ։

Վերևում արդեն ներկայացրել ենք վարչական իրավախախտումները ըստ Վ․Ի․Վ օրենսգրքի։ Ենթադրվում է, որ դրանց վերաբերյալ գործերի քննության լիազորությունները պետք է հստակ սահմանված լինեն պետական մարմինների կանոնադրություններում։ Սխեմատիկորեն ներկայացնենք թե ի՞նչ իրավախախտումներ են ներկայացված օրենքով և ինչ լիազորություններ են սահմանված պետական մարմինների համար.

Ինչպես երևում է գծագրից հոդվածների մի մասով իրավասու մարմինը պետք է լինի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ըստ դրա կանոնադրության), իսկ մյուս մասով գործերի քննությունը որևէ մարմնի վերապահված չէ։ Ընդ որում, կարելի էր ենթադրել, որ արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելու կամ դրանց ցուցանիշները նվազեցնելու, մագիստրալային խողովակաշարերի պահպանության կանոնները խախտելու մասով կարող է լիազոր մարմին լինել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Սակայն, 19.04.2019թ. հրապարակված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով տեսչական մարմինը չի ստանձնելու այդ հոդվածների վերաբերյալ գործերի քննության լիազորությունը։

Հաշվի առնելով ջրային համակարգերի տարածական ընդգրկումը և այն օգտագործող սուբյեկտների մի քանի հարյուր հազարի հասնող թիվը այս համակարգի տարբեր բաղադրիչների նկատմամբ վերահսկողությունը տարբեր մարմիններին լիազորելու այս մոտեցումն  էլ ավելի անարդյունավետ կարող է դարձնել վերահսկողությունը։

Ամփոփելով կարելի է արձանագրել, որ այս հոդվածում նկարագրված իրավական խառնաշփոթը ևս մեկ անգամ փաստում է, որ պետական մարմինների կողմից ընդունվող ակտերի ազդեցության գնահատումը պատշաճ չի կատարվում, այդ ակտերը երբեմն ընդունվում են՝ դրանք դիտելով որպես իրավական միջավայրից դուրս, ինքնին գոյություն ունեցող ինչ-որ բան։ Այս մոտեցումը չի կարող ընդունելի համարվել լավ կառավարման համատեքստում, քանի որ այն վնաս է հասցնում միջավայրը ձևավորող այնպիսի առաջնային և բարդ գործոնի, ինչպիսին է հանրային կառավարման համակարգը։ Եթե իրավական բացերի բերումով, որևէ մեկը ապօրինի ջրօգտագործման, հիդրոտեխնիկական սարքավորումները վնասելու համար իր նկատմամբ կայացված վարչական ակտը բողոքարկի դատարանում՝ միանշանակ կարող է հաղթել․ ահա այն հետևանքը, որոնցից խուսափելու համար հանրությունը վճարում է պետական պաշտոնյային։

Վերջում, հանուն արդարության, նշենք, որ տեսչական բարեփոխումների այս գործընթացը սկսվել է դեռևս 2014թ.-ից և իրավական այս խառնաշփոթում իր «ներդրումն» ունի նաև նախկին կառավարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter