HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վաչագան Ղազարյանն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի գործով դատական ակտը կհրապարակվի մայիսի 17-ին

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վարչագան Ղազարյանն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի գործով մայիսի 17-ին որոշում կհրապարակվի:

Ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ մեղադրվող Ղազարյանը վարչական դատարան է դիմել 2018-ի սեպտեմբերին, պահանջում է ոչ  իրավաչափ ճանաչել իր և կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերն ընդունելու և դրանք հրապարակելու հանձնաժողովի գործողություները, «Հանրային ծառայության մասին» օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաչել իր և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը, և Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին պարտավորեցնել դրանք ոչնչացնել:

Ղազարյանը վարչական հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար նրան մեղադրանք է առաջադրվել:

Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 9-ին «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո Պետական պահպանության ծառայության առաջին տեղակալը դադարել է լինել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ:

Ղազարյանը մինչև 2018-ի մայիսի 17-ը զբաղեցրել է այդ պաշտոնը, ու, իր պնդմամբ թեև ինքն ու կինը պարտավորություն չեն ունեցել հայտարարագիր ներկայացնելու, ներկայացրել են: Բարձրաստիճան անձանց Էթիկայի հանձնաժողովն էլ դրանք ընդունել ու հրապարակել է, ավելին, տրամադրել է այլ պետական մարմնի` դրանք մշակելու համար:

Նշենք, որ հանձնաժողովը Ղազարյանի գործով քննիչի պահանջով նրա և կնոջ հայտարարագրերը տրամադրել է վարույթն իրականացնող մարմնին, արդյունքում Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել վերը նշված արարքների համար:

Այսօրվա դատական նիստին Ղազարյանի ներկայացուցիչ Մհեր Հակոբյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի՝ ՊՊԾ առաջին տեղակալն ապրիլի 9-ից դադարել է հայտարարատու պաշտոնյա լինել, անձի վիճակը բարելավվող է, և քրեական վարույթի շրջանակներում այն պետք հետադարձ ուժ ունենար:

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանը նշեց, որ Վաչագան Ղազարյանն ու վերջինիս հետ փոխկապակցված անձը պարտավոր էին հայտարարագիր ներկայացնել:

2017-ի վերաբերյալ հայտարարագրերն, ըստ Շաթինյանի, հայտարարատու անձինք պարտավոր էին ներկայացնել մինչև 2018-ի մարտի 30-ը, ինչ վերաբերում է պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ հայտարարագրին, Շաթիրյանը նշեց, որ իրենք չեն առարկում, որ Ղազարյանը 2018-ի ապրիլի 9-ից դադարել է հայտարարատու պաշտոնատար անձ լինել, բայց նա պարտավոր էր ներկայացնել նաև պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիր:

«Թող դատարանը որոշի՝ պաշտոնեական պարտականությունների դադարման օրը ապրիլի 9-ն է, թե մայիսի 17-ը, սակայն անկախ դրանից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գտնում է, որ Վաչագան Ղազարյանը չի ազատվել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից»,- ասաց Էդգար Շաթիրյանը:

Վաչագան Ղազարյանի ներկայացուցիչ Մհեր Հակոբյանը հարց ուղղեց Շաթիրյանին, թե  ինչ գործողությունների պիտի դիմեր հանձնաժողովը, եթե Ղազարյանը չներկայացներ հայտարարագիր: Հարցին ի պատասխան՝ Շաթիրյանը նշեց, որ չհայտարարագրելու դեպքում օրենքը նախատեսում է վարչական վարույթի հարուցում, սակայն տվյալ դեպքում փաստ է, որ Ղազարյանն ու կինը ներկայացրել են հայտարարագրեր:

Դատարանն այսօր ավարտեց գործի դատաքննությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter