HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Լոս Անջելեսում 9 հայեր մեղադրվում են շուրջ 1,5 մլն դոլար կողոպտելու մեջ

Լոս Անջելեսի «Սան Ֆերնանդո» հովտի 9 հայազգի բնակիչների մեղադրանք է առաջադրվել բանկային խարդախության քրեական գործի շրջանականերում։ Նրանցից ութը ձերբակալված են, իսկ վերջինը իրավաբանի միջոցով խոստացել է ներկայանալ իրավապահներին։

Խարդախության սխեմայի միջոցով, ըստ մեղադրական եզրակացության, ամբաստանյալները «Bank of America» և «Wells Fargo» ֆինանսական կազմակերպություններից կողոպտել են շուրջ 1 մլն 500 հազար ԱՄՆ դոլար։

Հետաքննությունը պարզել է, որ ամբաստանյալները ձեռք են բերել այլ անձանց տրամադրած իրական հայկական անձնագրեր, դրանցում փոխել են լուսանկարները՝ ամրացնելով իրենցը, այնուհետև այդ կեղծ փաստաթղթերով բացել են հաշիվներ անձնագրերի տերերի՝ տուժողների բանկերում: Ընդհանուր առմամբ նրանք կեղծել են 331 հայկական անձնագիր։ Կողոպուտի փորձը, ըստ մեղադրանքի, կազմել է շուրջ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 1,2 միլիոնը նրանք փաստացի ձեռք են բերել։

Ամբաստանյալներից երեքին մեղադրանք էր ներկայացվել նաեւ «Wells Fargo»-ից նույն կեղծիքների միջոցով մոտավորապես 370 հազար դոլար կողոպտելու համար։

ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային իրավունքի գործակալությունը չի մանրամասնել խարդախության սխեման, միայն տեղեկացվում է, որ ամբաստանյալները ենթադրաբար օգտվել են բանկային այն օրենսդրությունից, որը համակարգում կրկնակի գումար է ցույց տալիս, մինչ ուղարկողի հաշվից գումարը փոխանցվում է ստացողին։ Ամբաստանյալները գումարներ են փոխանցել մի հաշվից մյուսը և դրանք անմիջապես կանխիկացրել այն դեպքում, երբ դրանք միայն համակարգում են երևացել, բայց փաստացի գոյություն չեն ունեցել։

Ամբաստանյալների հաջողության հիմնական գրավականը գումարները արագ կանխիկացնելն է եղել, հիմնականում՝ Լաս Վեգասի կազինոների բանկոմատներից։ Գործով անցնում են հայազգի Արմեն Մալխասյանը, նրա կինը՝ Սվետա Խեչումյանը, վերջինիս եղբայրը՝ Սմբատ Խեչումյանը, Հարություն Պետրոսյանցը, Արթուր Հարությունյանը, Խաչատուր Չոբանյանը, Ջիվան Հախնազարյանը, Արման Գրիգորյանը, Արտակ Օխոյանը:

Ըստ Լոս Անջելեսի կալանավորներին առնչվող տվյալների բազայի՝ նշված անձանցից որևէ մեկը նախկինում քրեական գործում ներգրավված չի եղել։ Մեղադրանքը դատարանում հաստատվելու դեպքում ամբաստանյալներին սպասվում է մինչև 30 տարվա ազատազրկում։

Հայաստանի ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն՝ ամբաստանյալներից մի քանիսը գրանցված են Հայաստանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter