HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Զարգացումները` մարտի 1-ից հետո

Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ՀՀ նախագահի հայտարարած արտակարգ դրությունն այսօր ավարտվեց: 20 օր արգելված էր հանրահավաքների անցկացումը, փաստացի դադարեցված` ընդդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը:

Հասարակությանը պարտադրված էր միակողմանի տեղեկատվություն` պետական եւ իշխանամետ լրատվամիջոցներով: Իսկ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների զանգվածային ձերբակալությունները շարունակվում են:

2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվեց իշխանության թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրած Տեր-Պետրոսյանը, մատնանշելով արձանագրված կոպիտ ընտրախախտումները, պահանջեց անցկացնել նոր ընտրություններ: Նա իր կողմնակիցներով Օպերայի հրապարակում նստացույց սկսեց եւ 9 օր շարունակ անցկացրեց բազմահազարանոց խաղաղ հանրահավաքներ եւ երթեր:

Մարտի 1-ին, դեռ լույսը չբացված, իշխանությունն ուժի կիրառմամբ նստացույցի մասնակիցներին ցրեց: Ժողովուրդը հավաքվեց Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, տնային կալանքի տակ էր եւ չէր կարողանում միանալ նրանց: Արդեն գիշերը տասնյակ հազարավոր ցուցարարների եւ ուժայինների միջեւ տեղի ունեցավ բախում: Պաշտոնական տվյալներով` զոհվեց 8 մարդ` 1 ոստիկան եւ 7 քաղաքացի:

Իշխանության վերահսկողության տակ գործող լրատվամիջոցների մատուցմամբ` մարտի 1-ի գիշերը ցուցարարները բռնությամբ, ջարդերով ու հրկիզումներով, իրավապահներին զինված դիմադրություն ցույց տալու միջոցով փորձել են բռնազավթել իշխանությունը:

Իսկ անկախ կամ ընդդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը դադարեցվեց: Մեկ տասնյակից ավելի ինտերնետային կայքէջեր (A1plus.am, Lragir.am, hzh.am, Zhamanak.com եւ այլն), թեեւ ընդունել էին սահմանափակումները, հենց մարտի 2-ից արգելափակվեցին:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), առանց կոնկրետ պատճառաբանության, թույլ չտվեց նաեւ ընդդիմադիր թերթերի տպագրումը: «Առավոտ» օրաթերթը մարտի 4-ին որոշել էր տպագրվել դատարկ էջերով, ինչը նույնպես համարվեց պաշտոնական տեղեկատվության սահմանները խախտելու փորձ:

Մարտի 13-ին նախագահ Քոչարյանի նոր հրամանագրով լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները կրճատվեցին` «Արգելվում է պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակն ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման, ապօրինի միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»:

Այս փոփոխությունն իրականում որեւէ բան չփոխեց: Արգելափակված կայքէջերի եւ չտպագրվող թերթերի հրապարակումն ԱԱԾ-ի կողմից շարունակվեց արգելվել:

Թեպետ արտակարգ դրություն հայտարարված էր միայն Երեւանում, մարզերում նույնպես փաստացի այն գործում էր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի հատուկ համարի թողարկումը կասեցվել է Լոռու մարզպետարանի միջնորդությամբ:

Կազմակերպությունը գրավոր դիմել է նաեւ Վանաձորի քաղաքապետարան` մարտի 6-ից 8-ը հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալու: Քաղաքապետարանը մերժել է` պատճառաբանելով, որ այն կարող է վտանգել քաղաքացիների կյանքը եւ առողջությունը:

Նույն հիմնավորմամբ արդեն Երեւանի քաղաքապետարանը մերժեց Լ. Տեր-Պետրոսյանի դիմումը` արտակարգ դրությունից հետո` մարտի 21-ին, հանրահավաք անցկացնելու խնդրանքով: Տեր-Պետրոսյանը գնահատեց, որ իշխանություններն ուղղակի ցանկանում են ընդդիմության գործողությունները տանել փակուղի:

Ավելի ուշ` մարտի 17-ին, Ազգային ժողովը փոփոխություններ մտցրեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում, ինչի համաձայն` «զանգվածային միջոցառումները կարող են արգելվել, եթե, ըստ հավաստի տվյալների, դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, կամ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հանրային կարգի, հանրության առողջության եւ բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը»: Այս փոփոխություններով, փաստորեն, անհնար դարձավ Հայաստանում խաղաղ հանրահավաք անելը:

Կալանավորվել են Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող կուսակցությունների լիդերները` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներ Սուրեն Սուրենյանցը, Սմբատ Այվազյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ ուրիշներ:

Եթե փետրվարի 19-ից հետո նրանց հիմնականում մեղադրում էին չարտոնված հանրահավաքներ կազմակերպելու մեջ, ապա մարտի 1-ից հետո ձերբակալվողներին մեղադրանք է առաջադրվում քրեական ծանր հանցագործությունների կատարման համար` զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են սպանություններով, իշխանության ներկայացուցչի դեմ բռնության գործադրում, պետական իշխանության յուրացում եւ այլն:

Նշյալ հոդվածներով մեղադրվեցին եւ այժմ անազատության մեջ են նախկին արտգործնախարար, Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ՀՀ մաքսային պետական ծառայության նախկին պետ Երջանիկ Աբգարյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը... Շատերն անցել են ընդհատակ, այդ թվում` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը եւ ուրիշներ:

Ազգային ժողովը, որտեղ մեծամասնություն է կազմում Ս. Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը, անձեռնմխելիությունից զրկեց պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Խաչատուր Սուքիասյանին: Վերջիններիս նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Խ. Սուքիասյանը հետախուզվում է: Մյուս երեքն արդեն կալանավորված են:

«Իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական մեղադրանք ներկայացնել Լ. Տեր-Պետրոսյանին»,- հայտարարեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Իսկ նորընտիր նախագահ Ս. Սարգսյանն ուսանողության հետ հանդիպմանը նշեց, թե «Լ. Տեր-Պետրոսյանին ձերբակալելու մասին լուրերը սուտ են այնքանով, որքանով այն, որ իշխանությունները չեն համարձակվի ձերբակալել նրան»:
Տեր-Պետրոսյանի գնահատմամբ` «ձերբակալությունները բացառապես քաղաքական ռեպրեսիայի բնույթ ունեն»:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` մարտի 1-ից հետո կալանավորվել է 100-ից ավելի մարդ: Ոստիկանություն հրավիրվածների թիվն անցնում է 800-ը: Կան նաեւ ձերբակալվածներ:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը, հանդիպելով վերջիններիս հետ, հայտարարել է, թե նրանցից ոմանք ենթարկվել են ծեծի:

Չնայած տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների կոշտ գնահատականներին` ՀՀ իշխանությունները ո՛չ արտակարգ դրությունը վաղաժամ վերացրին, ո՛չ էլ դադարեցրին ձերբակալությունները: Ավելին` հետապնդվում են անգամ հանրահավաքների շարքային մասնակիցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter