HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ազատամարտիկը սպառնում է դիմել ինքնահրկիզման

Հրազդան քաղաքի շրջակա գյուղերի բնակիչները մարտի 25-ից Վանատուր գյուղում հանրահավաքներ են անցկացնում` պահանջելով «Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանի գլխավորությամբ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել»:

Նույն պահանջով հացադուլ հայտարարած ազատամարտիկ Արշավիր (Արշո) Բոզինյանը, բողոքելով մարզային ոստիկանության կողմից կիրառվող ճնշումներից, սպառնում է դիմել ինքնահրկիզման:

Հանրահավաքի երկրորդ օրվանից ազատամարտիկ Արշոն նստել է հացադուլի եւ գիշերել վրանում:

Սակայն մարտի 27-ին, ինչպես ինքն է պատմում, երբ վրանից դուրս է եկել լվացվելու, Հրազդանի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի մասնակցությամբ մի քանի ոստիկաններ «կտրել են վրանի թելերը եւ գողացել այն»:

Ազատամարտիկն ապաստանել է գյուղամիջում գտնվող դատարկ շինություններից մեկում:

«Հիմա էլ այս տարածքի տիրոջ միջոցով ուզում են էստեղից ինձ դուրս շպրտել: Միեւնույն է, կգնամ Թեղենիս սարում կնստեմ: Թող վերջապես հասկանան` բռնությամբ ոչնչի չեն հասնելու,- ասում է Ա. Բոզինյանը եւ հավելում,- եթե շարունակեն անմեղ մարդկանց բանտերում պահել, ես կոչ կանեմ մեր ընկերներին միանալ այս ակցիային: Եվ եթե պետք լինի, կգնանք ծայրահեղ քայլերի. առաջինը ես կդիմեմ ինքնահրկիզման»:

Մարտի 28-ին Արշոյին միացել է «Ալաշկերտ» ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ Գեւորգ Գեւորգյանը:

«1988 թ. ես Օպերայի բակում հացադուլի եմ նստել Հայաստանի անկախության համար: Իսկ այսօր հացադուլ եմ հայտարարել էս բռնապետության դեմ: Սրանք ուզում են ցախավելի նման կոտրել մեզ եւ սկսել են մեր հրամանատարից` Սասուն Միքայելյանից: Չեն կարող: Հրամանատարին տարել են, զինվորն է նստելու: Զինվորին տանեն, նրա երեխեն է նստելու: Բռնապետության վերջը գալու է, եւ թույլ չենք տալու, որ մեր թոռները վախենալով մեծանան»,- նշում է ազատամարտիկ Գեւորգը եւ շեշտում, որ ինքն ու Արշոն ներկայացնում են ամբողջ ազգը:

«Հերիք ա ճնշեք մեզ: Վաղը եթե կռիվը սկսվեց, էդ վարչախու՞մբն ա գնալու պատերազմ: Ինչի՞ համար են էդ մեդալներն ու կոչումները տվել մեզ, որ էսօր տանեն բե՞րդ: Արդեն 20-25 օր է` երկու օրը մեկ ինձ կանչում են քաղմաս, բացատրություն են վերցնում, ստորագրություն են պահանջում, թե` միտինգներին չմասնակցես: Իմ հողում, իմ տան մեջ ես իրավունք չունե՞մ ազատ լինելու»,- հարցնում է ազատամարտիկը:

Մարզային ոստիկանությունը Վանատուրում շարունակվող հանրահավաքների ակտիվիստ, հատկապես ազատամարտիկ մասնակիցներից բացի հետապնդում է նաեւ ցույցերի ժամանակ «Սասուն», «Ազատություն հերոսին» վանկարկումներով աչքի ընկնող կանանց: Վերջիններիս առանց ծանուցագրի հրավիրում են ոստիկանություն, բացատրություն պահանջում եւ խորհուրդ տալիս զերծ մնալ միտինգային տրամադրություններից: Բանը հասել է նրան, որ ոստիկանները, առանց ծնողի կամ մանկավարժի ներկայության, դպրոցում հարցաքննել են նաեւ հանրահավաքներին մասնակցած անչափահասներին:

Հրազդանի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրեն Գրիշա Ղազարյանի պարզաբանմամբ` ոստիկաններին ինքն է դիմել, որպեսզի պարզեն, թե ինչու են երեխաները բացակայում դասերից: Ոստիկանության Հրազդանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արմեն Մարկոսյանն էլ աշակերտներին հարցաքննելը հիմնավորում է նրանով, որ իրենք «պարտավոր են երեխաներին զգուշացնել անհարգելի բացակայությունների համար»:

Մարտի 25-ին Վանատուրի հանրահավաքը լուսաբանելու համար մայրաքաղաքից ժամանած «Ժամանակ Երեւան» թերթի լրագրող Կարինե Հարությունյանին իրավապահները բռնի ուժով տեղափոխել են Կոտայքի մարզային ոստիկանություն: Այստեղ մարզային ոստիկանապետ Ռոբերտ Ստեփանյանը եւ ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը լրագրողի հետ կոպիտ «զրուցել» են ու մոտ մեկ ժամ անց ազատ արձակել: Իսկ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողներ Գագիկ Շամշյանը եւ Թագուհի Թովմասյանը ոստիկանների հետապնդումից ազատվել են հանրահավաքի մասնակից կանանց շնորհիվ: Լրագրողներին թաքցրել են գյուղացիներից մեկի տանը: Ավելի ուշ նրանք Վանատուրից հեռացել են օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խմբի աշխատակիցների ուղեկցությամբ:

«Ոչ մի բանից չենք ընկճվելու ու մինչեւ քաղբանտարկյալներին, Սասունին չազատեն, ամեն օր էլ հավաքվելու ենք: Եթե պետք լինի, կգանք նաեւ Երեւան,- վստահեցնում է հանրահավաքի մասնակից, Լեռնանիստ գյուղի բնակիչ 39-ամյա Լուսինեն:- Մեզ հետաքրքիր չէ` ով կդառնա նախագահ` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ արդեն նորընտիր նախագահ համարվող Սերժ Սարգսյանը: Մենք մեր Սասունի, նրա նմանների ազատությունն ենք պահանջում»:

«Վերջապես Սասուն Միքայելյանն ազգային հերոս է, էս երկրի ու ժողովրդի համար արյուն է թափել: Մենք 15 հազար մարդկանցով Ազգային ժողովի ընտրություններում միաբերան ընտրել ենք նրան ու չենք փոշմանել: Ինչպե՞ս կարելի է այդ լավ մարդուն նման կեղծ ու շինծու մեղադրանքներ ներկայացնել: Բա լավ, Ս. Սարգսյանը, որ նրա զինակից ընկերն է ու միասին հաց են կրել, չի ամաչու՞մ: Այսքանից հետո նա ո՞նց է նայելու մարդկանց դեմքին»,- ավելացնում է վանատուրցի 45-ամյա Անահիտը:

Ս. Միքայելյանը 50 տարեկան է: 1988 թ. նա կազմավորել եւ ղեկավարել է «Սասուն» երկրապահների ջոկատը: 1993 թ. եղել է «Երկրապահ» կամավորական միության (ԵԿՄ) Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, իսկ 1996-ից` ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ: 1996-1999 թթ. Հրազդանի քաղաքապետն էր: 1995 թ. ի վեր ԱԺ բոլոր ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ընտրվել է պատգամավոր: Լինելով Ս. Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցության անդամ` 2008 թ. նախագահական ընտրություններում Ս. Միքայելյանը պաշտպանել է Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից 3 օր անց Ազգային ժողովը, բավարարելով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը, անձեռնմխելիությունից զրկեց ԱԺ չորս պատգամավորների, այդ թվում` Ս. Միքայելյանին: Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում:

Մարտի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը Ս. Միքայելյանին ձերբակալեց: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter