HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ զարդը» միավորել է երեւանցի ընկերներին ու հալեպահայ արծաթագործին

Կրթությամբ միջազգայնագետ Գարիկ Խումարյանը 5 տարի առաջ ընկերոջ՝ Բորիս Համբարձումյանի հետ նախաձեռնել է հայկական մշակույթը արծաթյա զարդերի միջոցով ներկայացնելու գործը:

Գարիկն ասում է, որ այդ ժամանակ ավելի շատ տարածված էր ներկրված զարդերի վաճառքը: Նոր զարդերի գաղափարների համար տղաները թանգարաններ էին գնում, ուսումնասիրում հայկական ճարտարապետությունը, մանրանկարչությունը, նյութեր էին հավաքում զարդի գաղափարների համար: Նրանք ապրանքանիշն անվանել են «Իմ զարդը», ինչը, նրանց ասելով, պատահական չէ: «Անվանումն իրականում հեշտ չտրվեց: Նախնական մի քանի տարբերակներ կային, բայց կանգ առանք «Իմ զարդի» վրա: Այն արտահայտում է մեր նպատակը. յուրաքանչյուրը կարող է գտնել իր զարդը մեզ մոտ»,- նշում է Գարիկը:

Սկզբից որոշել էին, որ զարդերի պատրաստման նյութը արծաթն է լինելու, որը, Գարիկի կարծիքով, թույլ է տալիս ստեղծագործել: Հիմնականում Գարիկն ու Բորիսն են մշակում զարդի տեսքը՝ փոխանցելով մոդելավորողին, որից հետո այն հայտնվում է արծաթագործի արհեստանոցում:

Ի սկզբանե «Իմ զարդի» ապրանքանին վաճառվում է Երեւանի Վերնիսաժում: 

Մոտ 1300 անուն ապրանք ունեն, սակայն ոչ բոլորի համար են ձեռք բերել հեղինակային իրավունք: «Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ մեր զարդերի հիմքում ազգային մշակույթն է՝ պարեր, ճարտարապետություն… Նպատակը հետեւյալն էր. քանի որ Հայաստանը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, մտածեցինք, որ այն կարելի է վերարտադրել զարդերի վրա եւ փորձեցինք տարբերվել՝ զարդերին տալով հայկական շունչ»,- ասում է Գարիկ Խումարյանը, ապա սեղանից վերցնում զարդերի մի քանի նմուշ եւ ցույց տալիս: Դրանցից մեկն, օրինակ, հայկական հին արծաթագործության ոճով է արված, որի սիրահար է իրենց արծաթագործ վարպետը՝ Կոկոն: Ըստ Գարիկի՝ զարդերի հաջողություններից մեկը լավ արծաթագործ ունենալն է:

2015 թ. Կոկոյին պատահական են հանդիպել Վերնիսաժում, երբ վերջինս Հալեպից նոր էր տեղափոխվել Հայաստան: Նա Վերնիսաժ էր բերել իր պատրաստած արծաթյա հուշանվերներից, որոնցով, ըստ Գարիկի, իրենք հետաքրքրվել են, ապա սկսել համագործակցել վարպետի հետ:

Կոկոյի արհեստանոցը նեղ միջանցքի պես փոքր սենյակ է, որտեղ նա ստեղծել է աշխատանքային բոլոր հարմարությունները: Մատների ծայրերը փոքր-ինչ սեւացած արծաթագործը մեզ այնպիսի ջերմությամբ է ընդունում, որ թվում է, թե այդ նեղ տարածքն աստիճանաբար մեծանում է:

Կոկոն՝ Գրիգոր Չափրազյանը, Սիրիայի Հալեպ քաղաքից է, որտեղ թողնելով տունն ու արհեստանոցը՝ 2015 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: Ասում է՝ այդ որոշումը հեշտ չի ընդունել, տունը գտնվում էր Հալեպի Նոր գյուղ թաղամասում, որից 500 մետրի վրա մարտական գործողություններ էին ընթանում:

Կոկոն պատմում է, որ երբ պատերազմն սկսել էր թեժանալ, հրթիռակոծությունից սկսել էին շենքեր փլվել, այդ պահերին մայրն ու քույրը վախից փաթաթվում էին իրար, ու դրան դիմանալ այլեւս հնարավոր չէր: Նշում է, որ հրթիռակոծությունից երկու անգամ ջարդվել էին նաեւ իրենց տան պատուհանները:

Կոկոն ասում է՝ Հալեպում թողեց տունը, մեծ արհեստանոցն ու ձեռնունայն եկավ Հայաստան: Այնտեղ է թողել նաեւ գործիքները, քանզի չէր էլ պատկերացնում, որ Հայաստանում արծաթագործությամբ է զբաղվելու: Փոխարենն իր հետ վերցրել էր Հալեպում պատրաստած արծաթյա հուշանվերները: Ցույց է տալիս մնացած վերջին նմուշը՝ արծաթյա ջութակը:

Սիրիայում, Կոկոյի ասելով, տարածված են թանկարժեք մետաղներով պատրաստված հուշանվերները, դա Արեւելքի մշակույթի մի մասն է: Ինքը արծաթագործություն սովորել է 6-րդ դասարանից: Ասում է, թե անկախ այն հանգամանքից՝ համասլարան կընդունվես, թե ոչ, արհեստին տիրապետելը Սիրիայում ավանդույթ է: Դպրոցական արձակուրդներին Կոկոն աշխատել է, խորհրդանշական աշխատավարձ ստացել որպես խրախուսանք: Իսկ 20 տարեկանում արդեն արհեստանոց ուներ Նոր գյուղում:

Արծաթագործը նկատում է, որ Սիրիայում եւ Հայաստանում զարդերի նկատմամբ ճաշակը խիստ տարբեր է: «Այստեղ Սիրիայից ճաշակը շատ բարձր է, արաբի ճաշակը սահմանափակ է, օրինակ, իրենց մոտ կենդանիների կամ մարդու պատկերներով ոչ մի զարդ չեն օգտագործում, փայփլուն, ծաղիկներ, նախշեր, իսկ այստեղ մենք սկսել ենք ժայռապատկերներով, հայտնի մարդկանց պատկերներով զարդեր»,- նկատում է սիրիահայ վարպետն ու ավելացնում, որ սկզբից դժվարություններ կային, որոնք ժամանակի ընթացքում հաղթահարեց իր  մտությունների շնորհիվ:

«Հետաքրքիր մի բան կա՝ երբ լավ մտքերով, լավ տրամադրությամբ ես աշխատում, ավելի հեշտ եւ սիրուն է ստացվում, քան ոչ լավ մտքերով աշխատելիս»,- ասում է նա: Հետո ավելացնում է, թե սկզբում ավելի շատ էր մտածում Հալեպի մասին, իսկ հիմա՝ ոչ այնքան, որովհետեւ «հասկանում ես, որ անիմաստ է մտածելը, այստեղ պետք է հարմարվես տեղի օրենքներին, մշակույթին»: Հիմա Կոկոյի երազանքները կապված են Հայաստանի հետ. Նա երազում է Հայաստանում տուն ու սեփական արհեստանոցն ունենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter