HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նկարիչն անժամկետ հացադուլ է հայտարարել

Նկարիչ Տիգրան Բաղդասարյանը, չնայած առողջական խնդիրներին եւ դրանով պայմանավորված` մտերիմների հորդորներին, ապրիլի 2-ին հայտարարել է անժամկետ հացադուլ: Նա մարտի 1-ից կալանավորված է եւ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Տ. Բաղդասարյանը 56 տարեկան է, ՀՀ Նկարիչների միության անդամ, բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից: Վարպետը հիմնականում նկարում է բնապատկերներ, թեեւ ստեղծել է նաեւ մի շարք աբստրակտ ոճի կտավներ: Նրա գործերից մի քանիսը գնել են հայտնի կոլեկցիոներներ, որոնք վերջիններիս հավաքածուներում այսօր էլ ներկայացվում են աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվող հեղինակավոր ցուցահանդեսներում` Հունաստան, Իտալիա, Ռուսաստան, ԱՄՆ եւ այլն:

«Հայրս ազատասեր մարդ է: Նա նույնիսկ չի կարողանում նկարել պատվիրատուի ուզած նկարը եւ միշտ վրձնին փոխանցում է այն, ինչ ինքն է զգում եւ տեսնում: Գուցե դրա պատճառով նկարները քիչ են վաճառվում կամ չեն վաճառվում: Միեւնույն է, նա ամեն հարցում ձգտում է լինել ազատ»,- ասում է արվեստագետի որդին` Դավիթը:

Տ. Բաղդասարյանը 1988 թ. Հայաստանում սկիզբ առած համազգային շարժման ակտիվիստներից էր: Մինչեւ կանոնավոր բանակի կազմավորումը, ընկերների հետ մեկնել է Տավուշի մարզ եւ մասնակցել ինքնապաշտպանական մարտերին:

Որդու խոսքերով` նա երբեք չի դադարել ժողովրդավարական Հայաստանի մասին երազել եւ միշտ պայքարել է անարդարությունների դեմ` սկսած խանութում գոյացած սովորական հերթում կարգազանցին դիտողություն անելուց, վերջացրած ամենատարբեր ակցիաներին մասնակցելուց:

2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ նկարիչը ղեկավարել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Արաբկիր համայնքի ենթաշտաբերից մեկը, եղել է նաեւ վստահված անձ: Նա մասնակցել է ընդդիմության հանրահավաքներին, իսկ փետրվարի 20-ից հետո` երբեմն գիշերել Ազատության հրապարակում:

Մարտի 1-ին Տ. Բաղդասարյանն Օպերայի հրապարակում էր, երբ իշխանությունները, դեռ լույսը չբացված, ուժի կիրառմամբ նստացույցի մասնակիցներին ցրեցին:

«Ժամը 4-ի սահմաններում մայրս հեռախոսով խոսեց նրա հետ: Ամեն ինչ նորմալ էր: Արդեն 8-ին` հաջորդ հեռախոսազրույցի ժամանակ, նրա ձայնը տարօրինակ էր: Բայց ասաց, որ գալիս է տուն»,- հիշում է Դավիթը:

Արվեստագետն այդպես էլ տուն չի վերադարձել: Ընտանիքի անհանգստացած անդամները մի քանի ժամ անց նրա անունը կայքէջերից մեկում տեսել են անհայտ կորածների ցուցակում: Միայն գիշերը` 23:30-ին, ոստիկանության Շահումյանի բաժնից զանգահարել են նկարչի բնակարան եւ տեղեկացրել, որ վերջինս իրենց մոտ է:

Բաղդասարյանի ցուցմունքի համաձայն` իրեն ձերբակալել են Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում, գցել են ոստիկանական մեքենան ու սկսել ռետինե մահակով հարվածել գլխին: Ըստ դատաբժշկական փորձաքննության` նրա մոտ առկա վնասվածքները եղել են առողջությունը չքայքայող:

Նկարչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի` հետընտրական շրջանում լայն կիրառություն ստացած երկու հոդվածներով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում» (հոդված 316) եւ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառման կազմակերպում եւ անցկացում» (հոդված 225.1):

«Ուղղակի անհեթեթություն է: Հայրս հանրահավաքներին մասնակցել է որպես ՀՀ շարքային, ազատ քաղաքացի եւ նույնիսկ հարթակում չի կանգնել,- ասում է Դավիթը:- Աբսուրդ է նաեւ այն, թե իբր նա ոստիկաններին դիմադրություն է ցույց տվել: Նրան ճանաչողները բոլորը կհաստատեն դրա անհնարինությունը: Բացի այդ, ձերբակալողները եղել են դիմակավորված հատուկ ջոկատայինները, ու շատ դժվար է պատկերացնել, որ ինչ-որ ձեւով հնարավոր է նրանց դիմակայել»:

«Տիգրան Բաղդասարյանը քաղբանտարկյալ է: Նրա նկատմամբ, ըստ էության, քրեական հետապնդում է իրականացվում զուտ այն պատճառով, որ ինքը Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր»,- համոզված է արվեստագետի փաստաբան Արա Զաքարյանը: Վերջինս նշում է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու որոշումը կայացրել է ոչ միայն առանց հիմքերի, այլեւ դիմել է ակնհայտ կեղծիքների:

«Դատավորը, խախտելով Քրեական դատավարության օրենսգիրքը, պաշտպանական կողմին անհիմն պատճառաբանությամբ հնարավորություն չտվեց ծանոթանալ գործի բոլոր նյութերին: Ես բացարկ հայտնեցի նրան` վկայակոչելով նաեւ եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ»,- պատմում է փաստաբանը:

Դատավոր Ա. Խաչատրյանը բացարկը մերժել է եւ անմիջապես հրապարակել կալանքի մասին միջնորդությունը բավարարելու մասին որոշումը: Պաշտպանական կողմը զրկվել է նաեւ հիշյալ միջնորդության դեմ առարկություններ ներկայացնելու եւ իր դիրքորոշումն արտահայտելու իրավունքից:

«Ավելի ուշ դատական նիստի արձանագրության մեջ տեղ գտան ակնհայտ կեղծիքներ: Ստացվում էր` իրականացվել էր նորմալ դատավարություն: Ես ամբողջ նիստը ձայնագրել էի եւ երբ դիմեցի Վերաքննիչ դատարան, միջնորդեցի, որպեսզի ձայնագրությունը կցվի գործի նյութերին, ինչը երեւան կհաներ առաջին ատյանի թույլ տված կեղծիքները»,- մանրամասնում է պաշտպան Ա. Զաքարյանը:

Սակայն Արթուր Պողոսյանի նախագահությամբ` Վերաքննիչ դատարանը միջնորդությունը չի ընդունել, իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ:

«Դատավարությունները կրեցին խիստ ձեւական բնույթ: Չունեին ոչ մի փաստ, ըստ որի` Բաղդասարյանն ինչ-որ ձեւով առնչություն ունի իրեն վերագրվող արարքների հետ: Հրապարակվել է նախաքննական մարմնի որոշումը` կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ու վերջ: Որեւէ ապացույց չի հետազոտվել»,- նշում է փաստաբանը:

«Մարդ չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Շատ դժվար է վաղվա օրվա մասին խոսել: Միայն մի բան հստակ գիտեմ, որ ամեն ինչ անելու ենք փաստաբանի միջոցով արդարությունը վերականգնելու համար»,- ասում է արվեստագետի որդին` Դավիթ Բաղդասարյանը:

Ապրիլի 2-ին Տ. Բաղդասարյանի հետ միասին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում հացադուլ են հայտարարել մոտ երեք տասնյակ կալանավորներ: Նրանք նույնպես Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են եւ պնդում են, որ քրեական հետապնդման են ենթարկվում սոսկ քաղաքական հայացքների պատճառով: Ուստի, վերջիններս պահանջում են հանել մեղադրանքները եւ իրենց ազատ արձակել: Հացադուլավորներից 14-ը ակցիային մասնակցել են մեկ օրով: Սակայն նրանցից շատերը նախօրոք հայտարարել էին, որ իրենց պահանջների չկատարման դեպքում ապրիլի 9-ից կհայտարարեն անժամկետ հացադուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter