HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մարմարաշենի խոզաբուծարանից տարածվող գարշահոտությունը անհանգստացնում է գյուղի բնակիչներին

Արդեն երեք տարի է Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում շահագործվող խոզաբուծարանը հանգիստ չի տալիս գյուղի բնակիչներին: Նրանք դժգոհում են խոզաբուծարանից տարածվող գարշահոտությունից: Մարմարաշենցի Անի Հարությունյանը պատմում է, որ հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին հոտն անտանելի է դառնում.

«Ամենածանրը առավոտյան 7-ին և երեկոյան 7-ին, 8-ին է լինում: Հավանաբար այն ժամերին, երբ իրենք կեղտը սկսում են մաքրել և դուրս հանել: Էդ կեղտի հոտը մինչև մեր տների մոտ հասնում է»,- ասում է Անին:

Մարմարաշենցիները պատմում են նաև, որ խոզաբուծարանի կեղտերը տանում և լցնում են գյուղի ոռոգման ջրի առվի մեջ, որով էլ հետագայում ոռոգվում են իրենց հողամասերը:

Մարմարաշենը, համաձայն Արարատի մարզպետարանի կայքի տվյալների, ունի 4020 բնակիչ: Համայնքը գտնվում է Մասիսից 6 կմ հարավ-արևելք: Բնակիչները մշակում են ջերմասեր բանջարաբոստանային բույսեր:

Մարմարաշենի խոզաբուծարանը շահագործում է «Հելսի Լայֆ» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը, ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված տվյալների, Կատրին Մինասյանն է: 10 հազար դրամ կանոնադրական կապիտալով ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 14-ին «Կատրին Փրոդաքշն» անվանմամբ, սակայն 2013 թվականին փետրվարի 2-ից դարձել է «Հելսի Լայֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

Screenshot_3.png (56 KB)

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքի տվյալներով՝ 2018 թվականի սեպտեմբերից «Հելսի Լայֆ»-ը սկսել է կատարել պարտադիր վճարներ: 2018-ի սեպտեմբերից մինչև 2019-ի փետրվարը՝ ներառյալ, ընկերությունը կատարել է 1000 դրամ պարտադիր վճար, այսինքն՝ մեկ աշխատողի համար: Այս տարվա մարտին պարտադիր վճարը կազմել է 5000 դրամ, իսկ ապրիլին 6000 դրամ, այսինքն՝ արդեն վեց աշխատակցի համար: Ընկերության սեփականատեր Կատրին Մինասյանի հետ կապվելու մեր ջանքերը ապարդյուն անցան:

Սակայն Մարմարաշենի բնակիչներն ասում են, որ խոզաբուծարանը պատկանում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Չերիի Վահան» մականունով հայտնի Վահան Կարապետյանին:

Գյուղի բնակիչ Անի Հարությունյանը ասում է նաև, որ խոզաբուծարանից տարածվող գարշահոտության պատճառով շատացել են մոծակները, որոնք կարող են տարբեր վարակների տարածման պատճառ դառնալ:

«Մեր պահանջն այն է, որ եթե իրենք անասնաբուծությամբ են զբաղվում, թող հետևեն իրենց հիգիենային»,- ասում է Անին:

Երբ գնալով մոտենում էինք խոզաբուծարանին, հոտն իսկապես անտանելի էր դառնում: Հարևանությամբ ապրող գյուղացիները մեզ առաջարկեցին մտնել անմիջապես խոզաբուծարանի մոտ գտնվող մատուռ, ինչը և մենք արեցինք: Մատուռի ներսում պարզապես հնարավոր չէր շնչել:

Արաքսյա Աբրահամյանը երեք տարի առաջ վաճառել է Երևանի իր բնակարանը և ընտանիքի հետ տեղափոխվել Մարմարաշենում բնակվելու:

«Բնակարանս փոքր էր, վաճառեցի եկա այստեղ: Հիմա ստիպված կարող ա սա էլ ծախեմ, որովհետև հնարավոր չի էստեղ երեխա պահել: Մի քանի անգամ տարբեր տեղեր ենք դիմել: Զանգել ենք, եկել են, տուգանել են, բայց տերը, ոնց որ թե, լավ թիկունք ունի, ու ինքն էլ ասում ա՝ պետք ա, դուք գնացեք»,- նշում է Արաքսյա Աբրահամյանը:

Խոզաբուծարանի աշխատակիցների թույլտվությամբ մտանք նաև խոզաբուծարանի տարածք: Այնտեղ աշխատում է վանաձորցի մի ընտանիք Աշոտ և Նիկոլայ Ենգոյան եղբայրների գլխավորությամբ, որոնք չցանկացան, որ իրենց նկարահանենք, սակայն մեզ հետ զրույցում նշեցին, որ եթե հոտը իրոք անտանելի լիներ, ապա ամբողջ գյուղը կբողոքեր, ոչ թե մի քանի ընտանիքներ.

«Մի փողոցի վրա, որտեղ 30 ընտանիք ա ապրում, 10-ը բողոքում են, 20-ը չի բողոքում: Էդ ոնց ա էդպես ստացվում»,- ասում է Նիկոլայը:

Եղբայրները կտրականապես հերքեցին մեր այն դիտարկումը, թե ըստ գյուղացիների՝ կեղտերը լցնում են ոռոգման ջրի առվի մեջ։

«Եթե ավտոն բարձում ենք, տանում ենք կեղտերը թափում ենք, հաստատ չենք տանելու թափենք ոռոգման ջրի մեջ: 10 մետր էս կողմ, էն կողմ մեր համար խնդիր չի: Էսպիսի հարց տամ ձեզ՝ կարա՞ք անասունը էնպես պահեք, որ հոտ չգա: Գյուղ ա, ամեն տեղ էլ անասուն պահում են: Ոչ մի տեղից հոտ չի գալիս, մենակ մե՞ր մոտից ա գալիս»,- ասում են եղբայրները:

Աշոտ Ենգոյանի խոսքով՝ խոզաբուծարանում կա 400 գլուխ խոզ: Աշոտն ասում է, որ իրենք միայն բուծում են և կենդանի վաճառում, ու խոզաբուծարանի տարածքում կենդանիների մորթ չեն անում, չնայած որ գյուղացիները պնդում են, որ ներսում մորթ կատարվում է և հոտի տարածման պատճառներից մեկն էլ հենց կենդանիների մնացորդներն են:

Մարմարաշենի մանկապարտեզը գտնվում է խոզաբուծարանից մոտ 400 մետր հեռավորության վրա: Մանկավարժ, դաստիարակ Լաուրա Գալստյանն ասում է, որ գարնանից սկսած մանկապարտեզի տարածքում արդեն իսկ զգացվում է հոտը.

«Երբ որ պատուհանները բացում ենք սենյակները օդափոխելու, շտապում ենք փակել, որովհետև քամին էնպիսի տհաճ հոտ է լցնում ներս, որ երեխաները սկսում են նեղսրտել: Էլ ավելի վատ է, որ երբ երեխաները քնած են լինում, պատուհանները հնարավոր չի լինում բացել: Երեխաները զարթնում են քրտնած, մազերը, վիզը, անկողինը ամբողջությամբ ջուր է դառնում: Ստիպված ենք լինում ներքնակները դուրս տանել, չորացնել, նորից հետ բերել: Քնելու համար ոչ նորմալ վիճակ է ստեղծվում»,- ասում է Լաուրա Գալստյանը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է մտածել երեխաների և ծերերի մասի:

«Հիմա այն ժամանակն է, որ ուզում ենք դուրս գանք, բակում նստենք: Ինչքան կարելի է՝ վազենք ներս, դռները փակենք, նստենք: Կամ լվացքը հավաքենք, որ հոտ չկպնի: Լվացքը հավաքում ենք, նորից ենք լվանում, որովհետև ինչ հոտ ասես կպնում է»,- դժգոհում է մանկավարժ, դաստիարակ Լաուրա Գալստյանը:

Մարմարաշենցիներն այսօր ի նշան բողոքի փակել էին դեպի Մխչյան համայնք տանող ճանապարհը: Նրանք պահանջում էին, որ ընկերության սեփականատերը գա և բանակցի իրենց հետ: Մարմարաշենի համայնքապետ Էդվարդ Հակոբյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ ճանապարհը փակելուց մեկ ժամ անց ժամանել է «Հելսի Լայֆ» ՍՊԸ սեփականատեր Կատրին Մինասյանը, որը պնդել է, թե իրենց գործունեությունը օրենքի սահմաններում է: Ըստ համայնքապետի՝ սեփականատիրոջ հետ բանակցությունները անորոշ ավարտ ունեցան: Կատրին Մինասյանն ասել է նաև, որ խոզաբուծարանը պատկանում է իրեն, իսկ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանից իրենք միայն խոզեր են գնում, այսինքն՝ ունեն գործընկերային հարաբերություններ:

Էդվարդ Հակոբյանն ասաց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, պայմանավորվել են հանդիպել երկուշաբթի օրը: Մարզպետն, ըստ Էդվարդ Հակոբյանի, խոստացել է խոզաբուծարանին առնչվող հարցերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել: Մոտ մեկ ժամ ճանապարհը փակ պահելուց հետո մարմարաշենցիները բացել են այն:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գայանե Ենոքյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter